ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաեւ ինքը՝ Արսենյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արսենյանի տված ցուցմունքը եւս, որտեղ նա քննիչին ասել է՝ «Այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր»:
ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներով գրանցված օգտատիրոջից եք ստացել նշված հաղորդագրությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկա պահին չեմ հիշում, բայց գիտեմ, որ նույն անձի կողմից նմանատիպ հաղորդագրություններ ուղարկվել են նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին եւ Ռոմանոս Պետրոսյանին:
Կարդացեք նաև
ՀԱՐՑ. Ո՞ւմ եք կասկածում կատարված հանցագործության համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես որեւէ մեկին չեմ կասկածում, թշնամիներ չունեմ:
ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքան ժամանակ է, որ ճանաչում եք, ինչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ինչ հարաբերություններ ունեք վերջիններիս հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման տվյալներով անձանց չեմ ճանաչում:
ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ եւ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես եւ Գուրգեն Մելքոնյանը ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ ենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեզ՝ երկուսիս, միայն դա է միավորում:
ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը եղել է Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության առաջացման պատճառ եղե՞լ է, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես տեսա՝ այդ սարքավորումները մեր գրասենյակում են, հենց այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր:
ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Վանեսյան տվյալներով անձին, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:
ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող գործողություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման գործողություններ իմ նկատմամբ երբեւէ չեն կատարվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։