Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային նոր արտոնություններ՝ ՏՏ ոլորտին․ 7 տարիների համար աջակցության մեծ փաթեթ է առաջարկվում

Հոկտեմբեր 24,2024 12:38

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ վերջին ամիսներին քննարկում էին հնարավորությունները, թե ինչպես կառավարությունը կարող է ինստիտուցիոնալ լուծում առաջարկել՝ ընդհանրապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը զարգացնելու՝ միաժամանակ նկատի ունենալով, որ անհրաժեշտ է առաջարկել ավելի երկարաժամկետ պետական աջակցության ծրագիր, որը նաեւ կանխատեսելիություն եւ կայունություն պետք է ապահովեր ոլորտի զարգացման քաղաքականության համատեքստում։

«Մենք առաջարկում ենք պետական աջակցության մի համապարփակ մեծ փաթեթ՝ 7 տարիների համար, մինչեւ 2032 թվականը: Դրանում մի քանի գործիքակազմ ենք դրել»,- ասաց նա։

Հայրապետյանն ասաց, որ 2021-2026 թվականների կառավարության ծրագրում արդեն իսկ ամրագրված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է՝ իբրեւ տնտեսության համար տնտեսական աճ ապահովող, ինչպես նաեւ բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող ուղղություններից մեկը։

«Այստեղ մենք պետական աջակցության նոր գործիքակազմ եւ հարկային արտոնությունների նոր շրջակայք ենք առաջարկում։ Առաջին ուղղությունը, որն առաջարկում ենք տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին, խթանում ենք նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական համայնք։ Մենք մտադիր ենք մինչեւ 30 հոգանոց ստարտափներին առաջարկել եկամտահարկերի 100 տոկոս վերադարձ՝ աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների մասով։ Սա նշանակում է, որ մենք խրախուսում ենք ընկերություններին՝ ստեղծել նոր աշխատատեղեր։ Հիմնականում սա վերաբերում է բուհերի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ այն աշխատակիցներին, որոնք երբեւէ տեխնոլոգիական ոլորտում ներգրավված չեն եղել»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։

Երկրորդ ուղղությունը վերաբերում է աշխատանքային միգրանտներին։ «Մենք հատկապես վերջին տարիներին ականատես ենք լինում, թե ինչպես են տարբեր երկրներ փորձում հարմարեցնել իրենց երկրների ներքին օրենսդրությունները, ճկուն գործիքակազմեր առաջարկելով աշխատանքային միգրանտների համար՝ փորձելով այդ գլոբալ մրցակցության մեջ ագրեսիվ քաղաքականություններ վարել եւ իրենց կողմ ներգրավել մասնագիտական բարձր ներուժ ունեցող աշխատուժը։ Եվ մենք մտադիր ենք տեխնոլոգիական համայնքի այն ընկերություններին, որոնք աշխատանքի կտեղավորեն աշխատանքային միգրանտներին, եկամտահարկի 50 տոկոսի վերադարձ ապահովել՝ սրանով փաստորեն խրախուսելով ընկերություններին՝ միջազգային շուկաներում գործունեություն իրականացնող ՏՏ ոլորտի աշխատակիցներին ներգրավելու դեպի հայաստանյան ընկերություններ՝ սրանով բարձրացնել մեր ներքին շուկայում մասնագիտական կարողությունները, ապահովել նոր մշակույթ, ինչպես նաեւ տեխնոլոգիական տրանսֆեր իրականացնել դեպի ՀՀ»,- ասաց նա։

Երրորդ ուղղությունն, Մխիթար Հայրապետյանի խոսքով, վերաբերում է կրթությանը։  Առաջարկվում է նոր գործիքակազմ՝  խրախուսելու ընկերություններին՝ արդեն իսկ իրենց ընկերություններում ներգրավված մասնագետների համար վերապատրաստման ծրագրեր իրականացնել։ Ստարտափ ընկերությունների դեպքում նախատեսվում է մեկ եռամսյակի համար վերադարձնել 50 տոկոս եկամտահարկ, իսկ 31 եւ ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար՝ 25 տոկոս։

«Հաջորդ ուղղությունը, որը թերեւս ամենակարեւորն է, դա գիտահետազոտական աշխատանքների խթանումն է։ Այստեղ մենք մի շարք առաջարկներ ունենք ընկերություններին, բայց նախ եւ առաջ սահմանում ենք, որ բոլոր այն ընկերությունները, որ կանեն գիտահետազոտական աշխատանքներ, այնտեղ ներգրավված աշխատակիցների եկամտահարկը 20-ից կսահմանվի 10 տոկոս։ Ինչո՞ւ ենք սա սահմանել ռազմավարական ուղղություն,որովհետեւ, մեր ընկալմամբ,  Հայաստանը ծառայություններ մատուցողի երկրից պետք է պրոդուկտներ մատուցող, մատակարարող եւ միջազգային շուկաներին առաջարկող երկիր դառնա»,- նշեց նախարարը։

Այս նախագծով առաջարկվում է նաեւ ՏՏ ոլորտի ընկերությունների համար շրջանառության կարկը 5 տոկոսից հասցնել 2 տոկոսի։ Ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների համար պարտադիր համարվող կուտակային կենսաթոշակի վճարները կդառնան կամավոր։ Շահութահարկի մասով եւս առաջարկություններ կարվեն ընկերություններին։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031