Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի փնտրտուքներում․ Հայ գրականությունը Եվրոպայում» թեմայով քննարկում 2024թ․ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում

Հոկտեմբեր 24,2024 11:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ ու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում 2024թ․ հոկտեմբերի 18-ին կազմակերպել էր «Տեղի փնտրտուքներում․ Հայ գրականությունը Եվրոպայում» թեմայով քննարկում։

Քննարկման բանախոսներն էին գրողներ Անուշ Քոչարյանը, Արամ Պաչյանը, Սարգիս Հովսեփյանը, գրաքննադատ Տիգրան Ամիրյանը, իսկ քննարկումը վարում էր Բեռլինի գրական կոլոքվիում (Literarische Colloquium Berlin) կազմակերպության փոխտնօրեն Յուրգեն Յակոբ Բեքերը։ Միջոցառումը բացեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը, ինչին հետևեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի տնօրեն Շտեֆան Մալերիուսի ողջույնի խոսքը։

Քննարկվող թեմաներից էին հայ ժամանակակից գրականության տեղը աշխարհաքաղաքական քարտեզի վրա, խորհրդային տարիների թողած ազդեցությունը արդի հայ գրականության վրա, թարգմանությունը որպես ինտեգրման գործիք կիրառելու կարևորությունը և այն թե «ինչպես ենք մենք մեզ տեսնում ու ինչպես են մեզ տեսնում»՝ ընկալում դրսից։ Պատմական, հավաքական հիշողության, ինչպես նաև «հիշողության հիշողության» ազդեցությունը հայ ժամանակակից գրականության մեջ ևս քննարկման գլխավոր թեմաներից էին։

Հարցին, թե ինչի մասին է արդի հայ գրականությունը, գրաքննադատ Տիգրան Ամիրյանը պատասխանեց, որ մի քանի միտումներ են նկատվում այսօր։ Նախևառաջ դա մարդաբանական շրջադարձն է գրականության մեջ, երբ առկա է հետազոտական բաղադրիչը, նաև հիշողության վեպը, որը նոր երևույթ է մեզ համար, գրաֆիկական վեպերը, ինչպես նաև կին գրողների կողմից ստեղծված գրականությունը, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ էր խորհրդային շրջանում։

Արդյո՞ք այսօր հայ հեղինակները հաճախ են թարգմանվում այլ լեզուներով և արդյո՞ք հայերեն թարգմանված գրականության համար տեղ կա հայկական գրաշուկայում հարցին ի պատասխան՝ գրող Արամ Պաչյանը նշեց, որ հայ ժողովրդի կյանքում թարգմանությունը միշտ կարևոր դեր է խաղացել, և առհասարակ հայերը թարգմանող ժողովուրդ են եղել պատմական իրադարձությունների բերմամբ։ Ինչ վերաբերում է հայ գրականությունը այլ լեզուներով թարգմանելու հանգամանքին, Արամը նշեց, որ հատկապես գեղարվեստական գրականության թարգմանիչների պակասը շատ է զգացվում ոլորտում։

Գրող Սարգիս Հովսեփյանը խոսեց հատկապես փոքր ժողովուրդների գրականությունը թարգմանելու կարևորության մասին, ինչը կարող է շատ լուրջ քաղաքական քայլ հանդիսանալ՝ երկրի մշակույթը և ինքը երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու գործում։

Իսկ հանդիսատեսի հարցին, թե արդյոք Հայաստանը իրեն իսկապես համարում է Եվրոպա, թե դա պարզապես ինչ-որ երազանք է լինել Եվրոպա, Սարգիս Հովսեփյանը պատասխանեց, որ հայ ժողովուրդը ձևավորվել է միջերկրածովյան ավազանի քաղաքակրթական միջավայրում ու տարածքում, և այն փաստը, որ որոշ տարիներ եղել է այլ մշակույթների ազդեցության տակ, իրեն ոչ մի կերպ չի դարձրել «ոչ եվրոպական»։ Եվ հայ մշակույթը կառուցված է նույն կոդերի և արժեհամակարգերի վրա, ինչը, որ եվրոպականը։

Յուրգեն Բեքերի հարցին, թե կարգախոսի ինչպիսի գաղափարներ ունեն մասնակիցները Հայաստանը՝ որպես Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվո հյուր երկիր ներկայացնելու դեպքում, բոլորն իրենց պատասխաններում նշեցին տեղի ու տեղորոշման և հիշողության թեմաները։

Քննարկումը հայերեն կարելի է դիտել ԱՐԻ գրականության հիմնադրամի YouTube-յան և սոց ցանցերի էջերում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031