ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ Օսկարի ներկայացված ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկին։
Հիշեցնենք, որ վերջերս ամփոփելով ընտրության արդյունքները՝ Հայկական կինոակադեմիան հայտնել է, որ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում Հայաստանից «Օսկար» մրցանակաբաշխությանը կառաջադրվի Էդգար Բաղդասարյանի «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Տարբեր անհատներ կարծիքներ են հայտնում, որ ճիշտ կլիներ Շողակաթ Վարդանյանի՝ բազմաթիվ մրցանակներ ստացած «1489» վավերագրական ֆիլմին նախապատվությունը տրվեր, հատկապես որ այն 44-օրյա պատերազմի մասին է:
Արման Եղոյանը հարցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Արդյոք նորմալ է, որ որեւէ ՀԿ իր խորհրդի անդամներից մեկի հեղինակած ֆիլմն ուղղակի վերցնի ու ուղարկի Օսկարի»։
Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց, որ առկա են շահերի բախման հնարավոր հանգամանքները, ինչը չի կարող իրենց չմտահոգել։ «Եվ մենք կարծում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը բավարար է, որպեսզի մենք առնվազն պարզաբանումների եւ ընթացակարգի խախտումների հետ կապված հանգամանքները հասկանալու վերաբերյալ համապատասխան գործընթաց նախաձեռնենք։ Համապատասխան գործընթացը կնախաձեռնի Հայաստանի կինոյի հիմնադրամը, եւ կարծում եմ՝ հիմնադրամը պարզաբանումները կստանա։ Դրանից հետո, եթե կա ընթացակարգային որեւէ խախտում, կարծում եմ, առաջին հերթին Օսկար մրցանակաբաշխության հեղինակության հարցն է, որպեսզի որոշակի արձագանք ու հետեւանք լինի»,- ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ