Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքային իշխանությունը գլխավորող «Բալասանյան դաշինքը» «Սև Բերդ» ամրոցի հողատարածքի շուրջ ստեղծված պատմության ու կալանավորումների ֆոնին շուտով հրաժարական է ներկայացնելու։
Ընդ որում, ըստ տեղեկությունների, ոչ միայն ավագանու անդամներն են մանդատները վայր դնելու, այլ բալասանյանականները հեռանալու են ողջ թիմով՝ քաղաքապետարանի բաժնի պետերով, աշխատակիցներով։
Այս օրերին ճամփորդական տրամադրություն է Գյումրու քաղաքապետարանում, շատերն արդեն իրենց իրերն են հավաքում։
«Բալասանյան դաշինքը» դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, թեև, ինչպես տեղեկացրել ենք՝ հղում տալով մեր աղբյուրներին, հրաժարականի տեքստն արդեն պատրաստ է, պատրաստ են նաև ավագանու անդամների ու ընտրացուցակի հաջորդ համարները զբաղեցնող անձանց հրաժարականի դիմումները։
Կարդացեք նաև
Այն, որ բալասանյանականները հեռանում են, դրա վկայությունն է այն, որ այսօր արդեն երեք հոգի դիմում են ներկայացրել թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակից դուրս գալու։
Ներկայացված դիմումների մասին մեզ տեղեկացրեց թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Հանձնաժողովը ուրբաթ օրը, ժամը 18․00-ին նիստ կգումարի։
Խոսքն այն անձանց մասին է, որոնք սպասում էին ավագանու անդամ դառնալու իրենց հերթին, եթե «Բալասանյան դաշինքի» գործող ավագանու անդամներից որևէ մեկը հրաժարվեր մանդատից։
Հանձնաժողովը «Բալասանյան դաշինքի» գործող ավագանու անդամների՝ մանդատներից հրաժարվելու մասին դիմում չի ստացել։
Ըստ գործող կարգի՝ եթե ավագանու անդամները պատրաստվում են վայր դնել մանդատները, նրանք հրաժարականի դիմում եմ ներկայացնում քաղաքապետին, քաղաքապետն էլ արձանագրություն է կազմում, կից գրությամբ ուղարկում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
Հանձնաժողովը, նիստ գումարելով, մանդատը հանձնում է ընտրացուցակի հերթական համարին, եթե ցուցակում այլևս մարդ չկա, մանդատը թափուր է մնում։
«Դրանք խոսակցությունների մակարդակի են, մենք քաղաքապետից ավագանու անդամների մանդատները վայր դնելու մասին արձանագրություն չենք ստացել», -ասաց հանձնաժողովի նախագահը։
Նշենք, որ չնայած Գյումրիում այսօր խոսակցության միակ թեման այս քաղաքում սպասվող իշխանափոխությունն է, բալասանյանականների վրա ճնշումներ գործադրելով՝ նրանցից իշխանությունը վերցնելն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից զարմացած դեմքով ու ձայնի միամիտ տոնայնությամբ հարցնում էր․ «Կներեք, իսկ ի՞նչ է ա պատահել Գյումրիում»։
Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանն այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Արդեն տևական ժամանակ է, որ բոլորիս ուշադրության կենտրոնում Գյումրի համայնքի շուրջ ծավալվող իրադարձություններ են․ չհամակերպվելով այն փաստի հետ, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի լիարժեք իշխանություն՝ այսօր իշխանական մեքենան լծվել է այդ փաստը շտկելու աշխատանքին։
Օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները, դուք փորձում եք Ախուրյանի, Վանաձորի, Ալավերդու օրինակով իշխանությունը նվաճել նաև Գյումրիում։ Հաճախ եք սիրում կրկնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեով ձեզ են լիազորել ղեկավարել մեր երկիրը, բայց չէ որ քաղաքացիները իրենց քվեով լիազորել էին «Բալասանյան դաշինքին»՝ Գյումրիում, «Ախուրյան» և «Հաղթանակ՛ դաշինքներին՝ Ախուրյանում, «Մամիկոն Ասլանյան» դաշինքին Վանաձորում ղեկավարել վերը նշված համայնքները։
Չեմ ուզում տպավորություն ստեղծել, թե ստանձնել եմ «Բալասանյան դաշինքի» պաշտպանի դերը, հատկապես որ նրանք ձեր կոալիցիոն գործընկերներն են եղել, իմ մոտ հարց է առաջանում՝ հաջորդը ո՞ր համայնքն է և ի վերջո՝ ինչքա՞ն է շարունակվելու ձեր իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառումը»։
Նիկոլ Փաշինյանը պատգամավորին հարցրեց․ «Կներեք, իսկ ի՞նչ է ա պատահել Գյումրիում»՝ անտեղյակ մարդու տպավորություն ստեղծելով։
Պատգամավորը նորից կրկնեց Գյումրիում սպասվելիք իշխանափոխության մասին, որին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պատգամավորին ժպտալով խնդրեց․ «Էդքան որ տեղեկացված եք, մի հատ մեզ էլ ասեք Գյումրիում ի՞նչ ա կատարվելու, մենք էլ իմանանք»։
Պատգամավորը պատասխանեց․ «Գյումրիում «Բալասանյական դաշինքը» հանձնելու է իշխանությանը և իմ կարծիքով՝ դուք արտահերթ ընտրության եք գնալու»։
«Դե եղավ, շնորհակալություն»,- ծիծաղելով ասաց Նիկոլ Փաշինյանն ու հեռացավ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ