JAMnews. Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել հոկտեմբերի 21-ին՝ իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ի՞նչ է ասել Իվանիշվիլին
«Վրաստանին ու Ուկրաինային դիտավորյալ չընդունեցին ՆԱՏՕ՝ ՌԴ հետ հակամարտության համար օգտագործելու նպատակով»
«Եվրոպայում և Ամերիկայում հայտարարում են, որ թույլ չեն տա, որ ՆԱՏՕ-ն մասնակցի Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Այս դերի համար նրանք նախապատրաստում էին Վրաստանն ու Ուկրաինան, դա պլանավորված էր նաև 2008 թվականին, հենց դրա համար էլ այս երկու երկրներին չընդունեցին ՆԱՏՕ։
Կարդացեք նաև
Հիմա արևմտյան քաղաքական գործիչները հայտարարում են, որ Ուկրաինային կտան զենք, փող, բոլոր միջոցները, բայց կենդանի ուժը պետք է լինի միայն Ուկրաինայից»։
«Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի գլխավոր կետերից մեկը դարձել է այն պնդումը, որ հենց իշխող ուժն է պահպանում խաղաղությունը երկրում և, իբր, հակադրվում է Արևմուտքին, որը Վրաստանը ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն այս հայտարարությունները սուտ և ռուսական նմուշի ապատեղեկատվություն են որակել, նրանք պաշտոնապես դադարեցրել են Վրաստանի իշխանությունների և իշխող կուսակցության հետ շփումները։
«Վրաստանն այնպիսի աճ է գրանցել բոլոր ուղղություններով, որ նրան կաղաչեն մտնել ԵՄ»
«Վրաստանը Եվրամիություն մուտք կգործի գլուխը բարձր։ Աշխարհում ոչ ոք չի կարող համեմատվել Վրաստանի հետ, այդպիսի տնտեսական բում է այստեղ։ Պարզապես հրաշքներ են տեղի ունենում, մենք առաջին տեղում ենք աշխարհում։ Բոլոր քաղաքները փոխվել են։ Բոլոր ուղղություններով գրանցվել է երեք անգամ և ավելի աճ։
Ընդ որում, մենք վճռականորեն աջակցում ենք եվրոպական արժեքներին։ Բայց մենք չենք պատրաստվում պատերազմել, պատժամիջոցներ կիրառել, քանդել երկրի տնտեսությունը։ Կարևորն այն է, որ մենք ավելի ուժեղ դառնանք, և մեզ կաղաչեն, այդպես մենք կմտնենք Եվրոպա։ Ես դա երաշխավորում եմ»։
Վրաստանը ստացել է ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ Սակայն այժմ եվրաինտեգրման գործընթացը կասեցված է։ ԵՄ-ն հայտնել է, որ այս որոշումը պայմանավորված է հակաժողովրդավարական օրենքների, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմամբ և արևմտյան երկրների վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությամբ, որը տարածում են Վրաստանի իշխանությունները։ Եվրամիության և եվրոպական երկրների առաջնորդները նախազգուշացրել են Վրաստանի ղեկավարությանը, որ նրանք երկիրը տանում են դեպի ռուսական կուրս, հեռանում են Եվրոպայից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: