Ազգային ժողովի նիստում երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նկատի ունենալով ընդդիմադիրներին, ասել էր․ «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա․․․»։
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ալեն Սիմոնյանի պահվածքին ու հորդորեց ներողություն խնդրել այդ ռեպլիկի համար։ «Պատասխանատվությունը եւ հանրային ընկալման տեսակետից հասարակությանը գնահատելը պահանջում ու պարտադրում է առաջին հերթին հարգանք հանրության եւ դիմացինի նկատմամբ։ Եվ երբ խոսափողը գտնվում է մարդու ձեռքին եւ ինքը կարող է այդ խոսափողից օգտվելով հայտարարություններ անել, դրանից առաջ նաեւ պետք է մտածի, որ ի տարբերություն մյուս պատգամավորների, որոնց խոսափողներն անջատված են, չի կարող իրեն թույլ տալ փողոցային բառապաշար»։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վախենալու բան չկա, բայց մարդը, որը պետք է ներողություն խնդրի, պետք է իրեն մեղավոր ճանաչի եւ զգա, որ ինչ-որ արարք է արել, որը պետք չէր անել։ Երբ որ դուք գալիս ես, շատ հանգիստ տոնով բարոյախրատական բաներ եք ասում, ես ուզում եմ ձեզ հարց տալ՝ արդյոք երբ որ ձեր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այստեղ նստած լսումների ժամանակ լսում էր, որ այս ամբիոնից ելույթ ունեցող որոշ բանախոսներ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցնում, այդ հորդորը դուք իրեն արել եք, թե՞ ոչ։ Արդյոք Սեյրան Օհանյանը ձեր խմբակցության եւ ձեր կարծիքը կիսո՞ւմ է, սա ձեր կարծիքն է, թե՞ խմբակցության։
Կարդացեք նաև
Ձեր գործընկերը՝ տիկին Կյուրեղյանը, որը հայտնի է ամենադատապարտելի եւ ամենափողոցային տարբերակով մտքեր արտահայտելով, դուրս գալուց հերթական բանն է իրենց թույլ տվել, որին ի պատասխան ես արձագանքել եմ եւ միշտ արձագանքելու եմ։
Եվ այն բանը, որ ինչ-որ էակներ գիշերը իմ եւ իմ ընտանիքի անդամների նկարներն են փողոցում կպցնում, վատ բառեր են գրում, դրան ինչ-որ ձեւ արձագանքե՞լ եք։
Կամ որ Դաշնակցության հետ կապ ունեցող տարբեր տելեգրամյան ալիքներում իմ անձնական համարն է տեղադրվում հայհոյանքներ են գրվում դրան արձագանքե՞լ եք։ Ստանդարտները երկակի չեն լինում, քամի ցանողը փոթորիկ է հնձելու»։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանը՝ որպես ԱԺ նախագահ, անպատասխանատու վարքագիծ է դրսեւորում, այս ամբիոնից հոխորտում է նոր վիրավորանքներ հնչեցնելու սպառնալիքով։ «Բայց, պարոն Սիմոնյան, ենթադրենք վաղն այդ միկրոֆոնը ձեզ մոտ չէ, թիկնազորը չկա, այդ դահլիճից դուրս եք, դուրս եք գալու հանրության մեջ, որտեղ ոչ ոք թեւեր չեն բռնի, այդ մարդկանց հետ պետք է շփվեք, չէ՞։ Դահլիճի ձախ կողմից ինչպիսի՞ արտահայտություններ են լինում, դուք երբեւէ մեծամասնության պատգամավորների այդ պահվածքը դատապարտե՞լ եք, ասե՞լ եք, որ չի կարելի»,- նշեց Մինասյանը։
«Այդ նարատիվը, որ փորձում եք առաջ տանել, որ ես պատսպարվում եմ իմ պաշտոնի կամ օրենքով ինձ հասանելիք թիկնապահների շնորհիվ, երեւի մի փոքրիկ խմբակում է արդիական, որովհետեւ երբ Ռոբերտ Քոչարյանը եւ դուք իշխանության էիք եւ մարդկանց «պադեզդներում» ծեծում էիք, մարդկանց գլուխը խփում էին զուգարանակոնքին, ես շատ բաց եւ ուղիղ կոչում էի իրերն իրենց անունով եւ հետագայում էլ եմ նույն կերպ վարվում։ Իմ հետ սպառնալիքներով մի խոսացեք, դա չի անցնելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ