Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ պահի քեզ, դու սկսեցիր դու-ով խոսել»․ վեճ Ալեն Սիմոնյանի եւ Արման Ղազարյանի միջեւ

Հոկտեմբեր 24,2024 12:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նախ՝ խի չես-ով չի, դու-ով հետս չխոսաս, երկրորդը՝ մնա պատգամավորի սահմանված չափերի մեջ։ Որ մնաս՝ չեմ ասի»,- խորհրդարանում քննարկված նախագծերի քվեարկությունների ժամանակ լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի միջեւ։

Վեճը սկսվեց նրանից, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգի վերաբերյալ խոսք վերցրեց եւ հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները Թունիսի հետ վիզաների ազատականացմանը կողմ են քվեարկում, բայց կոնկրետ բարելավվող դրույթ նախատեսող նախագծին կողմ չեն քվեարկում․ «Այս օրենքի նախագծով քաղաքացիների համար հանվում է սննդամթերքի անվտանգության համար վճարվող սպասարկման գումարը»։

Տեղից արձագանքեց Արման Ղազարյանը՝ արժանանալով Ալեն Սիմոնյանի դիտողությանը․ «Ի՞նչ եք անում հիմա դուք, ինչի՞ եք խոսում։ Չէ, Ձեր իրավունքը չի, Ձեր իրավունքը խոսք խնդրելն է եւ երբ որ ես խոսք կտամ՝ էդ ժամանակ խոսելն ա։ Նորմալ պահի քեզ, դու սկսեցիր դու-ով խոսել․․․ նորմալ պահի»։

Գեղամ Մանուկյանն Ալեն Սիմոնյանին հորդորեց՝ ԱԺ նախագահի կարգավիճակին հարիր պահել իրեն, իսկ քվեարկությունների մասով էլ ասաց, որ ԱԺ ցանկացած պատգամավոր իրավունք ունի քվեարկել այնպես, ինչպես ցանկանում է, ու թող Բաբկեն Թունյանը չփորձի մանիպուլացնել՝ ընդդիմությունը ինչպես ճիշտ է համարել, այնպես էլ քվեարկել է։

Ալեն Սիմոնյանը նաեւ Գեղամ Մանուկյանին դիտողություն արեց․ «Ձեր հետեւում նստած պատգամավորին չեք նկատում, ԱԺ նախագահին նկատո՞ւմ եք»։

Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց՝ ասելով․ «Պարոն Սիմոնյան, երբ որ դիտողություն եք անում, պետք է շտկեք այդ սխալը, դուք պետք է դուք-ով խոսեք, ոչ թե դու-ով»։ Նա արժանացավ Ալեն Սիմոնյանի դրվատանքին, որ արձանագրեց իր գործընկերոջ սխալը։

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին Արծվիկ Մինասյանին խոստացավ՝ լսել նրա հորդորը եւ հետագայում չկրկնել, չշարունակել իր գործընկերների թույլ տված սխալները։

Աղվան Վարդանյանն էլ ասաց՝ իր դիտարկմամբ, սխալ արեց նաեւ Բաբկեն Թունյանը, քանի որ նա ու ՔՊ-ական պատգամավորները տասնյակ եւ հարյուրավոր հակապետական օրենքների միաձայն կողմ են քվեարկում․ «Սրա բացատրությունը դուք ունեք, մեր քվեարկությունների բացատրությունը՝ մենք ունեք․ խնդրում եմ մնալ չափի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031