Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ առաջարկելով Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար խստացնել ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։
Մասնավորապես, առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում կամ ներկայացնել ինքնաթիռի տոմս՝ վերադարձով։ Կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։
Կառավարությունը հիմնավորում է, որ վերադարձով ավիատոմսի պահանջն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում նույնիսկ այն օտարերկրացիների համար, ովքեր իրավունք ունեն մուտքի վիզա ստանալ տվյալ երկրի պետական սահմանին։
Հաջորդ պահանջը տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն է՝ հայտագիր, նամակ, միջնորդություն։
Կարդացեք նաև
Առաջարկվում է նաեւ վերոնշյալ երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը։ Միաժամանակ առաջարկվում է նաև որպես էլեկտրոնային վիզա ստանալու նախապայման սահմանել առողջապահական ապահովագրության առկայությունը։ «Այս խնդիրն առավել արդիական է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Ըստ կառավարության՝ այս որոշման ընդունումը պայմանավորված է դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ՝ Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերի խստացման միջոցով։
«Վերջին երկու տարիներին կտրուկ աճել է էլեկտրոնային մուտքի վիզա (E-VISA) ստանալու ճանապարհով ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո շարունակում մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը: Որոշակի աճ է արձանագրվել նաև Եգիպտոսի քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց են նաև Իրաքի քաղաքացիների մուտքերի ծավալները, չնայած նրան, որ այս դեպքում մուտքի ծավալները չեն աճել, սակայն աճել է այս երկրի քաղաքացիների կողմից ներկայացվող ապաստանի հայցերի թիվը»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
2022 թվականին Եգիպտոսի քաղաքացիներին տրվել է 3260 մուտքի արտոնագիր, իսկ 2023 թվականին` 6246, Իրաքի քաղաքացիներին 2022 թվականին տրվել է 10 884, իսկ 2023-ին՝ 10 564։
Էական աճ է գրանցվել Հնդկաստանի քաղաքացիների մասով՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ մուտքի վիզա ստանալու համար Հնդկաստանի քաղաքացիներից ստացվել է 86 942 դիմում: 2022-ին դիմումների քանակը կազմել էր 34 199, այսինքն՝ 2023 թվականի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է 155%-ով կամ 2.5 անգամ:
Ստացված դիմումներից 67 628 (78%) բավարարվել է՝ տրվել է մուտքի վիզա, 15 422 (18%) մերժվել է, 3 774 (4,3%) չեղարկվել է:
2023թ. ընթացքում Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով պատասխանատվության են ենթարկվել 8 364 Հնդկաստանի քաղաքացիներ, ինչը կազմում է Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին տրված վիզաների 12%-ը: Վարչական իրավախախտումների ընդհանուր թվում Հնդկաստանի քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 54.4%։ Վիզայի ժամկետի խախտման միջինացված ժամանակահատվածը կազմում է 90 օրից ավելի։
Ըստ կառավարության՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տրված վիզայի ժամկետը խախտած Հնդկաստանի քաղաքացիների 70%-ն իրենց վիզաները ստացել են հայկական տուրիստական գործակալությունների հրավեր-երաշխավորագրերի հիման վրա: Չնայած նրան, որ տուրիստական գործակալությունների կողմից ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչություն ներկայացվող հրավեր-երաշխավորագրերում, որպես կանոն, առկա է հավաստիացում , որ հրավիրյալ անձը չի դիմի կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության համար, նախանշված ժամկետում կմեկնի ՀՀ-ից, իրականության մեջ պատկերը բոլորովին այլ է։ Եվ կառավարությունը գտնում է, որ փաստորեն վիզաների հաստատման համար միայն տուրիստական գործակալությունների հրավերների առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք, քանի որ դրանք 70% դեպքերում փաստորեն չեն երաշխավորում տուրիստական այցելության իրական նպատակը և սահմանված ժամկետում ՀՀ-ից մեկնելը:
«Հաջորդ խնդիրն անօրինական գտնվող օտարերկրացիների կամավոր վերադարձի մեխանիզմների բացակայությունն է։ ՀՀ տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների, այդ թվում՝ Հնդկաստանից, Իրաքից և Եգիպտոսից անօրինական միգրանտների հետվերադարձի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ուսումնասիրվում է օտարերկրացիների կամավոր վերադարձի միջազգային փորձը՝ նպատակ ունենալով հետագայում լավագույն փորձի օրինակով մշակել համապատասխան ծրագրեր՝ ոլորտում գործառույթներ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Մյուս խոչընդոտն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսումն իրականացվում է դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա, ինչը երկարացնում է գործընթացի ժամանակը և անհարկի ծանրաբեռնում դատարաններին։ Խնդիր է նաև վերոհիշյալ երկրների հետ ռեադմիսիոն համաձայնագրի բացակայությունը, ինչը խոչընդոտում է հետվերադարձի ինստիտուտի լիարժեք իրականացմանը։ Հետվերադարձի կազմակերպման համար խոչընդոտող հանգամանք է հանդիսանում նաև հատուկ այդ նպատակով պետական բյուջեից հատկացումների բացակայությունը։
Վերը թվարկված պատճառներով ՀՀ-ում սկսում են կուտակվել անօրինական միգրանտների խմբեր, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, մասնավորապես, մեծանում է անօրինական միգրանտների կողմից հանցագործությունների կատարման, ինչպես նաև նրանց՝ թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկը։ Մյուս կողմից էլ մեծանում է անօրինական միգրանտների՝ ՀՀ տարածքը դեպի եվրոպական երկրներ տեղաշարժվելու համար տարանցիկ գոտու վերածվելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա:
Ներկայումս ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ստացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միգրացիոն հոսքերի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01.01.2024թ-ից մինչև 22.08.2024թ-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայումս ՀՀ-ում անօրինական բնակվում են Հնդկաստանի թվով 11 965, Եգիպտոսի թվով 658 և Իրաքի թվով 255 քաղաքացիներ»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ հնդիկները մասնակցում են Հայաստանի կոմունիստական կուսակցության՝ Ռուսական կայսրության կողմից Երեւանի բերդի գրավման 197-ամյակի կապակցությամբ տոնական քայլերթին: