Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, հենց վաղն էլ պատրաստ ենք սահմանի բացմանը, սպասում ենք թուրքական կողմի արձագանքին․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության, հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար պետք է բացված լիներ։ Թե ինչո՞ւ է հապաղում թուրքական կողմը՝ Ռուբեն Ռուբինյանը չգիտի։
Այս համատեքստում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որ թուրքական կողմը հստակ հայտարարում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրենք պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, Ռուբեն Ռուբինյանը վերահաստատեց իշխանության մոտեցումը՝ ասելով, որ իրենք ամեն ինչ անում են, որ խաղաղության պայմանագիրն օր առաջ կնքվի, ամեն ինչ անում են, որ ապաշրջափակումը օր առաջ տեղի ունենա:
Նա հիշեցրեց իր եւ թուրքական կողմի ներկայացուցչի վերջին հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվել են՝ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների եւ հայտարարեց, որ հայկական կողմը ելնում է դրանից։ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները համարում է առանձին, բայց չի բացառում, որ օրինակ, ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի ՀՀ-Ադրբեջան գործընթացում առաջխաղացմանը։
Ի դեպ, Ռուբեն Ռուբինյանը՝ հակադարձելով ընդդիմադիրների այն տեսակետին, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Թուրքիան կկլանի Հայաստանին, հարցնում է՝ ինչո՞ւ մինչեւ այժմ Թուրքիան սահմանը չի բացել։
Կարդացեք նաև
Վերջերս Ստամբուլում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին էլ, Թուրքիայի հետ հարաբերությունների մասով Հայաստանի հատուկ բանագնացն ասում է. «Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր եւ մենք այդ ուղղությամբ անում ենք ամեն ինչ»: Նրա կարծիքով, հայ-թուրքական բանակցությունների արդյունքում կողմերն ավելի ընկալունակ են դարձել՝ միմյանց դիրքորոշումների մասով եւ գործընթացը կշարունակեն։
Հարցին՝ բանակցությունների ինչ-որ մի փուլում հնարավո՞ր է միջնորդի անհրաժեշտություն ծագի, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս փուլում բանակցությունները երկկողմ են ընթանում: Հենց սկզբից էլ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները ձեւաչափը եղել է երկկողմ: Բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել: Ես չեմ կարող բացառել, որ կարող է ինչ-որ ժամանակ փոխվել ձեւաչափը, բայց մինչ այս պահը այդպես է եղել: Հարցը պրագմատիզմի եւ պրակտիկության մեջ է»:
Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման համար ամեն ինչ պատրաստ է եւ եթե Ադրբեջանում քաղաքական կամք լինի, շատ արագ այն կկնքվի։ Ու եթե մինչ այժմ պայմանագիրը չի կնքվել, Ռուբինյանը ենթադրում է, որ Ադրբեջանում քաղաքական կամքը չկա։
«Բայց ինչո՞ւ պետք է չշտապենք կամ չուզենանք, որ լավ բանը շուտ լինի»,- սա էլ Ռուբինյանի արձագանքն է դիտարկմանը, որ հայկական կողմը շտապում է Ադրբեջանի հետ սահմանագծման-սահմանազատման գործընթացի հարցում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ