Ինչո՞ւ է նվազել զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը․ պարզաբանում են մասնագետները՝ շեշտելով տնտեսական ու անվտանգային գործոնների ազդեցությունը
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը, որում արձանագրվում է` 2024թ. առաջին կիսամյակում զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը նվազել է 62 տոկոսով։
ՀԲ-ն սա պայմանավորել է 2024թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումների թվի 6.1 տոկոս անկմամբ և մեկ զբոսաշրջիկի հաշվով միջին ծախսերի 25 տոկոս նվազմամբ՝ 2023թ. բարձր կատարողականից հետո:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am–ի հետ զրույցում վերահաստատեց՝ ոլորտում ցուցանիշների որոշակի նվազում կա, այդուհանդերձ շեշտեց՝ դա անկման միտում չէ, քանի որ ոլորտը շարունակում է զարգանալ։
«Նվազումը պայմանավորված է առաջին հերթին աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակով, մեկ այլ գործոն է այն, որ մեզ համար շատ կարևոր նպատակային երկրների՝ եվրոպական, ամերիկյան, ճապոնական իրավասու մարմինների պաշտոնական կայքէջերում, ցավոք, Հայաստանը դեռևս կարմիր սահմանագծերով է ներկայացված։ Այսինքն, ոչ այնքան անվտանգ երկիր է դիտարկվում»,- նշեց Մեխակ Ապրեսյանը՝ նկատելով, որ պաշտոնական այս կառույցների գնահատականը մղում է այդ երկրների պոտենցիալ զբոսաշրջիկներին, Հայաստանի հետ աշխատող գործընկեր զբոսաշրջային օպերատորներին, ապահովագրական ընկերություններին առավել զգուշավոր լինել։
Կարդացեք նաև
Մեկ այլ գործոն, որն ընդգծեց տուրիզմի մասնագետը, գնաճն է ու արտարժույթի նկատմամբ դրամի խիստ արժևորումը։
«Բայց սրանք բոլորը կարգավորվող հարցեր են․ քաղաքականության վերանայման արդյունքում մենք կարող ենք իրավիճակը բարելավել,- հավելեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը՝ տեղեկացնելով, որ ֆեդերացիան ևս առաջարկություններ է հղել կառավարությանն ու տնտեսական գերատեսչությանը,- Արդեն շրջանառվում է մեր առաջարկություններից մեկը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ուղղված է ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառմանը։ Սա մի շարք կարևոր խնդիրներ է լուծելու ոլորտում, և բացի այդ՝ զգալիորեն կարող է մեղմել գների անհարկի բարձրացումը»։
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։