Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը, հիմնադրամները եւս կարող են հավատարմագրվել. օրենսդրական փաթեթն արժանացել է նաեւ Վենետիկյան հանձնաժողովի դրական արձագանքին». Արմենուհի Հարությունյան

Հոկտեմբեր 23,2024 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների եւ հանրության բավականին լայն շրջանակի հետ քննարկումների արդյունք է, արժանացել է նաեւ Վենետիկյան հանձնաժողովի դրական արձագանքին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ քաղաքացիներն ավելի դյուրին կիրականացնեն իրենց ընտրական իրավունքներըգ իրենց հաշվառման համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում՝ քաղաքացիներն արդեն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը եւ էլեկտրոնային ծանուցումով նոր տեղամասում քվեարկել առանց թղթային տեղեկանքի: Հաշմանդամություն եւ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք եւս էլեկտրոնային դիմումով կկարողանան ընտրել իրենց համար ավելի մատչելի ընտրատեղամաս, տեսողության խնդիրներ ունեցողները կապահովվեն լրացուցիչ միջոցներով: Առաջարկվել է քրեականացնել ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը: Կմիասնականացվեն հերթական եւ արտահերթ ընտրությունների ժամկետները՝ ընտրական գործընթացներն ավելի պատշաճ կազմակերպելու համար: Քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ առաջնահերթություն է տրվելու թեկնածուների, վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի անդամների դիմումներին, եւ առաջին հերթին կվերահաշվարկվեն այն ընտրական տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում:

«Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը: Այսուհետ հիմնադրամները եւս կարող են հավատարմագրվել: Կարգավորվում է քարոզչական նյութերի փակցման հարցը, որպեսզի մեր քաղաքացիների ապրելու միջավայրը, փողոցները, բազմաբնակարան շենքերը, պատշգամբները չլցվեն քարոզչական պաստառներով»,- ասել է Արմենուհի Հարությունյանը:

Ընտրատարածքային, ընտրական հանձնաժողովների անդամների համար սահմանվելու է ամենամյա ատեստավորման պահանջ՝ ընտրական գործընթացներն առավել մասնագիտացված եւ պրոֆեսիոնալ կազմակերպելու համար:

Հստակեցվում է, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների հետ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում: Ներկայում գործող օրենքներով արգելվում է ընտրությունների նշանակումն ու անցկացումը ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում: «Հնարավորություն տալու հարց է առաջացել՝ հաշվի նստելով նոր իրողությունների հետ: Մյուս բոլոր դեպքերում ընտրական գործընթացը կկասեցվի եւ կշարունակվի այն պահից, որտեղ կանգ է առել որոշակի բացառություններով»,- մանրամասնել է փոխնախարարը: Վարչական պատասխանատվություն կնախատեսվի թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, սահմանված կարգի խախտմամբ կամ չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու համար:

Արմենուհի Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա ներկայացրել է մանրամասներ եւ պարզաբանումներ «ընտրությունների նշանակումն ու անցկացումը ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում» դրույթին վերաբերող փոփոխությունների մասին:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են վերջին շրջանում ընտրական գործընթացների արդյունքում վեր հանված հիմնական խնդիրները լուծելու համար: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն աշխատանքային որոշում է կայացրել ունենալ աշխատանքային խումբ, որը ձեւավորվել է եւ աշխատում է օրենսդրական փաթեթի լավարկման համար: Առաջիկայում նախատեսվում է արտագնա քննարկում հանձնաժողովի անդամների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու բարձրացված հարցերն օրինագծի վերաբերյալ: Հարակից զեկուցողը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ կոչ անելով կողմ քվեարկել:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, չափազանց կարեւորելով ընտրական օրենսդրության փաթեթի քննարկումը, այդ թվում՝ հանրային, մասնագիտական դաշտի լայն ընդգրկմամբ, անդրադարձել է արտակարգ եւ ռազմական դրության հիմքով ընտրությունները հետաձգելու հարցին: «Կարգավորումը վերաբերում է ամբողջ գործընթացին եւ հաշվի չեն առնվում մի շարք առանձնահատկություններ»,- ասել է խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով, որ վերաբերելի դրույթն ամբողջությամբ վերանայման կարիք ունի:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Արծվիկ Մինասյանի դիտարկումներին, նշել է, որ հանձնառություն են ստանձնում քննարկել բարձրացված հարցերն արտագնա քննարկումների ժամանակ, նշելով նաեւ, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծավալուն փաթեթը քննարկելու հնարավորություն ընձեռելու համար՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի շրջանակում Արդարադատության նախարարությունը բաց է եւ պատրաստակամ քննարկումների ու արդյունավետ որոշումներ ընդունելու հարցում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031