«Ալեն Սիմոնյանի պահվածքը չի տեղավորվում ոչ քաղաքակրթական, ոչ պառլամենտական, ոչ էլ տղամարդու վարքագծի շրջանակներում»,- սա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գնահատականն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ երեկ դրսեւորած վարքագծին։
«Ցավոք, փողոցային բարքերի եւ բառապաշարի դրսեւորումները Հայաստանի ԱԺ-ում նորություն չեն։ Մեղմ է ասելը, թե սա դաստիարակության պակաս է, փողոցային բարքերի դրսեւորում։ Սա նաեւ քաղաքական բովանդակության բացակայություն է, անարգանք է Հայաստանի թիվ մեկ ներկայացուցչական մարմնի, պետական կարեւոր ինստիտուտի՝ պառլամենտի նկատմամբ։ Սա անպատժելիության, անպատասխանատվության ու անկաշկանդ ցինիզմի դրսեւորում է։ Հանրության արժեքային ճգնաժամն այսպես է լինում։ Այսքանից հետո դեռ Ալեն Սիմոնյանը շարունակում է ինքն իրեն արդարացնել․․․ բառեր չեմ գտնում»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։
Հիշեցնենք, երեկ ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո, Ալեն Սիմոնյանը որոշեց գնահատել վերջինիս ելույթը՝ ասելով՝ ես էլ ասում էի՝ գալու ես, լուրջ ելույթ ունենաս, հիասթափեցնում ես. «Կրկին փորձիր, հաջորդ անգամ լավ պատրաստվիր, փորձիր»։ Սա ընդդիմադիր պատգամավորների եւ Ալեն Սիմոնյանի միջեւ լեզվակռվի առիթ դարձավ, ինչի արդյունքում, ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Ալեն Սիմոնյանին հիշեցրեց, որ նա թքել է քաղաքացու վրա։ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող էլ չկա»։
Կարդացեք նաև
Թեման շարունակվեց նաեւ այսօր, Արծվիկ Մինասյանը պահանջեց, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի, նա էլ հրաժարվեց։
Ուշագրավ է, որ այդ վեճի ժամանակ դահլիճում գտնվող ՔՊ-ական պատգամավորները գոհունակությամբ էին հետեւում Ալեն Սիմոնյանի պահվածքին։
Թեման անարձագանք մնաց նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում։ Մինչդեռ մի քանի տարի առաջ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին ուղղված «սիրուն աղջիկ» արտահայտությունը տեւական ու բուռն քննարկման թեմա դարձավ՝ Էդմոն Մարուքյանի կողմից պատգամավորին ոչ վայել պահվածք դրսեւորելու, սեքսիստական մոտեցում ցուցաբերելու համատեքստում։
Aravot.am-ը փորձեց նաեւ իրավապաշտպաններից տեսակետ ստանալ․ մեր զանգերը կամ անպատասխան մնացին, կամ՝ զրուցակիցներն անտեղյակ էին միջադեպից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ