Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ զարմանալի չէ, որ մինչև եվրոպացիները կոչ են անում բոյկոտել COP 29-ը, ՀՀ իշխանությունները դեռևս քննարկում են Բաքու գնալ-չգնալու հարցը. «168 ժամ»

Հոկտեմբեր 24,2024 09:30

Եվրոպական խորհրդարանի  նիստերի դահլիճում մի քանի ժամ հնչել են առնվազն արցախահայերի իրավունքները պաշտպանող, արցախահայերի վերադարձի իրավունքը քաղաքական օրակարգում ներառելուն նպաստող բազմաթիվ ելույթներ, որոնք, իհարկե, չունեն իմպերատիվ նշանակություն և մեծ հավանականությամբ տեղ չեն գտնելու Եվրամիության գործադիր իշխանության՝ Եվրահանձնաժողովի աշխատանքում ու մնալու են խորհրդարանական քաղաքականության մակարդակում։ Կարելի է, իհարկե, մեղադրել կամ քննադատել եվրոպացիներին՝ խորհրդարանական տիրույթում հայամետ դիրքորոշումներ արտահայտելու, արցախահայերի իրավունքների մասին խոսելու, իսկ գործադիր իշխանության հարթությունում՝ գրեթե ամբողջությամբ ադրբեջանամետ քաղաքականություն վարելու համար։

Բայց իրականությունն օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է դրան նայել նաև եվրոպացիների, նույն Եվրոպական խորհրդարանի հայամետ կամ ոչ հայամետ պատգամավորների տեսանկյունից։ Նրանք՝ յուրաքանչյուրը իրենց, իրենց ներկայացրած կուսակցությունների շահերից ելնելով՝ այդուհանդերձ հանդես են գալիս արցախահայերի, նրանց վերադարձի իրավունքի պաշտպանության դիրքերից։ Այն դեպքում, երբ ժամանակին պաշտոնապես Արցախի երաշխավոր համարվող Հայաստանի (մինչև օրս էլ գործող ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում այդ կարգավիճակն ամրագրված է) խորհրդարանի իշխող կուսակցության անդամներից որևէ մեկի կողմից նման բովանդակությանն անգամ մոտ, արցախահայերի վերադարձը որպես քաղաքական առաջնահերթություն ամրագրող ելույթ չի հնչել արդեն շուրջ 3 տարի։

Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն գործադիր իշխանության մակարդակում է ամբողջությամբ հրաժարվել Արցախի հարցից, արցախահայերի վերադարձի իրավունքը որպես քաղաքական օրակարգի առաջնային հարց դիտարկելուց, այլ անգամ խորհրդարանական մակարդակում չի բարձրաձայնում այդ մասին։ Ահա այս պայմաններում եվրոպացի խորհրդարանականներն անգամ կարող են ծիծաղելի վիճակում հայտնվել և առնվազն հեգնանքի արժանանալ հենց Ադրբեջանի կողմից, որի ներկայացուցիչները նրանց ուղղակի կհանդիմանեն՝ հղում անելով հայ պաշտոնյաների լռությանը, կամ, օրինակ, ԱԺ նախագահի՝ ադրբեջանական շահերը ներկայացնող հայտարարությունները։

Այլ խոսքով, ցանկացած եվրոպացի պատգամավորի ադրբեջանցիները կարող են հանդիմանել՝ «ի՞նչ եք ուզում մեզանից, եթե Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է իր հայրենակիցների իրավունքներից և այդ հարցում մեզանից որևէ պահանջ չունի»։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն չի օգտվում միջազգային հարաբերություններում առաջացող հնարավորություններից, ոչ միայն դրանք չի ծառայեցնում հայկական շահերի առաջմղմանը, այլ հակառակը՝ իր գործողություններով նպաստում է այն աղետների խորացմանը, որոնց դեմ պայքարում են եվրոպացի մեր իրական և այլ բարեկամները, որոնք գուցե ելնում են  սեփական քաղաքական նպատակներից։ Եվ զարմանալի չէ, որ մինչև եվրոպացիները կոչ են անում բոյկոտել COP 29-ը, ՀՀ իշխանությունները դեռևս քննարկում են Բաքու գնալ-չգնալու հարցը։

Հարություն Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031