Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ «խաղաղության պայմանագրի» ստվերի ներքո

Հոկտեմբեր 23,2024 14:00

Ընդդիմադիր հերթական շարժման ակտիվ շրջանի ավարտը նորից առաջնային դարձրեց ընտրական հնարավոր գործընթացների արդիականացման թեման: Մասնավորապես` վերջին շրջանում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում գտնում են, որ ներքաղաքական հիմնական դերակատարների մոտ զգալիորեն ակտիվացել է խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու նարատիվը:

Մի կողմից սա բնական եւ տրամաբանական է թվում, քանի որ ընդամենը 1,5 տարի հետո նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները: Միեւնույն ժամանակ, փորձագետներն իրավացիորեն արձանագրում են, որ հայաստանյան քաղաքական   դերակատարները, սովորաբար, ընտրական պրոցեսների մեկնարկը շատ ավելի ուշ են տալիս (հիմնականում ոչ շուտ, քան ընտրություններից վեց ամիս առաջ): Այս պարագայում թերեւս օրինաչափ են հնչում այն ենթադրությունները, որ իրականում հայաստանյան ներքաղաքական դաշտի հիմնական խաղացողները, համեմատաբար երկարաժամկետ հեռանկարում նշմարելով հերթական ընտրությունները, կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով, չեն բացառում նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը:

Ընդ որում, արդարացի լինելու համար պետք է նկատենք, որ հնարավոր ընտրական գործընթացի, այսպես կոչված՝ «դրայվեր» է հանդիսանում հենց իշխանությունը: Վերջինիս համար, թերեւս, ողջ 2024թ.-ն անցնում է նաեւ որպես առաջիկա ընտրական գործընթացների նախապատրաստման ակտիվ փուլ: Տարեսկզբից, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, վերսկսած մարզային այցելությունները եւ դրանց ընթացքում բեմականացված տարբեր շոուները` համեմված մանր եւ միջին տրամաչափի պաշտոնյաների հրապարակային «ինկվիզիցիաներով» եւ պաշտոնանկություններով, փաստացի տվեցին նախընտրական պայքարի իշխանական ստարտը:

Դրա վկայությունն են նաեւ, այսպես կոչված՝ «ապօրինի գույքի» հետ կապված քրեական գործերի եւ դատավարությունների վերսկսումն ու ակտիվացումը եւ «նավթալինից  հանած» Մարտի 1-ի գործի ռեինկարնացիան եւ դրանց զուգորդող քարոզչական աղմուկը: Ընդդիմության պարագայում, ընտրություններին նախապատրաստման գործընթացը թերեւս այդքան երեւացող չէ, քանի որ ընդդիմադիրները, մինչ վերջերս, հիմնական շեշտը շարունակում էին դնել գերազանցապես փողոցի գործոնի վրա: Ընդ որում, պետք է նկատել, որ քաղաքական շրջանակներում աստիճանաբար ավելի դոմինանտ է դառնում արտահերթ ընտրությունների տարբերակի հնարավորությունը: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտահերթ ընտրությունների պարտադրանքն ընդդիմության կողմից ապահովված չէ անհրաժեշտ ռեսուրսային եւ զանգվածային ուժով եւ էներգետիկայով, մնում է ենթադրել, որ արտահերթ սցենարների նախաձեռնողը կարող են լինել կամ բուն իշխանությունը, կամ դրսից եկող աշխարհաքաղաքական ճնշումները:

Առաջի դեպքում, վարչախումբը կարող է փորձել առավելություն ստանալ ընդդիմության հանդեպ անսպասելիության գործոնը օգտագործելով եւ գործընթացների տեմպոռիթմիկայի մեջ առաջ ընկնելով: Սակայն կա եւս մեկ կարեւորագույն քաղաքական եւ քարոզչական ռեսուրս եւ հանգամանք, որը փորձագիտական շրջանակների կարծիքով, կարող է զգալիորեն ազդել արտահերթ ընտրություններ կազմակերպելու իշխանության որոշման վրա: Խոսքն, իհարկե, գնում է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կամ հասարակության կողմից նմանատիպ մի բան ընկալվող, ստորագրված փաստաթղթի մասին: Վարչախումբն, անկասկած, կփորձի այն օգտագործել որպես ցանկացած իր քարոզարշավի «լոկոմոտիվ» եւ իր խոստումների իբր կատարման վառ օրինակ: Այս առումով իշխանության եւ նրա պարագլխի համար չափազանց գայթակղիչ կլինի այս քաղաքական եւ քարոզչական խայծն արտահերթ եղանակով իր ընտրազանգվածին «կերակրելու» համար: Ի դեպ, նկատենք, որ իշխանության մանեւրելու ժամանակն էլ անսահմանափակ չէ, քանի որ օրենքի պահանջով, խորհրդարանը ցրելու կա ոչ ուշ, 2025թ. օգոստոս (գործող ԱԺ լիազորությունները դադարելուց մեկ տարի շուտ):

Ինչ վերաբերում է արտաքին ճնշումների կամ պահանջների ներքո արտահերթ ընտրություններ պարտադրելու տարբերակին, ապա շահագրգիռ ուժային կենտրոնի գոյության պարագայում, թերեւս, պատրվակը միշտ կգտնվի: Օրինակ, խորհրդարանական ընդդիմության դե յուրե բացակայությունը խորհրդարանում կամ անգամ դրա սպառնալիքը, Արեւմուտքը կարող է դիտարկել որպես քաղաքական ճգնաժամ եւ իշխանության լեգիտիմության դեֆիցիտ, պարտադրելով կամ «հորդորելով» գործող իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների:

Նման սցենարները, շահագրգիռ ուժային կենտրոնների գոյության պարագայում, կարող են տարաբնույթ լինել: Ընդդիմության պարագայում, ցանկացած` հերթական կամ արտահերթ ընտրական սցենարներում, բնականաբար, առաջնային նշանակություն է ունենում ինստիտուցիոնալ ռեսուրսի առկայությունը. կառույցներ, ֆինանսներ, մեդիա ռեսուրսներ, արտաքին քաղաքական ազդեցիկ կապեր եւ այլն: Այս կոնտեքստում, ինչպես ցույց տվեցին հետպատերազմյան ընդդիմադիր շարժումների եւ ընտրությունների փորձերը, ընդդիմադիր դաշտը շատ լայն ընտրություն չունի: Ինստիտուցիոնալ առումով, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ռեսուրսային առումով, մրցակցությունից դուրս են ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Այս պարագայում, երբ որոշ շրջանակների կողմից, անսպասելիորեն դրվում է նախկին նախագահների քաղաքականությունից դուրս գալու պահանջը, ապա դա մեխանիկորեն նշանակում է փաստացի ամայացնել ընդդիմության ռեսուրսային եւ ինստիտուցիոնալ հնարավորությունները: Սա առնվազն միամտություն է:

Ամեն դեպքում, ցանկացած ընտրական սցենարների պարագայում, ընդդիմությունը ստիպված է լինելու ընտրապայքարի կլասիկ եղանակները զուգորդել փողոցային պայքարի հետ: Ավելին` ընտրապայքարը պետք է հիբրիդային բնույթ կրի, իսկ ընտրության օրը ընտրական տեղամասերում ընդամենը դե յուրե պետք է արձանագրվի փողոցի դե ֆակտո իրավիճակը:

 Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031