Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվում է նորարարությունը թանգարանների կառավարման գործում. Ալֆրեդ Քոչարյան

Հոկտեմբեր 23,2024 17:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-26-ն անցկացվում է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի» (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԱՅՍԻ ԷԹԻՔՍ), ԻԿՕՄի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

Գիտաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է գիտաժողովի խորագրին՝ ընդգծելով պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կարևորությունը հատկապես դժվարին ժամանակներում, երբ թանգարանային ոլորտը բախվում է տարբեր մարտահրավերների: Նրա դիտարկմամբ՝ միշտ չէ, որ այդ դժվարությունները պայմանավորված են տնտեսական բաղադրիչով: Նախարարի տեղակալն իբրև մարտահրավեր նշել է արդի տեխնոլոգիաների ներդրումը, ինչը ոլորտի   զարգացման կարևորագույն բաղադրիչ է, սակայն պահանջում է ժամանակ և համառ աշխատանք:

«Այս պայմաններում թանգարանների՝ որպես մշակութային ժառանգության պահապանների և կրթական հարթակների դերը դառնում է ավելի պատասխանատու, իսկ թանգարանների մասնագետներից պահանջվում է ցուցաբերել բարձր պրոֆեսիոնալիզմ և հստակ էթիկական դիրքորոշում: Այսօր, երբ տեխնոլոգիական առաջընթացը և գլոբալիզացիան մեզ ստիպում են վերագնահատել մոտեցումները մշակույթի պահպանման և փոխանցման հարցում, կարևորվում է նորարարությունը թանգարանների կառավարման գործում։ Մշակութային քաղաքականության պետական առաջնահերթություններից է թանգարանների ոլորտի զարգացումը, որի ուղղությամբ նախարարության կողմից իրականացվում են լայնամասշտաբ ծրագրեր: Ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, արդիականացվում է թանգարանների կառավարման ոլորտը՝ ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որով, ըստ էության, ներդրվել է թանգարանների կառավարման նոր մոդել, գործարկվել է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային տնտեսության համակարգը,  շարունակվում են կապիտալ-գույքային համալրումների աշխատանքները, թանգարաններում առաջին պլան է մղվում միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Թանգարանների ոլորտում իրականացրած նշանակալից իրադարձություններից նախարարի տեղակալը մատնանշել է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության բացումը, որտեղ ցուցադրվում են Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գխուխը և ձեռքը: Այս  համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը հիշատակել է նաև Գրականության և արվեստի թանգարանի համագործակցությունը ֆրանսիական կողմի հետ.  Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի՝ Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորության արարողությունը, որին հաջորդել է Փարիզի ազգային պանթեոնում թանգարանի հավաքածուից 3 ցուցանմուշների ցուցադրությունը, Ռուսական արվեստի թանգարանի  և «Տրետյակովյան պատկերասրահի» համագործակցությունը: Միջազգային խոշոր ծրագրերից Ալֆրեդ Քոչարյանն առանձնացրել է նաև  Սերգեյ Փարաջանովի  100 և  Երվանդ Քոչարի 125-ամյակներին ընդառաջ Պոմպիդուում կազմակերպված  հոբելյանական  ցուցադրությունները:

«Միջազգային համագործակցության և փորձի փոխանակման վառ վկայություն է նաև  այս գիտաժողովը: Մաղթում եմ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, որը նոր գաղափարների փոխանակման հնարավորություն կտա և կնպաստի թանգարանների զարգացմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը»,- եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ նվիրվածության և ջանքերի համար շնորհակալություն հայտնելով թանգարանային ոլորտի աշխատակիցներին և գիտաժողովի կազմակերպիչներին:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Հայաստանից և 11 երկրներից:  Ոլորտի մասնագետները հանդես կգան զեկուցումներով, տեղի կունենան ԻԿՕՄ-ի` համատեղ տարեկան գիտաժողովներում ընդունված ձևաչափերով մասնագիտական քննարկումներ և հանդիպումներ։

Գիտաժողովի գլխավոր զեկուցողներն են պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը, Բարսելոնայի համալսարանի մշակութային կառավարման ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Լուիս Բոնեթը, գերմանացի էթնոլոգ, հետազոտող դոկտոր Քեթրին Փաբսթը: Բանախոսները  ընդարձակ զեկույցներ  կներկայացնեն պատերազմական կամ այլ դժվարին պայմաններում թանգարանների առջև ծառացող հիմնախնդիրների վերաբերյալ: Գիտաժողովի երրորդ օրը Երևանի պետական համալսարանում ուսանողների համար նախատեսված են հատուկ սեմինարներ, որոնք կվարեն ԻԿՕՄ ԻՔԹՕՓ-ի և ԻԿՕՄ ԱՅՍԻ ԷԹԻՔՍԻ խորհրդի անդամները։ Գիտաժողովին մասնակցությունը նախապես գրանցումով է։

Գիտաժողովի իրականացմանն աջակցել են նաև Երևանի պետական համալսարանը,  Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանը։  

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031