Պատմաբան Մենուա Սողոմոնյանը տարակուսած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներից, թե Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո բուհերի ներկայիս շենքերը կարող են ամենատարբեր նպատակներով վարձակալության տրվել:
«Չեմ կարողանում պատկերացնել, որ ԵՊՀ սեւ շենքը պետք է դառնա հյուրանոց, ինձ համար դա դժվար է պատկերացնել: Այս կյանքում ամեն ինչ չէ, որ ֆինանսով է չափվում: Ամեն ինչի հիմնավորումը շատ փողով չէ: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ պետությունը պետք է ռազմավարական ներդրում անի, բայց արդյոք սա միակ միջոցն էր մնացել, որ ուսանողների կրթությունը բարելավելու համար համալսարանների շենքերը հյուրանո՞ց դարձնեին: Արդյոք եթե չդառնան, Հայաստանում որակյալ բարձրագույն կրթությունը բացառվո՞ւմ է, հա՞: Այդ դեպքում բա աշխարհի մնացած քաղաքներում, երկրներում, բոլոր տեղերո՞ւմ է այսպես լուծվել հարցը: Հավաքել են, ամեն ինչ տարել են լցրել մի տե՞ղ, բուհերի շենքերն էլ տվել են վարձակալությա՞ն: Վստահաբար ասում եմ՝ ոչ, աշխարհի տարբեր՝ թե զարգացող, թե զարգացած երկրների տասնյակ բուհերում եմ եղել:
Ես դեմ չեմ, եթե օրինակ մեկ- երկու մասնագիտություն, օրինակ ՝ ռազմական սպայական կլաստեր ստեղծվի, որ առանձնացվի մի տեղ եւ տարածքը լինի հետազոտություն իրականացնելու համար հարմար, բայց ամբողջը տանել, կենտրոնացնել մի տեղ ու դրանով խնդիրներ ստեղծել տասնյակ հազարավոր ուսանողների, դասախոսների համա՞ր…:
Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ բուհերում դասավանդող դասախոսների մի մասը արտահաստիքային են դասավանդում, Երեւանում են աշխատում ու գալիս են բուհ ուսանողին գործնական կրթություն տալիս: Այդ մարդկանց համար նույնպես խնդիրներ են ստեղծվում, պետք է երկար ճանապարհ կտրեն, պարզապես էլ չեն անի»,- ասաց Սողոմոնյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ակադեմիական քաղաքի նախագիծը ներկայացնելիս ասել էր. «Մեր տրամաբանությունն այն է, որ այդ շենքերը, օրինակ՝ կարող են ամենատարբեր նպատակների համար տրվեն վարձով: Հիմա շատ են ասում, իսկ կարո՞ղ է որեւէ տեղ հյուրանոց դառնա, ես ասում եմ՝ իսկ հյուրանոցն ի՞նչ վատ բան է: Եթե հյուրանոց դառնա, որի արդյունքում ավելի շատ ուսանողներ ավելի բարձր մակարդակի կրթություն պետք է ստանան: Իսկ ինչո՞վ է դա վատ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ