ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձավ նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպին։
«Անցած շաբաթ այս խորհրդարանում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը ցնցել է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր կողմից նշանակված Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ ձեր թիմի իշխանական պատգամավորը որդու համար առնվազն երկու անգամ միջնորդություններ է ուղարկել։ Այս մի շաբաթվա ընթացքում հեռախոսը վերցրե՞լ եք, զանգե՞լ եք տիկին դատախազին, ասե՞լ եք՝ բա ի՞նչ կա այդ գործից, ինչո՞ւ իրավական հետեւանքներ չի ունեցել այդ հայտարարությունը։ Հիշեցնեմ, որ հանցագործության մասին հաղորդում տված անձնավորությունը ՔԿ նախագահն է։ Ինչո՞ւ չկա իրավական գործընթաց, սա՞ է կոռուպցիայի դեմ ձեր պայքարը»,- Նիկոլ Փաշինյանին հարցրեց Ագնեսա Խամոյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Եթե մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենայինք, այդ կոմպրոմիսը տեղի կունենար. դուք դրա մասին ոչ կիմանայիք, ոչ կլսեիք, ոչ էլ ձեր ասածով՝ ՀՀ-ն կցնցվեր»։
Նա նշեց, որ բոլոր իրավական ընթացակարգերը չեն կարող ուղղակի տեղի չունենալ․ «Պետք չէ, որ ես հեռախոս վերցնեմ, հեռախոս չվերցնեմ։ Իմ ասած ամբողջ իմաստն այն է, որ պրոցեսները պետք է տեղի ունենան՝ անկախ նրանից՝ հեռախոս վերցնող կա, թե՞ չէ»։
Կարդացեք նաև
Ագնեսա Խամոյանը հարցրեց․ «Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն այստեղ ո՞նց է նստած։ Եթե ընդդիմադիր պատգամավոր լիներ, նույն օրը դատախազն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացներ ԱԺ»։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Իսկ ինչո՞ւ պետք է Հովիկ Աղազարյանն այստեղ նստած չլիներ, ի՞նչ է տեղի ունեցել, դատավճի՞ռ է կայացվել, մարդու մեղավորությո՞ւն է ապացուցվել»։
Ինչ վերաբերում է հարցին՝ Արգիշտի Քյարամյանը կշարունակի՞ պաշտոնավարել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ, դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ