Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական հաստատությունները տեղում «ամրացնելու» փոխարեն «Ակադեմիական քաղաք» են կառուցում, որը կարող է կիսադատարկ լինել ուսումնական պրոցեսի ընթացքում. Ատոմ Մխիթարյան. «Փաստ»

Հոկտեմբեր 24,2024 11:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ակադեմիական քաղաք ստեղծելու ճանապարհին մարզային բուհերի փակման հեռանկարն անհանգստացնող է: Զուգահեռաբար կան ահազանգեր, որ տարբեր գյուղերում դպրոցներ են փակվելու՝ աշակերտների թվի սակավության և այլ պատճառաբանություններով:

«Գյուղը երկար չի կարող գոյատևել առանց սեփական ուսումնական հաստատությունն ունենալու, որը հանրակրթական դպրոցն է, թեկուզ մինչև իններորդ դասարան: Բուհերի մասին: Աշխարհի որևէ երկրում չկա նորմալ մեծ քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք, որն ուսանող չունենա: Չի կարող լինել նորմալ մարզային կենտրոն, քաղաք կամ մայրաքաղաք, որտեղ գոնե մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն չգործի: Դրանք շատ կարևոր նշանակություն ունեն տվյալ տարածաշրջանի մտավորականության ձևավորման, այն տեղում պահելու, մասնագետներ պատրաստելու, նաև սոցիալական խնդիրներ լուծելու համար: Եթե մարդիկ հնարավորություն չունենան Կապանում բարձրագույն կրթություն ստանալու, բայց ունենան շատ մեծ ցանկություն, պետք է զուգահեռաբար նաև հնարավորություն ունենան իրենց երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու համար ուղարկել Երևան, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաք»:
Սա առաջին խնդիրն է, ենթադրելի է, որ շատերը չեն կարողանալու դա անել: Երկրորդ խնդիրը կառաջանա այն ժամանակ, երբ Երևան տեղափոխվածները կավարտեն բուհերը: Նրանք կցանկանա՞ն վերադառնալ իրենց ծննդավայր: Շատ քչերը: Այս քայլերով կենտրոնացնում են առանց այն էլ գերկենտրոնացված տնտեսությունը: Հայաստանի տնտեսության 80 տոկոսից ավելին Երևանում է: Այս քայլին գնալով՝ էական վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը, ամեն ինչ կկենտրոնացվի Երևանում, և դրանից որևէ մեկը հաստատ չի շահելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Զուգահեռաբար ունենք նաև ուսանողների թվի նվազում: Պատճառները մի քանիսն են: Շատ տղաներ զինվորական ծառայությունից հետո պետք է շարունակեին ուսումը բուհերում, սակայն անմահացան պատերազմներում: Շատ ընտանիքներ ի զորու չեն վճարել տարեցտարի աճող վարձավճարները: Նվազում է հետաքրքրությունը բարձրագույն կրթության հանդեպ: Այս պարագայում իշխանությունները կրթական հաստատությունները տեղում «ամրացնելու» փոխարեն «Ակադեմիական քաղաք» են կառուցում, որը կարող է կիսադատարկ լինել ուսումնական պրոցեսի ընթացքում:

Տարակուսելի է նաև այն, որ այդ «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից: Չեղած բանի մասին խոսելով՝ թույլ չեն տալիս, որ բուհերը ներքին վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն, լաբորատորիաներ բացեն: Հրաման կա՝ որևէ բան չի ֆինանսավորվում, որը կապված է ենթակառուցվածքների հետ:

Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-նշում է մեր զրուցակիցը: Խնդրահարույց է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որն այնքան անգամ է ներկայացվել հանրային քննարկման, ուղարկվել լրամշակման, որ հաշիվը սկսում ես կորցնել: Այժմյան օրինագծի հետ կապված ահազանգ է հնչեցնում Մխիթարյանը՝ այն Գիտությունների ազգային ակադեմիան կազմաքանդելու մասին է: «Այս օրինագիծը ենթադրում է, որ գոյություն չի ունենալու ԳԱԱ-ի մասին օրենքը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031