Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում կայացել է պետական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում: Այն կազմակերպել էին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն ու Արարքցյան ընտանիքը:
«Եկեք հիշենք Բաբկեն Արարքցյանին, որպես ընտանիքի մեծի, որպես գիտնականի, որպես Շարժման նվիրյալի, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից մեկի, մեր երկրում պառլամենտարիզմի մշակույթ ձեւավորողի, մի հզոր անհատականության, որն արժանի է մեծագույն հարգանքի եւ մեծարանքի», – միջոցառման բացման խոսքում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը:
Նա հանդես է եկել նաեւ Անկախության գործընթացում եւ հանրաքվեի կազմակերպման գործում Բաբկեն Արարքցյանի դերի մասին ելույթով։ Ավետ Գրիգորյանի խոսքով՝ Բաբկեն Արարքցյանի համար ազատությունը եւ դա իրականություն դարձնելու անկախության գաղափարը եղել է հավատամք, ինչով առաջնորդվել է միշտ:
«Բաբկեն Արարքցյանը եղել է անկախության ողջ գործընթացի՝ սկսած նրա ծրագրային ձեւավորումից մինչեւ փաստական եւ իրավական կատարումը, բոլոր դրվագների ու քայլերի առաջին դերակատարներից», հավելել է նա, եւ շեշտել, որ Բաբկեն Արարքցյանի ներդրումն անուրանալի է:
Կարդացեք նաև
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր: Հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման մասին խոսելիս Ավետ Գրիգորյանն ընդգծել է. «Նրա գործունեությունը, որպես այդ հանձնաժողովի նախագահի, գնահատելու համար բավարար է միայն երկու փաստի արձանագրում. Նախ՝ հանրաքվեի բացառիկ արդյունքները, ինչպես նաեւ՝ հանրաքվեի միջազգային գնահատականը, համաձայն որի՝ այն կազմակերպված եւ անցկացված էր անթերի»:
Ելույթում նա խոսել է նաեւ անկախության գործընթացի ընթացքում Հայաստանին պատուհասած խնդիրներից՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանության և Հայաստանի կոմունիստների, ինչպես նաեւ որոշ այլ ուժերի եւ անհատների դիմադրության եւ դրա դրսևորումներից մեկի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Մոսկվայի ծրագրած «Կոլցո» գործողության մասին, գործողություն, որի ընթացքում եղան բազմաթիվ ցավալի զոհեր:
«Այդ գործողությունը հնարավոր չէր կասեցնել մեր զինված ջոկատների, որքան էլ հերոսական, բայց խորհրդային բանակի դեմ անկարող պայքարով։ Այն կասեցնելու գործում վճռական դեր խաղաց իշխանության, նաեւ Բաբկեն Արարքցյանի, ակտիվ մասնակցությամբ, ամենօրյա քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքը»,–պատմել է Գրիգորյանը:
Բաբկեն Արարքցյանի անկախական գործունեության համատեքստում Ավետ Գրիգորյանն անդրադարձել է անկախության ձեռքբերման վերաբերյալ «փաստերի եւ իրողությունների կեղծմանն եւ ուրացմանը»:
«Ցավոք, այսօր ձեւավորվում է թափ հավաքող ու քարոզչություն ենթադրող մի խոսույթ, որով փորձ է արվում նսեմացնել անկախության նվաճումը։ Ասվում է, թե չի եղել ձգտում, չի եղել պայքար, չի եղել նվաճում, այլ հանգամանքների բերումով, այն է՝ ԽՍՀՄ փլուզումով, որպես մանանա՝ անկախությունն ընկել է մեր ժողովրդի գլխին: Այդ խոսույթը այնքան վտանգավոր է, այնքան անբարո, պայքարում տրված զոհերի հիշատակը ոտնահարող, որ դրան չհակազդելը կլինի դավաճանություն, ինչը համոզված եմ` չէր ների Բաբկեն Արարքցյանը», — եզրափակել է Ավետ Գրիգորյանը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև մաթեմատիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, 1992-1998 թվականներին Արարքցյանի օգնական Արտակ Գնունին, 1991-1998 թվականներին ՀՀ նախագահի օգնական, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Կամո Արեյանը և Սամվել Աբրահամյանը՝ ներկայացնելով Բաբկեն Արարքցյանի գիտամանկավարժական գործունեությունը, «Ղարաբաղ» կոմիտեում նրա դերը եւ արված աշխատանքները, որպես ԳԽ և ԱԺ նախագահի նրա մատուցած ծառայությունը, միջխորհրդարանական դիվանագիտական գործունեությունը, բիշկեքյան գործընթացով հրադադարի հաստատման գործում նրա ունեցած ներդրումը, Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձևավորումը և 1998 թվականի իշխանափոխությունից հետո նրա քաղաքական դիրքորոշումները։
Իսկ Բաբկեն Արարքցյանի դուստր Աստղիկ Արարքցյանը ներկայացրել է իր հայրիկին՝ որպես ընտանիքի մեծի, պատմել նրա արմատների, Արարքցյան գերդաստանի մասին: Միջոցառման վերջում խոսք է ասել Բաբկեն Արարքցյանի այրին՝ Կարինե Ավագյանը։
Բաբկեն Արարքցյանը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 16-ին: Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս էր՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու: 1988 թվականի դեկտեմբերի 10-ից մինչեւ 1989 թվականի մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել և պահվել է Մոսկվայում: Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր հայրերից էր: Վախճանվել է 2023 թվականի դեկտեմբերի 13-ին՝ 79 տարեկան հասակում:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ