Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու լավ եւ մեկ վատ լուր ԶԼՄ-ների համար՝ ըստ Աշոտ Մելիքյանի

Հոկտեմբեր 24,2024 14:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս ասուլիսին ես եկել եմ երկու լավ եւ մեկ վատ լուրով: Առաջին լավ լուրն այն է, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել: Դա այն հազվագյուտ ժամանակաշրջաններից է, երբ հուրախություն մեզ՝ այդ ցուցանիշը զրո է: Երկրորդ լավ լուրն այն է, որ տարատեսակ այլ ճնշումների քանակը նույնպես նվազել է մոտ 2,5 անգամ»,-Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2024 թ. 3-րդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ինչ վերաբերվում է վատ լուրին, այս մասին էլ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հետեւյալը նշեց. «Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներն ավելի քան 2 անգամ ավելացել են: Լրագրողների կողմից բազմաթիվ օրինակներ են բերվել, երբ իրենք դիմել են պետական մարմիններ, եւ կա՛մ ժամանակին չեն ստացել տեղեկությունը, կա՛մ լղոզված պատասխաններ են եղել: Սա խնդիր է մնում»:

Պարոն Մելիքյանը նաեւ կոնկրետ թվեր նշեց. «Երրորդ եռամսյակի ընթացքում տարատեսակ այլ ճնշումներ քանակը 11-ն է, եթե համեմատենք երկրորդ եռամսյակի հետ, այդ թիվը 26 էր: Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը 41 է, ինչը երկու անգամ ավել աճ է նշանակում նախորդ եռամսյակի համեմատությամբ: Ֆիզիկական բռնությունների եւ տարատեսակ այլ ճնշումների նվազումը կամ բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ հասարակական-քաղաքական իրավիճակը Հայաստանում այդ ժամանակահատվածում հանդարտ էր, չկային ընդհարումներով, այդ թվում՝ ոստիկանական ուժերի հետ ուղեկցվող, տարատեսակ ցույցեր: Մեր բազմամյա դիտարկումները ցույց են տալիս, որ երբ լրագրողը թեժ պայմաններում է աշխատում, տարատեսակ կոնֆլիկտների մեջ հայտնվելու վտանգը մեծանում է»:

Նա նշեց, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ճնշումների բնույթը չի փոխվել, դրանք կարող են լինել, օրինակ` սպառնալիքներ, վիրավորանքներ, ճնշումներ այն առումով, որ թույլ չտան ստանալ լրագրողին հետաքրքրող տեղեկությունները, խոչընդոտեն լրագրողական գործունեությունը եւ այլն:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ արձանագրված դեպքեր կան, երբ պաշտոնյան ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցչի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում, եւ ընդդիմադիր պատգամավորները իշխանամետ լրատվամիջոցի լրագրողի նկատմամբ վիրավորական վերաբերմունք են դրսեւորում. «Դա արտացոլում է ոչ միայն քաղաքական, այլեւ լրատվական դաշտի բեւեռացվածությունը եւ անհանդուրժողականությունը՝ այլակարծության նկատմամբ, ինչը մտահոգիչ խնդիր է»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031