Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց մոտ ոգեղենության տարբեր ջերմաստիճան է»

Հոկտեմբեր 24,2024 10:00

Հատված հայր Ալեքսանդր Մենի դասախոսությունից

Բոլոր մարդիկ տարբեր են: Արդյոք դա լա՞վ է: Այո, լավ է: Եթե ամեն մարդ ինքն իր համար լիներ ե՛ւ Շալյապին, ե՛ւ Բեթհովեն, ե՛ւ Ռուբլյով, եթե ամեն մարդ կարողանար ինքն իրեն ծնել, դաստիարակել եւ կերակրել, ապա մարդիկ իրար կարիքը չէին զգա, բացակա կլինեին մարդկանց միջեւ կապերը:

Ինչի՞ վրա է կառուցվում մեր կապը, փոխկախվածությունը, համատեղ կյանքը: Դա հիմնվում է նրա վրա, որ մենք իրար ինչ-որ բան ենք տալիս, ուրեմն մենք միմյանց կարիքն ունենք: Մենք կարող ենք հիանալ որեւէ մեծ դաշնակահարով կամ երգչով, որովհետեւ մենք ինքներս ընդունակ չենք բարձրանալ նրա մակարդակին: Եվ մենք նրան շնորհակալ ենք դրա համար, փոխարենը նրան ինչ-որ ուրիշ բան ենք տալիս:

Բոլոր մարդիկ կապված են այդ փոխադարձ կապերով, որոնք կերտում են միասնական մարդկությունը՝ դաստիարակությամբ, ծառայությամբ, բարեկամությամբ, սիրով, ստեղծագործության բոլոր տեսակներով եւ կենցաղային երեւույթներով:

Ուրեմն, օժտվածության անհավասարությունը շատ կարեւոր գործոն է՝ մարդկանց միավորելու համար: Եվ արդ, մարդկանց մոտ ոգեղենության տարբեր ջերմաստիճան է: Ճիշտ այնպես, ինչպես գոյություն ունեն երաժշտական օժտվածության, գեղարվեստական օժտվածության, միստիկական օժտվածության տարբեր աստիճաններ:

Բայց մարդու հոգեւոր կյանքի համար ճակատագրական չէ, եթե նրա մոտ միստիկական օժտվածությունը գուցե այնքան էլ զարգացած չէ: Նախ՝ նա հիմնվում է հսկայական ավանդույթի վրա: Այստեղ մենք մոտենում ենք եկեղեցուն եւ ավանդույթին: Ինչպես ասել է աստվածաբաններից մեկը (այս արտահայտությունը վերագրվում է Շարտրից Բեռնարին, 1070-1130 – Ա.Ա.)՝ մենք կարող ենք գաճաճ լինել, բայց այն, որ կանգնած ենք հսկաների ուսերի վրա, թույլ է տալիս հեռուն տեսնել:

Ավանդույթները մեզ կապում են այն բաների հետ, որոնք մենք չէինք կարող ստեղծել, բայց ինչին հաղորդակից ենք դառնում, ինչից վարակվում ենք հոգեւոր առումով, ինչը, այսպես ասած, «հոսանքավորում է» մեր հոգին, մեր ամբողջ գոյությունը:

Եվ երկրորդը: Ինչպես ցանկացած օժտվածություն, ցանկացած ընդունակություն, հոգեւոր իմացությունը, հավատը կարող են մեծանալ, զարգանալ: Հավատը դինամիկ հասկացություն է, ինչպես եւ տաղանդը: Ես չէ, որ պետք է ձեզ համոզեմ, որ նույնիսկ հանճարեղ երաժիշտը պետք է մշտապես քրտնաջան զբաղվի իր երաժշտությամբ:

Հայր Ալեքսանդր Մենը (1935-1990) ռուս ուղղափառ եկեղեցում ավագ քահանա էր, աստվածաբան, բազմաթիվ գրքերի հեղինակ: Սպանվել է 1990թ. սեպտեմբերի 9-ին, սպանության հանգամանքներն առ այսօր պարզ չեն: Մեջբերված դասախոսությունը կարդացել է 1989 թվականի գարնանը՝ Մոսկվայի թիվ 26 երաժշտական դպրոցում: 

Պատրաստեց եւ թարգմանեց Արամ Աբրահամյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031