Լրահոս
Օրվա լրահոսը

«Անուրանալի է Բաբկեն Արարքցյանի դերը Հայաստանի անկախության ձեռքբերման և նորանկախ պետականության կայացման դժվարին ճանապարհին». Արամ Մանուկյանը՝ Բաբկեն Արարքցյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը

Հոկտեմբեր 23,2024 13:16

Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում կայացել է պետական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում: Այն կազմակերպել էին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն ու Արարքցյան ընտանիքը:

Որպես Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի գործունեությանը նվիրված իր խոսքում, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը շեշտել է Արարքցյանի առաջնորդած խորհրդարանի բացառիկությունը:

«ԳԽ-ում գործում էին 5 կուսակցական խմբակցություն և 12 պատգամավորական խումբ: Խորհրդարանում ներկայացված էին նաև 18 հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նման բազմազանություն հետագայում չի եղել մեր խորհրդարաններում: Չնայած այս փաստին, ԳԽ-ն ցուցադրեց արդյունավետություն և քաղաքական որակ», – ասել է Արամ Մանուկյանը:

Նա պատմել է, որ մշտական հանձնաժողովների մեծ մասում ընդդիմադիրները մեծամասնություն էին կազմում, իսկ կառավարությունում միայն 5-6 նախարար կար իշխող ուժից:

«Երբ թողնում ես, որ ընդդիմությունն ազատ գործի, նա սկսում է վստահել իշխանությանը: Այսպես` իշխանությունն ու ընդդիմությունը դառնում են համախոհներ: Դա քաղաքականություն է»:

Արամ Մանուկյանը խոսեց թվերով. «Բաբկեն Արարքցյանի ղեկավարած խորհրդարանն ընդունել է 1169 որոշում, 185 օրենք և 148 միջազգային պայմանագիր: Հայաստանի ժողովրդավարացման և տնտեսական ազատականացման բարեփոխումների նկատմամբ գնահատական էր նաև Հայաստանի անդամակցությունը միջազգային կառույցներին, համագործակցությունն ու ծրագրերի իրականացումն ինչպես այդ կառույցների, այնպես էլ այլ պետությունների հետ», – շեշտել է ՀԱԿ փոխնախագահը, նշել միջազգային այդ կառույցները՝ ԱՊՀ-ից՝ ՍԾՏՀԿ, ԵԱՀԿ-ից՝ ՄԱԿ:

Միջխորհրդարանական դիվանագիտությանն իր խոսքում անդրադարձել է 1992-1998 թթ․ Արարքցյանի օգնական Արտակ Գնունին, որն ընդգծել է. «Համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ 1993-1995 թթ․ Վրաստանի, Լիբանանի, Սիրիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի օրենսդիր մարմինների հետ կնքվեցին միջխորհրդարանական համագործակցության պայմանագրեր։ Նմանատիպ փաստաթուղթ ստորագրվեց նաև ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի և ԼՂՀ ԳԽ նախագահ Կարեն Բաբուրյանի կողմից։ Ստեղծվում էին միջխորհրդարանական բարեկամական խմբեր»։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում Գնունին ասել է. «Երկկողմ փոխառնչությունների հարթակներում ՀՀ Գերագույն խորհուրդն ու անձամբ Բաբկեն Արարքցյանը մեծ դեր ունեցան տարբեր երկրների օրենսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»։

Արամ Մանուկյանը խոսել է նաև անկախությունից հետո մեկնարկած բարեփոխումների մասին՝ մատնանշելով խորհրդարանի դերը՝ ընդունված ակտերով Հայաստանի ժողովրդավարացումը, տնտեսական ազատականացումը, սեփականաշնորհումը, դատաիրավական համակարգի կայացումն առաջ մղելու ջանքերում:

«Անուրանալի է Բաբկեն Արարքցյանի դերը Հայաստանի անկախության ձեռքբերման և նորանկախ պետականության կայացման դժվարին ճանապարհին: Նա այդ գործին լծվեց անսահման նվիրումով», – ընդգծում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Աբրահամյանի ելույթն էլ նվիրված էր 1998 թվականի իշխանափոխությունից հետո Բաբկեն Արարքցյանի գործունեությանը։ Բաբկեն Արարքցյանը «ԱՐՄԱՏ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիրն էր։

«Եթե նախորդ ժամանակաշրջանում, ինչպես տեսանք, Բաբկեն Արարքցյանն իր թիմակից ընկերների հետ լուծում էին Հայաստանի անկախության նվաճման, պետականության կայացման, ԼՂ հակամարտության կարգավորման բարդագույն խնդիրները, այժմ էապես փոխվում էր խնդիրների բնույթը։ Նա ստիպված էր լինելու պայքարել արժեքների պաշտպանության, պահպանության համար։ Այլ կերպ ասած, նա պետք է կանգներ պետականության հիմնադրույթների պաշտպանության դիրքերում», – նշել է Սամվել Աբրահամյանը։

Սամվել Աբրահամյանը պատմեց նաև «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության մասին, որի հիմնադիրը նույնպես Բաբկեն Արարքցյանն էր։

«Այլընտրանք»-ը նպատակ ուներ «ակտիվ, համարձակ, անընդհատ հրապարակային գործողություններով կոտրել վախի մթնոլորտը, վստահություն ներշնչել քաղաքացիներին, որ նույնիսկ ստեղծված իրավիճակում հնարավոր է արդյունավետ պայքար մղել իրավունքների և ազատությունների պաշտպանության համար և դառնալ մի կենտրոն, որի շուրջ կարող է տեղի ունենալ ժողովրդավարական ուժերի համախմբում՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններում լայն ֆորմատ ձևավորելու հեռանկարով»։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև մաթեմատիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, 1991-1998 թվականներին ՀՀ նախագահի օգնական, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, նախկին պատգամավորներ Ավետ Գրիգորյանն ու Կամո Արեյանը՝ ներկայացնելով Բաբկեն Արարքցյանի գիտամանկավարժական գործունեությունը, «Ղարաբաղ» կոմիտեում նրա դերը եւ արված աշխատանքները, որպես ԳԽ և ԱԺ նախագահի նրա մատուցած ծառայությունը, միջխորհրդարանական դիվանագիտական գործունեությունը, բիշկեքյան գործընթացով հրադադարի հաստատման գործում նրա ունեցած ներդրումը, անկախության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի դերում իր աշխատանքը, Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձևավորումը։

Իսկ Բաբկեն Արարքցյանի դուստր Աստղիկ Արարքցյանը ներկայացրել է իր հայրիկին՝ որպես ընտանիքի մեծի, պատմել նրա արմատների, Արարքցյան գերդաստանի մասին: Միջոցառման վերջում խոսք է ասել Բաբկեն Արարքցյանի այրին՝ Կարինե Ավագյանը։

Բաբկեն Արարքցյանը ծնվել էր 1944 թվականի սեպտեմբերի 16-ին: Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու: 1988 թվականի դեկտեմբերի 10-ից 1989 թվականի մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել և պահվել է Մոսկվայում: Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր հայրերից է: Վախճանվել է 2023 թվականի դեկտեմբերի 13-ին՝ 79 տարեկան հասակում:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031