Այս տարվա վերջին Հայաստանի պարտք-ՀՆԱ ցուցանիշը կմոտենա 50 տոկոսին։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այս պահին մեր վարկային պորտֆելի 50 տոկոսը դրամով է եւ 50 տոկոսն արտարժույթով է։ Արտարժույթով պորտֆելն էլ դիվերսիֆիկացված է, այսինքն՝ մի մասն ԱՄՆ դոլարով է, մյուս մասը՝ եվրոյով։ Պարտք-ՀՆԱ ցուցանիշն այս տարվա վերջում կմոտենա 50 տոկոսին»,- ասաց նախարարը։
Հարցին, թե նախատեսվո՞ւմ է ներքին պարտքի հաշվին նվազեցնել արտաքին պարտքը, նախարարը պատասխանեց․ «Մեր ուղենիշային մակարդակը 40/60 է, այսինքն՝ 40 տոկոսով դրամով վարկ ունենալ եւ 60 տոկոսով արտարժույթով։ Մենք այդ ուղենիշային մակարդակից բավական բարձրացել ենք եւ 50/50 ունենք։ Մյուս տարվա պարտքի քաղաքականության մեր մոտեցումներն այնպիսին են, որ փորձելու ենք մի քիչ ավելի մեծացնել արտարժույթով վարկի ծավալը մեր ընդհանուր պորտֆելում, որը կախված է արտարժույթի մեր կարիքների հետ։ Այսինքն՝ մենք պետք է այնպիսի որոշումներ կայացնենք, որպեսզի անհիմն ռիսկեր չստեղծենք մեր պարտքի սպասարկման տոկոսադրույքների բարձրացման ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ