Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչական առումով կարեւոր էր Շողակաթի ֆիլմը, իսկ «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը» եղածներից ամենագրագետ արված աշխատանքն էր. Դավիթ Սահակյանց

Հոկտեմբեր 23,2024 13:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայկական ազգային կինոկադեմիայի որոշման վերաբերյալ կրքերը չեն հանդարտվում: Վերջերս ամփոփելով ընտրության արդյունքները՝ կինոակադեմիան  հայտնել է, որ  «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում  Հայաստանից «Օսկար» մրցանակաբաշխությանը կառաջադրվի Էդգար Բաղդասարյանի «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Տարբեր անհատներ կարծիքներ են հայտնում, որ ճիշտ կլիներ Շողակաթ Վարդանյանի՝ բազմաթիվ մրցանակներ ստացած «1489»-ին նախապատվությունը տրվեր, հատկապես որ այն 44-օրյա պատերազմի մասին է:

Կինոքննադատ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շողակաթ Վարդանյանի «1489»-ը Բուենոս Այրեսի վավերագրական կինոյի փառատոնի (FIDBA) միջազգային մրցույթում լավագույն լիամետրաժ վավերագրություն ճանաչվելուց հետո հիմա էլ գլխավոր մրցանակ է ստացել Լոս Անջելեսի վավերագրական կինոյի փառատոնում (Doc LA): Ֆիլմն արդեն իր արժանիքները վավերացնող կարևոր մրցանակների մի ամբողջ հավաքածու ունի և  շարունակում է հաղթարշավն աշխարհով մեկ, առաջիկայում կցուցադրվի Ֆրանսիայում,  Չեխիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հունգարիայում և այլուր:

Այս ամենի ֆոնին անհնար է դառնությամբ չարձանագրել, որ Հայկական ազգային կինոակադեմիա հորջորջվող կառույցը, «1489»-ից խլելով Օսկարյան մրցանակաբաշխությանն առաջադրվելու հնարավորությունը, ոչ միայն հայտնվել է աբսուրդի բարձրակետին, այլև, ըստ էության, հայկական կինոն զրկել իսկապես հազվագյուտ պատմական շանսից, էլ չեմ ասում՝ մեր երկրի հետ կատարված ողբերգությունը կինոյի վերին հարթակներից մեկում ներկայացնելու պատեհությունից, և եթե իրերն իրենց անուններով կոչենք, սա դժվար է այլ կերպ բնորոշել, քան հակաազգային, հակապետական գործելակերպ՝ էական չէ նույնիսկ՝ գիտակցված թե չգիտակցված»:

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի ձեւակերպմամբ, Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն ապաքաղաքայնացվածներիցս է եւ  Օսկարներ է շնորհում հիմնականում իր քաղաքական օրակարգի շրջանակում, իսկ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու համար ընտրվել է մի ֆիլմ, որի համարտադրող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է, հետեւաբար  այդ ֆիլմը կարող է անգամ Ամերիկյան կինոակադեմիայի հայտերի ընդունման բաժին չհասնել:

Քանի որ Էդգար Բաղդասարյանի «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը» ֆիլմի օգտին քվեարկած ակադեմիայի  անդամներից մեկը ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն (լուսանկարում) է, Aravot.am-ը թեմայի վերաբերյալ նրանից մեկնաբանություն խնդրեց:

«Շողակաթի ֆիլմը, ցավոք սրտի,  տեխնիկական պատճառներով ուշ եմ  նայել: Քարոզչական առումով, կարծում եմ, շատ ավելի կարեւոր էր Շողակաթի ֆիլմը, թեեւ արդեն չգիտես, թե ինչ ընկալում կստանա վերջին դեպքերից հետո:

Իսկ ընդհանրապես հայկական կինոյի վիճակն է խնդիրը, հայկական կինոն ծանր վիճակում է: Կարծում եմ՝ գրագետ, ճիշտ արված ֆիլմ պետք է ուղարկվի Ամերիկա, մնացածը շատ սուբյեկտիվ է՝ ինչքանով է լավ, քարոզչություն կա մեջը, թե ինչ: Իմ համոզմամբ, Էդգար Բաղդասարյանի «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը» ֆիլմն է այսօրվա ամենագրագետ արված աշխատանքը: Եթե ուղարկում ենք «Օսկարի», պետք է մաքսիմալ ճիշտ ու գրագետ արված աշխատանք լինի: Չնայած, ով գիտի, գուցե ֆիլմը մերժեն հենց առաջին փուլից: Հիմա դա՛ ունենք, ֆիլմն ընտրվել է եղածներից եւ լավագույնն է դրանց մեջ»,-ասաց Դավիթ Սահակյանցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031