Նախորդ տարիներին գրանցված բարձր տնտեսական աճը հնարավորություն էր տալիս Հայաստանին դրանից ստացված օգուտները ներդնել երկրի արտադրողական ներուժը բարձրացնելու ուղղությամբ։ Ու կառավարությունը կարող էր մի շարք ուղղություններով խթանող քաղաքականություն տանել, բայց այս հնարավորությունն ամեն անգամ բաց է թողնվում։ Ու մինչև հիմա տնտեսությունը շարունակում է մնալ արտաքին գործոնների հույսին։
Մյուս կողմից էլ՝ կենտրոնանալով վերաարտահանման ուղղությամբ՝ տնտեսության մեջ պայմաններ չեն ստեղծվում տեղական պոտենցիալի ավելացման ուղղությամբ։ Դրա համար էլ, ինչպես նշում են տնտեսական ոլորտի մասնագետները, Հայաստանում գրանցվող տնտեսական աճն առողջ չէ և երկար կյանք ունենալ չի կարող. այն ավելի շատ քողարկում է ներքին շուկայում եղած խնդիրները։ Դրա համար էլ նույնիսկ ՀՀ իշխանությունները բավական զգուշավոր են իրենց գնահատականներում։ Եվ 2024 թվականի համար կառավարությունն արդեն 5,8 % տնտեսական աճ է ակնկալում՝ թեև ավելի վաղ հայտարարվում էր առնվազն 7 %-ի մասին։ Աճի տեմպերի նվազման պայմաններում, բնականաբար, լուրջ խնդիր է բյուջեի դեֆիցիտը, որը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու նաև հաջորդ տարի։ 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5,5 %-ի՝ 609 մլրդ դրամի չափով:
Պետական պարտքն արդեն գերազանցել է 12 մլրդ դոլարը և երեք ամիսը մեկ մոտ 100 մլն դոլարով աճում է։
Պետական բյուջեն լցնելու մյուս եղանակն էլ իշխանությունների համար տարբեր ոլորտներում հարկերի ավելացումն է, որը բարդացնելու է ընդհանուր տնտեսական գործունեության միջավայրը՝ պայմաններ ստեղծելով թանկացումների համար։ Հիմա էլ գործադիրը նախատեսում է բարձրացնել Հայաստան ներմուծվող նավթամթերքի ակցիզային հարկերի դրույքաչափերը։ Բնական է, որ դրանից ներմուծողները չեն տուժելու, նրանք հարկի ավելացումից հետո ներմուծված նավթամթերքը թանկացնելու են և սպառողներն են լինելու հիմնական տուժողը։ Բայց զարմանալին այն է, որ երբ «ընդհանուր առմամբ» կանխատեսելի է դեպի պետբյուջե ֆինանսական մուտքերի նվազումը, իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում ձգել իրենց գոտիները, այլև ավելի շռայլ ծախսեր են կատարում՝ ահռելի ոչ անհրաժեշտ գնումներ կատարելով։
Կարդացեք նաև
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։