«Պաշտոնական Երեւանը պատրաստվո՞ւմ է COP29-ին ընդառաջ պահանջ ներկայացնել Բաքվին՝ բոլոր բանտարկյալների վերադարձի հարցով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Դուք ակնարկ արեցիք, որ, տեսեք, Հայաստանը համաձայնել է, որ COP29-ը Բաքվում տեղի ունենա։ Իսկ որ Հայաստանը համաձայնել է, որպեսզի Հայաստան վերադառնան 32 գերեվարված ՀՀ քաղաքացիներ, դուք չգիտեմ ինչու, այդ մասը բաց թողեցիք»։
Փաշինյանն ասաց, որ COP29-ը լավ առիթ է, որպեսզի ուշադրություն կենտրոնացնենք նաեւ մեր տարածաշրջանում առկա հրատապ բոլոր խնդիրներին։
«Ինչ վերաբերում է գերեվարված անձանց խնդրի լուծմանը, ասել եմ եւ շարունակում եմ ասել, որ մենք մեր բոլոր աշխատանքային քննարկումներում ու հանդիպումներում այդ հարցերը բարձրացնում ենք»,- հավելեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
«Երբ դեկտեմբերին մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան, վերադարձան ոչ թե այն պատճառով, որ մենք պաշտոնական եւ հրապարակային հայտարարություններ էինք անում, այլ վերադարձան այն բանի շնորհիվ, որ մենք աշխատանքային մակարդակում փնտրում ու գտնում էինք հնարավորություններ՝ նրանց վերադարձնելու համար։ Ամեն պահի մենք գնահատում ենք, թե գործողությունների որ տրամաբանությունն առավել արդյունավետ կլինի տվյալ իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ