«Շատ լավ աշխատում են ամբուլատորիաները։ Նպատակն ի՞նչ է։ Դուք ուզում եք այդ կայացած հիմնարկն է՞լ քանդել, բերել, լցնել իրար գլխի, ոնց որ շատ խոշորացված համայնքներ էլի խոշորացրեցիք, որի արդյունավետությունն այս պահին զրո է։ Մարդիկ նորմալ աշխատում են, սպասարկում են, կանխարգելիչ միջոցառում են իրականացնում, հիմա բանուգործ չունե՞ք, սկսում եք եղածն էլ քանդել։ Դուք մոնիտորինգ արե՞լ եք»,- խորհրդարանում այսօր վրդովվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ բուժհիմնարկների օպտիմալացման հարցի քննարկման ժամանակ։
Հարցի հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հավաստիացրեց՝ ամբուլատորիա կամ բուժակ-մանկաբարձական որեւէ կետ առաջնային բուժօգնության օղակում, չի փակվում։ Ավելին, նա հավաստիացրեց, որ դիտարկում են հեռավոր գյուղերում, որտեղ մինչ այժմ ամբուլատորիաներում չեն եղել բուժմանկաբարձական կետ, ավելացնել դրանք՝ սահմանելով բուժքրոջ հերթապահություն․ «Իսկ օպտիմալացումը կազմակերպաիրավական խոշորացում է։ Այսինքն, գյուղական մի քանի ամբուլատորիա դառնում է մեկ իրավաբանական անձ, տարանջատվում է տնօրենի պարտականությունը, որն այսօր իրականացնում է տվյալ ամբուլատորիայի ընտանեկան բժիշկը, ով զուգահեռ տնօրեն է։ Տնօրենի համար սահմանում են հատուկ պայման, թե ի՞նչով պետք է զբաղվի․ այսինքն՝ միայն վարչական աշխատանք։ Իսկ ընտանեկան բժշկին ազատում ենք այդ պարտականություններից և թողնում ենք, որ զբաղվի զուտ ընտանեկան բժշկությամբ»։
Հարցի վերաբերյալ իր դիտարկումները հայտնեց նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ասելով՝ պայմանն այն է, որ ամբուլատորիաները չդառնան հիվանդանոցին ենթակա․ «Եթե հիվանդանոցի ենթակա են դառնում, հիվանդանոցը շահագրգռված է ոչ թե կանխարգելիչ բուժօգնությամբ, այլ բուժական օգնությամբ և հիվանդներին քաշում՝ տանում է ստացիոնար բուժօգնության»։
Հարցը նա դիտարկում է իրավակարգավորման դաշտում։
Կարդացեք նաև
«2019-ից այդ ծրագիրը սկսել ենք Վայոց ձորից։ Դա շարունակվելու է մնացած մարզերում, ինչը բերելու է ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ ծախսվելու է հիվանդների վրա, ոչ թե իրականում փոշիացվելու է»,-վստահեցնում է մի շարք աղմկահարույց գործերի հետ կապ ունեցող ՔՊ-ական նախկին նախարարը։
Նա նաեւ տեսակետ հայտնեց, որ շատ հիվանդանոցները դեռ չի նշանակում լավ առողջապահություն․ «Լավ առողջապահությունը իրականում առողջապահությունն է, ոչ թե հիվանդապահությունը։ Պետք է մեր բնակչությանը պահենք առողջ։ Երբ առողջապահության առաջնային օղակում չեն հաջողում, հիվանդանոցներում մարդիկ շատանում են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ