ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է Հայաստանում ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ: Արդյունքում՝ աշխատանքային պայմանագրերը կլինեն նույնատեսակ եւ գրագետ կազմված, հասանելի կլինեն թե՛ աշխատողին, թե՛ գործատուին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով նոր համակարգի ներդնումը հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը, նվազեցնելու փաստաթղթաշրջանառությունը: Նախատեսվում է, որ համակարգը կնախագծվի եւ կծրագրավորվի Պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Կարդացեք նաև
Գործադիրը նախատեսում է համակարգը ներդնել երկու փուլով՝ կամավոր եւ պարտադիր: Կամավորը կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից եւ կտեւի մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը. դրանից հետո այն բոլորի համար կլինի պարտադիր: «Այս համակարգին հասանելիություն կունենան ՊԵԿ-ը, Տեսչական մարմինը եւ Միգրացիոն ծառայությունը», – ընդգծել է զեկուցողը:
Նշվել է, որ նախաձեռնության վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ բազմաթիվ հանրային քննարկումներ են կազմակերպվել, այս թվում՝ գլխադասային հանձնաժողովում:
Ռուբեն Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով աշխատանքային գրքույկների թվայնացմանը, թվային տիրույթում անվտանգության պահպանմանը, միջազգային փորձի ուսումնասիրմանը եւ այլն:
Հարակից զեկուցող, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նախաձեռնությամբ փորձ է արվում ավելի դյուրացնել աշխատանքային պայմանագրեր կնքելու գործընթացը, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռվում գործատուին եւ աշխատողին՝ էլեկտրոնային հարթակում ստորագրելու միմյանց միջեւ համաձայնեցված պայմանագիրը: Պատգամավորի տեղեկացմամբ օրինագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:
Նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ:
ԱԺ