ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՔՊ-ում արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ կոնսենսուս չկա։ «Նորմալ քննարկումներ են։ Ես կարծում եմ, որ դա շատ բնական է, եւ կառավարող ուժը մշտապես տարբեր քննարկումների միջոցով փորձում է գտնել լավագույն լուծումները։ Ես դա շատ բնական գործընթաց եմ համարում»,- ասաց նա։
Նա նշեց, որ չի կարող ասել, թե որքան կտեւեն թեկնածուի հարցի շուրջ քննարկումները, որովհետեւ ՔՊ վարչությունն է քննարկումներ անցկացնում։ «Ինքս մասնակցելով այդ քննարկումներին՝ շատ բարձր եմ գնահատում այս պրոցեսը, որովհետեւ շատ առողջ քննարկումներ են, թեկնածուները գալիս են, ներկայացնում ենք իրենց ծրագրերը, վարչության անդամները հարցեր են տալիս։ Եվ վերջում վարչության անդամներն այս կամ կերպ քվեարկում են»,- հավելեց Կոնջորյանը։
Հարցին, թե ինքն էլ է կարծո՞ւմ, որ թեկնածուն քաղաքական թիմից պետք լինի, ինչպես Արփի Դավոյանն էր ասում, Հայկ Կոնջորյանը պատասխանեց․ «Մենք պիտի առաջնորդվենք լավագույն թեկնածու գտնելու առաջնահերթությամբ, որովհետեւ մեր ոլորտի եւ պետական շահը մեզ թելադրում է, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը գտնել։ Թե կոնկրետ ինչ թեկնածու կլինի, ինչ լուծումներ կլինեն, վստահ եմ, որ դրա վերաբերյալ վարչության առաջիկա նիստից հետո դուք անպայման կտեղեկանաք»։
Նա հավելեց, որ ելնելով ոլորտի կարեւորությունից՝ բարձր չափանիշներ են դրվում։ Եվ այդ բարձր չափանիշների շրջանակներում շատ դժվար է գալ եզրահանգման։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից. ՔՊ վարչության նիստը 22.10.2024