Հոկտեմբերի 13-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացավ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը (թարգմանիչներ՝ Գևորգ Նուբարյան, Անի Հովսեփյան) և բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։
«Հումանիտար մտավորականների տան» «Ֆիրդուսի» դահլիճում «Պարույր Սևակի երեկո» միջոցառմանը ներկա էին ավելի քան 400 հայ և պարսիկ սևակասերներ։ Երեկույթի ընթացքում ցուցադրվեց Պ․ Սևակի կյանքը և գրական գործունեությունը լուսաբանող տեսանյութ, հնչեց սևակյան խոսք՝ զուգակցված դաշնամուրային կատարումներով։
Ելույթներ ունեցան «Բոխարա» հանդեսի տնօրեն, անվանի գրականագետ Ալի Դեհբաշին, «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանությունը տպագրած «Նարիման» հրատարակչության տնօրեն Մոջթաբա Նարիմանը, ՀՄԱԿ-ի 80-ամյակի հանձնախմբի նախագահ Համլետ Խալոյանը, «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության գրքի առաջաբանի հեղինակ ու թարգմանության գլխավոր, «Պարույր Սևակի երեկո» միջոցառման կազմակերպիչ Անի Հովսեփյանը և այլք։ Հայաստանի Հանրապետությունից տեսաուղերձով հանդես եկավ Պ․ Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։
Տուն-թանգարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում երեկոյի բոլոր կազմակերպիչներին, հատկապես «Արարատ» մարզա-մշակութային կազմակերպության հիմնադրման 80-ամյակի հանձնախմբի անդամ Անի Հովսեփյանին։
Կարդացեք նաև
Պարույր Սևակի տուն-թանգարան