«Ծնունդով Հրազդանի Լեռնանիստ գյուղից եմ: Բարձր սարերը, ծովի պես կապույտ երկինքը, լողացող ամպերը ինձ մանկություն են տանում: Իմ գյուղում խաղաղ էր, անհոգ, ուրախ, վազվզում էի դաշտերում ու սարերում», – պատմում է Զորիկ Սայադյանը:
Մանկությունը մի ակնթարթի պես անցավ ու Զորիկը ծառայության գնաց: Քարվաճառի բարձր լեռներում էր ծառայում: Հաճախ իր գյուղի լեռներին էր նմանեցնում: Ինչպես իր գյուղում, այստեղ էլ տարվա կեսը ձյուն էր, կեսը՝ անձրև, «ոտքերս կլոր տարին սառած էին»,-պատմում է նա: Զորացրվելուց տարիներ անց ողնուղեղը բորբոքվեց ու ոտքերը թուլացան:
«Գինու-կոնյակի գործարանում էի աշխատում: Արևահամ խաղողը բեռնատարներով բերում, դատարկում էին ու սկսում էինք գինու ու կոնյակի պատրաստման գործընթացը: Բազմաթիվ անքուն գիշերներ եմ լուսացրել գործարանում»,-պատմում է Զորիկը:
Հիմա Զորիկը Զինվորի տանն է բուժվում: Լոկո սարքի վրա ոտքերն է աշխատեցնում: Դեմքը լարվել, կարմրել ա: Հարցնում եմ «ինչի՞ ես կարմրել»: «Սարքի ընթացքին հավասար ձև եմ անում, թե քայլում եմ»,-պատասխանում է: Ոտքերը համարյա չի զգում, բայց քայլելու ցանկությունը անսահման մեծ է: Սարքը աշխատացնող կինեզիստը բացատրում է. «Չքայլող մարդկանց համար քայլքի իմիտացիա է լոկո սարքը, նաև մկաններն ու հոդերն է աշխատեցնում: Սարքը միակն է Հայաստանում ու տարածաշրջանում»:
Կարդացեք նաև
Զորիկի ոտքի կանգնելու հիմնական մոտիվացիան որդին է՝ 11-ամյա Լևոնը: «Ուզում եմ քայլեմ, որ տղուս ձեռքը բռնեմ, իջնենք բակում քայլենք: Ուզում եմ չնեղվի, որ հերը սայլակին է »,-ասում է Զորիկը:
«Զորո, կներես, ոտքդ տրորեցի»: Անցնելիս Վահեն Զորիկի ոտքն էր տրորել: «Ոչինչ, դա մեկ է չեմ զգում, ոնց որ հարևանի ոտք լինի», – կատակում է Զորիկը: Զորիկն ու Վահեն նույն սենյակում են: Զորիկը Վահեի կոշիկի քուղերն է կապում: Վահեն Զորիկի սայլակն է մոտեցնում, եթե կարիք լինում է: Գլխուղեղ ու ողնուղեղ վնասած տղերքն իրար օգնում են, միաժամանակ աշխույժ կատակում:
Մարզումների, բուժումների երկարատև ջանքերը շատ չսպասեցրին: Զորիկը ոտքի կանգնեց: «…բայց դեռ բուժումների երկար ճանապարհ ունեմ, մինչև ոտքերս վերջնական ձգվի…»:
Պատմվածքի հեղինակ՝ 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյան
Լուսանկարում Զորիկ Սայադյանն է՝ պատմվածքի հեղինակ Նարեկ Վարդանյանի հետ: Լուսանկարիչ՝ 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյան:
Զինվորի տուն վերականգնողական կենտրոն