Ըստ հայցվորի՝ «Համալսարանն իր՝ պրոռեկտորի՝ մասնագիտական ունակությունները զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի համապատասխանության հարցը պարզել է ոչ թե աշխատանքային պայմանագրի կամ պաշտոնի անձնագրի միջոցով, այլ՝ ֆեյսբուքյան 4 գրառումների եւ հարցազրույցի»:
Հոկտեմբերի 7-ին գրավոր ընթացակարգով քննելով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի եւ նույն համալսարանի պրոռեկտորի բողոքները, վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր համալսարանի բողոքը:
Բողոքն առնչվում էր համալսարանի պրոռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու Ցոլակ Ակոպյանի հայցապահանջին, Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի կայացրած վճռի դեմ էր: 2023թ. նոյեմբերի 22-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան էր ընդունվել պրոռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու Ցոլակ Ակոպյանն ընդդեմ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 19.09.2023թ. թիվ 1204-Ա հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին իր նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանահատվածի համար միջին աշխատավարձ, աշխատանքում չվերականգնելու դեպքում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում եւ ծանուցման ժամկետանց օրերի դիմաց տուժանք բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումը:
Հայցվորի եւ պատասխանողի միջեւ 2022թ. դեկտեմբերի 23-ին կնքվել է թիվ 421 աշխատանքային պայմանագիրը: Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 2023թ. սեպտեմբերի 19-ի թիվ 1204-Ա հրամանի համաձայն՝ Ակոպյանն ազատվել է ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի պաշտոնից: Պատասխանողը գրավոր ծանուցում չուղարկելու համար տուժանք չի վճարել հայցվորին, այլ աշխատանք չի առաջարկել հայցվորին, այլ աշխատանք փնտրելու համար ժամանակ չի տրամադրել նրան:
Կարդացեք նաև
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը, 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը՝ Ց. Ակոպյանը նշել է, որ աշխատում է պատասխանողի մոտ ավելի քան 11 տարի, ուստի պետք է պատասխանողը 49 օր առաջ գրավոր ծանուցեր իրեն աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ, սակայն պատասխանողն ընդհանրապես որեւէ գրավոր ծանուցում չի ուղարկել իրեն: Ըստ Ակոպյանի, հրամանի կայացման պահին պատասխանողի մոտ առկա է եղել իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը եւ առողջական վիճակին համապատասխան առնվազն մեկ աշխատանք, այն է՝ գիտության բաժնի պետի թափուր հաստիքը, որը, սակայն, իրեն չի առաջարկվել…
Հիշեցնեմ, որ հայցը բավարարվել էր մասնակի, իսկ վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 7-ին գրավոր ընթացակարգով քննելով համալսարանի բողոքը, մերժել էր այն: Ըստ վերաքննիչ դատարանի. «Ցոլակ Ակոպյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, նրա՝ իրավաբանական կրթություն ունենալու, ինչպես նաեւ խնդրո առարկա հրամանների ենթադրյալ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հիմնադրամի իրավական ռիսկերի կառավարման համար պատասխանատու անձի եզրակացությունների եւ դրանց մասին Ցոլակ Ակոպյանի իրազեկ լինելու վերաբերյալ տվյալներ քաղաքացիական գործում չկան, հետեւաբար հնարավոր չէ միանշանակ պնդել, որ վերջինս գիտակցել է կամ պարտավոր էր գիտակցել նշված հրամանների ոչ իրավաչափ լինելու մասին»։
Ըստ գործի նյութերի, ազատման հրամանի հիմքերից 4-րդը, ըստ հայցվորի, միակն է, որ գոնե ժամանակագրական առումով համապատասխանում է հայցվորի զբաղեցրած հաստիքին. «Ինչու են առանձնացնում ժամանակագրությունը, քանի որ Ակոպյանի՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը պատասխանողը գնահատել է ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի պաշտոն զբաղեցնելու ընթացքում մարտի 15-ից հունիսի 30-ը կատարված ֆեյսբուքյան 4 գրառումների եւ հուլիսի 07-ին armlur.am կայքին տրված հարցազրույցի միջոցով:
Այսինքն, համալսարանը հայցվորի՝ մասնագիտական ունակությունները զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի համապատասխանության հարցը պարզել է ոչ թե աշխատանքային պայմանագրի կամ պաշտոնի անձնագրի միջոցով, այլ՝ ֆեյսբուքյան 4 գրառումների եւ հարցազրույցի»:
Նշեմ, որ ըստ դատարանում առկա գործի նյութերի, Ցոլակ Ակոպյանը 06.07.2023թ. armlur.am կայքին տված առցանց հարցազրույցում ասել էր հետեւյալը. «Ապօրինի, ոստիկանության աջակցությամբ Դավիթ Գյուրջինյանին բերեցին, կարգեցին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ամեն կերպ փորձելով խոսացող մարդկանց, հենց ինձանից սկսած, խոսքի ազատություն սահմանափակել, որոշակի քրեական գործերով վախեցնելով՝ բայց ես միանշանակ գնալու եմ մինչեւ վերջ: Երբ ինձ կոնկրետ եղավ առաջարկ, որ կամ հրաժարական եմ տալիս, կամ քրեական գործեր են ընթացք տալիս ինչ-որ անհասկանալի, ես տվել եմ հետեւյալ պատասխանը, որ քանի դեռ մինչեւ վերջին ուսանողը, վերջին դասախոսը հավատում ա ինձ, ես չեմ թողնելու պայքարը եւ մինչեւ վերջ պայքարելու եմ: Էս մարդիկ ուղղակի պատրաստ չեն օրենքը հարգել, որեւիցե կարգ չեն ցանկանում հարգել», «Ես հասկացա, որ իր (խոսքը վերաբերում է համալսարանի ռեկտորի ժամանակատար պաշտոնակատար Դ.Գյուրջինյանին-խմբ) խնդիրը ոչ թե կառուցվածքը տրամաբանության դաշտ բերելն է, այլ էն մարդկանցից, ովքեր իր դեմ են խոսում, ովքեր համամիտ են ինձ հետ, օրինակ, կամ մեր թիմակիցների հետ, վրեժ լուծելը: Մարդը (խոսքը վերաբերում է համալսարանի ռեկտորի ժամանակատար պաշտոնակատար Դ. Գյուրջինյանին-խմբ) պատկերացնում է, որ համալսարանն իր սեփականությունն է. ինչ կուզի՝ կանի: Լրիվ բառացի եմ սա ասում: Մարդը իր մի քանի կամակատարների միջոցով որոշել ա, որ համալսարանն իր անձնական սեփականությունն ա ու անձնական վրեժխնդրության դաշտ ա բերել ամեն ինչը. ես մինչեւ վերջ պայքար եմ տանելու, ես հանձնվող տեսակ չեմ էս մասով: Նույնիսկ կադրեր նշանակելուց էլի անձնական ցանկություններն ա հաշվի առնում, ոչ թե մասնագիտական ունակությունները: Համալսարանում ոչ միայն իրավական մթնոլորտն ա խաթարված, այլեւ բարոյական մթնոլորտն ա խախտված»:
ՖԲ 30.06.2023թ. գրառման մեջ էլ Ակոպյանը գրել էր. «Ձեր անբարոյական քայլը մի արդարացրեք ձեր հնարած այն թեզով, որ ես դիվանագետ չեմ, պետք էր հետը լեզու գտնել եւ այլն: Ոտից գլուխ ապօրինիի, թասիբ չունեցողի եւ նրա կամակատարների հետ ես ճանապարհ անցնելու չունեմ: Բոլորդ պատասխան եք տալու օրենքի եւ բարոյականության առաջ: Ես դա խոստանում եմ բոլորիդ անխտիր»:
04.06.2023թ. գրառմամբ ասվում է. «Իրավիճակի հետ համակերպվելու բոլոր հորդորներին պատասխանում եմ՝ երբեք չեմ կարող համակերպվել անարդարության հետ եւ աշխատել օրինազանցների հետ»: 02.06.2023թ. «Սիրելի ուսանողներ, այս մարդը եւ իր կամակատարներն ուղղակի չեն հասկանում, որ անկախ նրանից՝ իրենք ինձ «ծառայողական» Samand մակնիշի ավտոմեքենայից կզրկեն, թե չեն զրկի, չի փոխում այն փաստը, որ ինքը անօրինական է Բրյուսովում եւ իր կամակատարների կատարած ընտրությունն ամբողջությամբ վերից վար ապօրինի է: Ընտրությունները այն կարգի են կեղծում, որ վախեցան, որպեսզի լրագրողը մուտք գործի համալսարան: Ի դեպ՝ ես այդ մեքենայից գրեթե չէի էլ օգտվում կամ, ավելի ճիշտ ասած, կիսով չափ էի օգտվում»…
Դատարանում նշվել էր, որ թե աշխատանքային պայմանագրով, թե հատկապես պաշտոնի անձնագրով սպառիչ սահմանված են այն մասնագիտական ունակությունները, որոնց պետք է տիրապետի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի պաշտոն զբաղեցնող անձը, իսկ ֆեյսբուքյան գրառումներ կատարելը կամ հարցազրույցներ տալն այդ ցանկում ընդգրկված չեն:
Ըստ վերաքննիչ դատարանի վճռի. «Մինչդեռ, պատասխանողն անտեսել է այն հանգամանքը, որ որեւէ իրավական ակտով ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի հաստիքի համար ֆեյսբուքյան գրառումներ կատարել-չկատարելու կամ հարցազրույցներ տալու-չտալու պահանջ նախատեսված չէ, հետեւաբար, հրամանով մտացածին որակավորում ունենալու պարտավորություն դնելով եւ այդպիսի որակավորում չունենալու համար բացասական հետեւանքներ կիրառելով՝ խախտվել է հայցվորի՝ օրենքով չսահմանված պարտավորություններ չկրելու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը: Փաստորեն հայցվորի ունակությունները եւ հմտությունները գնահատվել են անհամաչափ»:
Բողոք էր բերել նաեւ Ցոլակ Ակոպյանը, ըստ նրա, վճիռը պատճառաբանված եւ հիմնավորված չէ. «Դատարանը բողոք բերած անձի՝ մասնագիտական ունակությունները զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի համապատասխանության հարցը պարզել է ոչ թե Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի աշխատանքային պայմանագրի կամ պաշտոնի անձնագրի միջոցով, այլ՝ ռեկտորի պարտականությունները կատարելու ընթացքում իրականացրած գործողությունների գնահատման միջոցով։
Մինչդեռ թե աշխատանքային պայմանագրով եւ թե հատկապես պաշտոնի անձնագրով սպառիչ սահմանված են այն մասնագիտական ունակությունները, որոնց պետք է տիրապետի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի պաշտոն զբաղեցնող անձը։ Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի պաշտոնի անձնագրի 13-րդ կետվ հստակորեն եւ սպառիչ թվարկված են պահանջվող որակավորումը եւ գիտելիքները»:
Ըստ բողոքաբեր պրոռեկտորի, դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ որեւէ իրավական ակտով Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի հաստիք զբաղեցնող անձի համար աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություն նախատեսված չէ։ Բացառիկ լիազորությամբ օժտված է միայն ռեկտորը։ Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի պաշտոն զբաղեցնող անձը զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով չի կարող ազատվել պաշտոնից այն բացատրությամբ, որ ռեկտորի պարտականությունները կատարելու ընթացքում արձակել է թիվ 95-Ա եւ 99-Ա հրամանները, որոնք հետագայում վերացվել են. «Բացի այդ, բողոք բերած անձի գնահատմամբ լարված աշխատանքային հարաբերությունները դեռեւս չի կարող գնահատվել որպես օրինական ու օբյեկտիվ հիմք աշխատողի նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելու համար, քանի որ նման օրինակ պատճառաբանությամբ աշխատողին աշխատանքում չվերականգնելը կարող է գործատուի համար ստեղծել կամայական, արհեստական եւ սուբյեկտիվ հնարավորություն ցանկացած դեպքում ազատվելու անցանկալի աշխատողից, ինչը կարող է հանգեցնել տվյալ իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսեւորման ու կամայական մոտեցման վտանգների, ինչը չի բխում օրենսդրությամբ սահմանված աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքից»:
Նշեմ, որ 2023թ. դեկտեմբերի 8-ին դատարանը ստացել է պատասխանող Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան-հիմնադրամի հայցադիմումի պատասխանը, որով ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը հայտնել է, որ հայցադիմումում նշված բոլոր պահանջները չի ընդունում: Մասնավորապես, ինքը համաձայն չէ հայցորի այն պնդմանը, թե իրեն աշխատանքից ազատելու հրամանի մասին գրավոր չի ծանուցվել: Դատարանին հայտնել էր, որ հրամանն արձակվել է աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված ծանուցման պահանջների խստիվ պահպանմամբ: «Հաշվի առնելով, որ ԱՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հայցվորն աշխատանքից ազատվել է 2023թ. նոյեմբերի 9-ին, աշխատանքից ազատման մասին ծանուցվել է սեպտեմբերի 20-ին, այսինքն՝ աշխատանքից ազատվելուց 49 օր առաջ: Հայցվորի ծանուցման հետ կապված պատասխանողի կողմից իրականացվել են հետեւյալ գործողությունները. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 09:27-ին, հայցվորը հրամանի մասին պատասխանողի կողմից գրավոր ծանուցվել է գրավոր փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգի միջոցով, ապա պատասխանողի իրավասու աշխատակիցը հայցվորին հրամանը հանձնել է նաեւ առձեռն: Հայցվորը հրաժարվել է ստանալ հրամանը, ինչի մասին պատասխանողի աշխատակիցը գրանցամատյանում համապատասխան նշում է արել», ըստ պատասխանողի, հիմնազուրկ են նաեւ Ակոպյանի պնդումներն առ այն, որ ծանուցման ժամկետները խախտելու համար համալսարանը պետք է հայցվորին տուժանք վճարի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2024