ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն ու կրթության շարունակականության իրավունքի իրացման գործընթացի հեշտացումն է:
«Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք ընձեռում ուսումնառության ողջ ընթացքի համար տարկետում ստանալ մեկ անգամ՝ այն քաղաքացիներին, որոնք շարունակում են կրթությունը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ պարտադիր 12-ամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման շրջանակում»,- հարցի զեկուցման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիների համար այս փոփոխությամբ կհեշտացվի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։
Կարդացեք նաև
«Մի քանի հազար քաղաքացիներ, որոնց 18 տարին լրացել է, սակայն դեռևս շարունակում են սովորել դպրոցներում, ինչպես նաև 9-րդ դասարանն ավարտելուց հետո, առանց կրթության ընդհատման, ուսումը շարունակում են քոլեջում կամ ուսումնարանում, կկարողանան մեկ անգամ ստանալով տարկետում՝ հաջողությամբ ավարտել ուսումնառությունը, այնուհետև անցնել պարտադիր զինվորական ծառայության»,- ասել է նախարարը՝ հստակեցնելով, որ մանրամասն քննարկվել է «կրթությունն առանց ընդհատման շարունակելու» եզրույթը և դրանով պայմանավորված հնարավոր այլ իրավական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝ խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են:
Նախարարը նաև նշել է, որ նոր կարգավորմամբ շահառուների խումբը չի փոխվում, պարզապես կրճատվում են վարչարարությունը և թղթաբանությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ