«Մենք ԱԺ քառօրյայի ընթացքում բազմաթիվ խնդիրներ ենք բարձրաձայնել՝ սկսած մարդու իրավունքների խախտման դեպքերից, ոստիկանության ապօրինություններից, և գիտեք, որ ԱԺ էր բերվել սահմանազատման և սահմանագծման կանոնակարգը, որն ապօրինի էր, և մենք արդեն հանձնաժողովի նիստին կետ առ կետ ասել ենք այն բոլոր վտանգերը, որը պարունակում է։ Շատ է խոսվել, թե ինչ չարիք է դա մեր գլխին»,-անդրադառնալով ընդդիմության՝ «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի ու ՀՀ-ի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից բոյկոտելուն ուղղված քննադատությանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ պատգամավորի՝ իշխանությունների կողմից կա հովանավորչություն․ «Լսումների ժամանակ ցցուն օրինակներ էին, թե ինչ զանգեր են կատարվում ուժային կառույցների տարբեր ղեկավարների, ինչ ցուցումներ են տրվում՝ սկսած դատարաններից մինչև Քննչական կոմիտե։ Սա խոսում է այն մասին, որ այս երկրում բեսպրեդելը, կոռուպցիան, կաշառակերությունը ծաղկում է։ Այս իշխանություններն ուղնուծուծով թաղվել են կոռուպցիայի մեջ։ Այդ կոռուպցիայի կենտրոնում իշխանություններն են իշխանամետ շրջանակները։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չունեն որևէ հարցի պատասխան՝ ոչ կոռուպցիոն մեխանիզմների, ոչ էլ ՀՀ անվտանգության հետ կապված»։
Գառնիկ Դանիելյանը վստահեցրեց՝ Տավուշում սահմանազատում կոչվածն ապօրինի է․ «Այն, ինչ կատարվել է Տավուշում, պետական դավաճանություն ու հանցագործություն է, քանի որ այդ ժամանակ անգամ այս ապօրինի կանոնակարգն անգամ հաստատված էլ չէր, և միակողմանի զիջումներ կատարվեցին՝ մարդկանց զրկելով իրենց սեփականության իրավունքից։ Մենք մինչև վերջ գնալու ենք այդ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում»։
Պատասխանելով իշխանության կողմից հնչող այն հայտարարություններին, թե «Սրբազան պայքարը» մարել է, Գառնիկ Դանիելյանը ներկայացրեց, թե շարժման անդամների նկատմամբ ինչ ճնշումներ են իրականացվում․ «Չկա մի օր, որ մեր ակտիվ համակիրները, «Սրբազան պայքարի» ակտիվ աջակիցները, այն մարդիկ, որոնք կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքներ են կատարում, նրանց նկատմամբ ճնշումներ չիրականացվեն։ Այս մարդիկ ստեղծել են մի հանցավոր խումբ, որն առանց որևէ բացատրության կանգնեցնում է մեքենաները, մարդկանց՝ ահաբեկիչի գործելաոճով տանում ոստիկանական բաժանմունքներ, կամ կտտանքների, կամ հալածանքների ենթարկում։ Եթե ամեն ինչ նորմալ է, այս ճնշումներն ինչի՞ համար են։ Մարզերից ահազանգեր ենք ստանում, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը մարդկանց հատ առ հատ կանչում են ոստիկանական բաժանմունքներ։ Մեր խնդիրն այն է, որ կարողանանք պաշտպանել այդ մարդկանց իրավունքները, իրավական այս «բեսպրեդելը» կանգնեցվի։ Ուզում եմ հավելել գործարարների նկատմամբ ճնշումները։ «Սրբազան պայքարի» աջակից գործարարներին հիմա էլ ՊԵԿ-ով են տեռորի ենթարկում՝ փորձելով փակել մարդկանց բիզնեսները»։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը նկատեց՝ իրենց քննադատում են մարդիկ, որոնք մատը մատին չեն տվել Արցախի կորստի ժամանակ․ «Այն ժամանակ, երբ տասնյակ մեր քաղաքացիներ, քաղաքական գործիչներ դուրս եկան պայքարի, այդ մարդիկ ո՞ւր էին․ Նիկոլի հետ զբաղված էին Արցախը հանձնելու գործով։ Իսկ Կիրանցում մենք, երբ սկսեցինք այս պայքարը, ո՞վ եկավ ու աջակցեց»։
Անդրադառնալով հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված բռնություններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից կա հստակ հովանավորչություն, ցուցում, որ նամանավանդ ցույցերի ակտիվ փուլի ժամանակ և անհնազանդության ակցիաների ժամանակ բռնություն գործադրեն ցուցարարների նկատմամբ․ օրինակ՝ «Զարյա-3»-ի՝ արգելված միջոցների կիրառումը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ