Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմի «կամքից անկախ», բայց` «պարտադիր» որոշումներ. Ազատ անկման արտաքին քաղաքականություն

Հոկտեմբեր 24,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ադրբեջանին մինչեւ այժմ «առիթնե՞ր» են անհրաժեշտ եղել, կամ` ապագայում «առիթնե՞ր» են պետք լինելու, որպեսզի դիմի հարձակման: Ադրբեջանի համար մարտահրավեր է, առհասարակ, Հայաստան պետության գոյությունը

ԱՄՆ նախագահն Ադրբեջանի նախագահին նամակ է հասցեագրել՝ հորդորելով ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:

«Միացյալ Նահանգների նախագահն ուրախ է տեսնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն առաջընթացը Խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Վաշինգտոնը մնում է հաստատակամ՝ աջակցելու երկու երկրների միջեւ տեւական ու արժանապատիվ խաղաղությանը, որը վերջապես վերջակետ կդնի դարավոր հակամարտությանը», – գրել է Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին ուղարկած նամակում, որը հրապարակել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։

«Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլեւ կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով մեծացող առեւտրի, ներդրումների, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ հաղորդակցության համար», – նշել է Բայդենը։

Նամակը հրապարակվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ շաբաթներ առաջ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ անցած հանդիպումից հետո, որտեղ Բլինքենը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:

Նույն կոչով Բաքվին է դիմել նաեւ Սպիտակ տան ղեկավարը։ «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջեւ ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը», – գրել է Ջո Բայդենը, ընդգծելով. – «Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, եւ քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»:

Ճիշտ նույն օրը ԱԺ–ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ երրորդ երկրի ներգրավմամբ` բանակցությունները կարող են ռիսկեր առաջ քաշել, եւ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շանս ունենան բանակցություններն անցկացնելու երկկողմ ձեւաչափով` առանց երրորդ կողմի միջնորդության։

Կարելի է ենթադրել, որ Մհեր Գրիգորյանի ակնարկը ռուսական միջնորդական ջանքերից հեռու մնալուն է ուղղված: Մանավանդ, եթե վերհիշենք, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մշակման հարցում Մոսկվան պատրաստ է աջակցել Երեւանին եւ Բաքվին:

Ահա, ՀՀ փոխվարչապետը մի ցնցող մեկնաբանություն է արել, նշելով, թե երրորդ երկրի ներգրավմամբ հնարավոր է` այնպիսի ռիսկեր առաջ գան, որ հայկական կողմի կամքից անկախ լինեն որոշումներ, որոնք պարտադիր լինեն, իսկ ստորագրողները չկարողանան պատասխան տալ, թե ինչու դա ստորագրվեց։

Այսինքն, պաշտոնական Երեւանը, ըստ ամենայնի, գիտակցում է, որ ռուսական հովանու ներքո հայկական կողմին կարող են առաջարկվել որոշումներ, որոնցից պատասխանատուները չեն կարող հրաժարվե՞լ, բայցեւ դրանք չէին ցանկանա իրագործե՞լ… Գուցե նույն կերպ էլ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթո՞ւղթն է ստորագրվել:

Իսկ ինչպե՞ս է պատկերացնում ընդունված որոշումների, առաջարկների, պայմանավորվածությունների կյանքի կոչումը Հայաստանի իշխանությունը` Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցությունների արդյունքում:

Նախ, դեռեւս հայտնի չէ, թե Հայաստանի համար նշանակալի որեւէ առաջարկություն առհասարակ Ադրբեջանն ընդունե՞լ է մինչ այժմ, կամ, եթե ընդունի գրավոր` հավատարի՞մ է մնալու դրանց կյանքի կոչմանը:

Եվ հաջորդը` եթե չկա երաշխավոր, ո՞վ է, այսպես ասած` ապահովելու ձեռքբերված պայմանավորվածությունների, ընդունված որոշումների կատարման ընթացքը:

Կամ, Գրիգորյանը մեկ այլ զարմանահրաշ միտք է արտահայտել. «Շատ տարօրինակ կլինի, որ վավերացման դեպքում վիճելի խնդիրները լուծվեն ռազմական ճանապարհով։ Մենք առիթ չենք տվել, որ այդպիսի բան տեղի ունենա…»։

Իսկ Ադրբեջանին մինչեւ այժմ «առիթնե՞ր» են անհրաժեշտ եղել, կամ` ապագայում «առիթնե՞ր» են պետք լինելու, որպեսզի դիմի հարձակման: Ադրբեջանի համար մարտահրավեր է, առհասարակ, Հայաստան պետության գոյությունը, հետեւաբար ի՞նչ փաստաթղթերի վավերացման մասին է խոսքը, որոնք ենթադրաբար պետք է զսպեն Բաքվին:

Իրականում երկկողմ բանակցություններով հարցերը լուծելու մղման տակ էլ Ադրբեջանը Հայաստանի համար ծուղակ է լարել: Այն պահանջները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանին, դրանց լիակատար սատարում է Մոսկվան, հետեւաբար, անկախ նրանից, թե երկկողմ, թե բազմակողմ բանակցությունների արդյունքում են այդ պահանջները, բոլոր զիջումները բացառապես Հայաստանից են ակնկալվում:

«3+3» ձեւաչափով հանդիպման արդյունքներով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ընդունվեց համատեղ հռչակագիր, որով նախարարները վերահաստատեցին վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի եւ մարդու իրավունքների հարգման կարեւորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա: «Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարեւորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից եւ միջազգային կարեւորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները: Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ զարգացման դրական դինամիկան», նշվեց հռչակագրում:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպմանն իր բացման խոսքում հայտարարեց, թե հարթակը Հարավային Կովկասում մշտական խաղաղության ապահովման եւ համագործակցության հնարավորությունների գնահատման համար է. «Այս մեխանիզմի ստեղծման գաղափարը, որը մենք համառոտ սահմանում ենք որպես 3+3 հարթակ, առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի ստորագրմանը հաջորդած շաբաթների ընթացքում, որն ապահովեց հրադադարը Ղարաբաղյան 2-րդ պատերազմում։ Դրա հիմնական նպատակն է արձագանքել հարթակի անհրաժեշտությունը, որտեղ կքննարկվեն Հարավային Կովկասին սերտորեն առնչվող բոլոր հարցերը»։

Այնուհետեւ Ֆիդանը հավելեց. «Անհանգիստ գործընթացներն ու պատերազմները, որոնք մենք ապրում ենք մեր մոտակա աշխարհագրությունում, հումանիտար աղետը եւ Իսրայելի կողմից Մերձավոր Արեւելքում ճնշումները եւս մեկ անգամ բացահայտում են տարածաշրջանային մակարդակում երկխոսության եւ համագործակցության կարեւորությունը։ Կարծում ենք, որ այս տարածաշրջանի պետությունները լավագույնս գիտեն տարածաշրջանային խնդիրները եւ կարող են լուծել դրանք»։

Խնդիրը նրանում է, որ ցանկացած ձեւաչափում Հայաստանի ներգրավվածությունը դեռեւս չի ապահովում ՀՀ պետության շահը: Հայաստանի իշխանությունները կարծես փնտրտուքի մեջ են, նախընտրում են` «բոլորի հետ խոսենք, մինչեւ տեսնենք ինչ կլինի» սկզբունքով առաջնորդվելը, առանց կտրուկ քայլերի ու որոշումների:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031