Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ։
Այս հեռանկարը եւ կեղծ փախստականների վերաբնակեցման հնարավոր իրականացումը մասնագետները ոչ թե սպառնալիք, այլ ուղղակի աղետ են համարում Հայաստանի համար։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը, նախ, այսպես կոչված, ադրբեջանցի «փախստականների» թվին է անդրադառնում՝ շեշտելով, որ դա մտացածին է։
«Մինչեւ 620 հազար հասցնում էին, դա անհեթեթություն է, որովհետեւ, եթե մենք կոնկրետ Խորհրդային Հայաստանի տարածքից ենք խոսում, ադրբեջանցիների տեսակարար կշիռը եւ բացարձակ ցուցանիշն առավելագույն շեմին հասել է 1975 թվականին՝ 160 հազար մարդ, որը բնակչության 5 տոկոսից մի փոքր ավելի էր, եւ եթե իրենք թվաքանակից են խոսում, ապա միակ մեկնակետը կարող է լինել դա, բայց, օրինակ, 1989թ․ մարդահամարի տվյալներով՝ այդ թիվը բավականին իջել էր` 84 հազարից մի փոքր ավելի, բայց սրա մասին խոսելն էլ անհեթեթություն է, որովհետեւ պետք է ֆիքսենք երկու շատ կարեւոր փաստ․ միայն կոնֆլիկտի զոնայից դուրս տարածքում՝ ԼՂԻՄ տարածքից եւ ազատագրված տարածքից դուրս տարածքում ԽՍՀՄ փլուզման նախօրյակին ապրում էր 380 հազար հայ։ Սա՝ միայն խորհրդային մարդահամարի պաշտոնական տվյալներով։ Միայն Բաքվում 250 հազարից ավելի հայ կար, հիմա ո՞վ է խոսում սրա մասին։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ, ի տարբերություն Ադրբեջանից բռնագաղթած հայերի, Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին տրվել է ամեն ինչ՝ իրենք այստեղից տարել են իրենց գույքը, անվտանգ հեռացել են»,- բացատրում է մասնագետը։
Միքայել Մալխասյանի խոսքով, հիմա, երբ Ադրբեջանը կարողացավ զավթել Արցախը, փորձում է այդ օրակարգը Հայաստանի վրա տարածել։ Պատմաբանը հիշում է՝ տարիներ առաջ, երբ, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների հարցը որեւէ կերպ շոշափվում էր, դեռ այն ժամանակ էր ինքը` որպես մասնագետ շեշտում, որ այդ օրակարգի մեջ պետք չէ մտնել։ Մալխասյանն ասում է՝ սա ժողովրդագրական պատերազմ է, պատերազմ` ոչ թե հրանոթներով, այլ՝ ժողովրդագրական գործիքով, հակառակորդի հաջողության պայմաններում Հայաստանն ուղղակի գոյություն չի ունենա։
Կարդացեք նաև
«Տարիներ առաջ մարդիկ ծիծաղով էին վերաբերվում, երբ մենք խոսում էինք, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նկրտումների մասին, երբ նրանք վտարանդի կառավարություն էին պահում, ֆուտբոլային ակումբ էին բացել, հիմա ստացվեց, որ դա իրենք քաղաքական օրակարգի մաս էին դարձրել եւ ռեալիզացնում էին՝ կազմակերպում էին հանդիպումներ եվրոպական երկրների դեսպանների հետ եւ այլն, ու աստիճանաբար դա առաջ տարան եւ հիմա նույն սցենարը փորձում են իրականացնել Հայաստանի տարածքի նկատմամբ»,- շարունակում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Ադրբեջանի համար այդ կեղծ` «Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգը միակը չէ, նրանք արդեն «Հյուսիսային Ադրբեջան» անվանումով գրքեր են թողարկում ու հավակնություններ են ներկայացնում Վրաստանին։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդագրական պատկերին՝ մասնագետն արձանագրում է․ մեր ցուցանիշները բարվոք չեն, բայց պատկերը վերջին տարիներին նաեւ Ադրբեջանում է վատթարանում, այդ թվում՝ կնոջ պտղաբերության գործակիցը։
Հայաստանի այն մարզերում, որտեղ Ադրբեջանը հավակնություններ ունի՝ Սյունիք, Տավուշ, Արարատ, Գեղարքունիք, պատկերը հետեւյալն է՝ ծնելիության մակարդակը բավականին ցածր է Սյունիքի եւ Տավուշի մարզերում, համեմատաբար բարձր է Արարատի մարզում, իսկ Գեղարքունիքը, այս երկու խմբերի հետ համեմատած, միջանկյալ դիրքում է։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: