ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց այն մասին, որ սահմանազատման կանոնակարգում հատվածական սահմանազատման մասին դրույթ կա։
«Հնարավոր է, որ հետագայում մենք զիջենք տարածք, մեր զինվորը հնարավոր է հետ քաշվի, այնտեղ կանգնի ադրբեջանցին, եւ դա մենք անենք՝ առանց իմանալու, թե ինչ է լինելու ընդհանուր սահմանի երկայնքի գծով։ Այսինքն՝ ադրբեջանցիները փաստացի կարող են դուրս չգալ, պրոցեսը կեսից վիժեցնել, եւ մենք հայտնվենք մի իրավիճակում, երբ փաստացի տվել ենք եւ չենք ստացել մեր ստանալիքը։ Ո՞րն է Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառը։ Արդյոք արցախցիների հանդեպ իրականացված ցեղասպանությո՞ւնն է, արդյոք այն է, որ իրենք հավակնություններ ունեն մեր սուվերեն տարածքների նկատմա՞մբ, արդյոք այն է, որ այսօր, երբ դուք այստեղ կանոնակարգ եք ընդունում, իրենք զուգահեռ «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալո՞ւց են խոսում։ Ի՞նչ պատասխան եք տալու ՀՀ քաղաքացիներին, երբ որ լինեն հենց այս ցավալի վտանգները»,- Նիկոլ Փաշինյանին հարցրեց Լեւոն Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Մենք որդեգրել ենք որոշակի ռազմավարություն։ Եվ այդ ռազմավարությունը հետեւյալն է, որ անվտանգային ոլորտում, ընդհանուր առմամբ, մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը։ Եվ այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, ես կարծում եմ, որ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, դա չափազանց կարեւոր իրադարձություն է, որովհետեւ մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների սահմանների սահմանազատման սկզբունքները։ Եվ այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն»։
Փաշինյանը հավելեց, որ եւ Հայաստանի ներսում, եւ ՀՀ-ից դուրս կլինեն կարծիքներ, կլինեն մտածված գործողություներ՝ իշխանությանն այս ռազմավարությունից շեղելու համար, բայց իրենք այդ ռազմավարությունից չեն շեղվելու։ «Կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլ նաեւ սահմանազատման գործընթացն, ըստ էության, ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով։ Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, ամեն հատված պետք է սահմանազատվի։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել նախորդ շրջանում՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում, ես էլի եմ ասում՝ կան տարբեր գնահատականներ, իմ, գնահատականն այն է, որ դա շատ մեծ ու լուրջ հաջողություն է առաջին հերթին անվտանգային ոլորտում։ Երեխաները Կիրանց գյուղում դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով։ Եվ Կիրանց գյուղում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի, քան այսօր է»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Լեւոն Քոչարյանն արձագանքեց․ «Մոլորեցնել պետք չէ, այս կանոնակարգում գրված է, որ հատվածային սահմանազատումն արվում է մինչեւ վերջնական համաձայնեցումը։ Եթե հաջորդ հատվածը լինում է, օրինակ, Տիգրանաշենում, եւ հայ զինվորը հետ է քաշվում, հետո երբ հերթը հասնում է Ջերմուկին, իրենք ուղղակի հետ չեն քաշվում, բայց մենք արդեն փաստացի հետ ենք քաշվել, ի՞նչ ենք անելու»։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց «Կիկոսի մահը» չսարքել․ «Ես հասկանում եմ, որ գուցե Կիկոսի մահն այն քիչ գրքերից է, որոնք դուք կարդացել եք, բայց կանոնակարգում ձեր նկարագրած մեխանիզմներն ամենեւին էլ այդպիսին չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ