Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց մասի եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ․․․»․ Ալեն Սիմոնյանը՝ նոր զիջումների մասին

Հոկտեմբեր 23,2024 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, պատասխանել էր․ «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գան այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:

Լրագրողներն այսօր հարց ուղղեցին Ալեն Սիմոնյանին՝ ի՞նչ նկատի ուներ նման հայտարարություն անելով, որտեղի՞ց պետք է դուրս գան հայկական զորքերը, եւ արդյոք վտանգավո՞ր չէ նման հայտարարություն անելը։

«Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ կոորդինատներ տա՞մ, լո՞ւրջ եք ասում։ Բայց ակնհայտ է եւ դա երեւաց նաեւ Տավուշի սահմանը վերարտադրելու ժամանակ, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր․․․ Սահմանը եթե սահմանագծված ու սահմանազատված չէ, այդ խնդիրը կա։ Վերեւից մինչեւ ներքեւ մենք պետք է սահմանը վերհանենք։ Այդ նույն Տավուշի գյուղերի բնակիչները կարծում էին, որ եկեղեցին մնալու է այն մյուս կողմը կամ այսինչ գետը մնալու է այսինչ կողմը, բա պետք է այդ ամեն ինչը վերհանվի։ Ուզում եք ասել՝ այնտեղ հստակ սահմանազատված եւ սահմանագծված տարածք կա՞, եւ մեր զորքերն ու ադրբեջանական զորքերը կանգնած են այնտեղ, որտեղ պետք է կանգնե՞ն։ Իհարկե, ոչ»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավո՞ր չէ իր այս հայտարարությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ, որովհետեւ ես կարծում եմ, որ դա բնական բան է, որ եթե սահմանը սահմանազատված չէ, ակնհայտ է, որ մի տեղ կարող է դուք մի քիչ առաջ լինեք, մի տեղ կարող է ես մի քիչ առաջ լինեմ։ Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց մասի եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը գտնվում է իրենց մասում։ Դա որեւիցե մեկի համար գաղտնիք չէ։ Հենց սահմանազատումն ու սահմանագծումը դրա համար է արվում, որպեսզի այդ հարցերը լուծվեն»։

«Իմ ասածը հետեւյալն է, որ բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան, բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք։ Մերը մերն է, իրենցն իրենցն է։ Իրենք 200 քկմ չափով մեր տարածքի մեջ են։ Այդքանը բոլորին հայտնի է, բայց կրկնում եմ՝ այդ նույն Տավուշի մասով կա երկու եռանկյունիների վիճակը»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ինքը մանրո՞ւք է համարում, որ ադրբեջանցիները չեն հեռանում ՀՀ օկուպացված տարածքներից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես համարում եմ, որ հիմնական նպատակը դա խաղաղություն հաստատելն է եւ մեր 296 743 քկմ-ն արձանագրելը եւ վերհանելը այդ սահմանը։ Չէ, ես դա մանրուք չեմ համարում, ասում եմ, որ գլոբալ պատկերի մեջ մենք պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք։ Հիմա մենք ունենք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկում եւ այդ քննարկման մեջ շատ կարեւոր հարցեր կան, որոնք ներառված չեն պայմանագրում։ Բայց դրանք նախատեսված չեն, որ ներառված լինեն այդ մասշտաբի, այդ ֆորմատի փաստաթղթի մեջ, որովհետեւ դու երբեւիցե չես կարող բոլոր հարցերը ներառել։ Բայց եթե գլոբալ ենք խոսում սահմանը վերականգնելու մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմա գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է, ինչպես որ մենք արդեն իսկ արել ենք եւ խաղաղության պայմանագիրը կնքելը։ Դրանից հետո մեր հարեւանների հետ մեր քաղաքացիներն առեւտուր են անելու, իրար հետ փոխայցեր են անելու, այդ բոլոր հարցերը լուծվելու են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե «խաղաղության պայմանագրի» նախագծում ադրբեջանցիների՝ հետ քաշվելու վերաբերյալ կետ կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես կետերը չեմ բարձրաձայնելու, ինչը բարձրաձայն ասվել է, ասվել է։ Բայց տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պետք է վերականգնվի այդ ոչ ճիշտ բանը։» Եվ ես վստահ եմ, որ այդ պայմանագրի կնքումով մենք դրան էլ կհասնենք, եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ։ Եվ մենք կվերհանենք այն սահմանը, որով մենք անկախացել ենք սեպտեմբերի 21-ին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031