Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը ոստիկանության տեսուչի գործով հաղթել է Սահմանադրական դատարանում

Հոկտեմբեր 23,2024 13:00

Ըստ դիմող Վճռաբեկ դատարանի՝ օրենսդիրը խտրական մոտեցում է ցուցաբերել մի կողմից՝ ոստիկանության ծառայողների եւ մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների (մասնավորապես՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ քրեակատարողական ծառայության ծառայողների) միջեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու հարցում:

Արդյո՞ք այլ պետական ծառայողների համեմատ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար միայն 3 ամսվա համար չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում ստանալու սահմանափակումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքին: Արդյո՞ք ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողների համար երաշխավորվում է աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված լեգիտիմ ակնկալիքի իրավունքն իրացնելու հնարավորությունը:

Դիմումատու ՀՀ վճռաբեկ դատարանը «Հանրային ծառայության մասին» օրենքով եւ օրենքով ամրագրված մի շարք իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքներով, նշել էր. «… ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով: Պետական ծառայության բոլոր տեսակի ծառայողների համար օրենսդրությամբ պետք է սահմանվեն միատեսակ սոցիալ-իրավական պայմաններ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օբյեկտիվ հիմք եւ իրավաչափ նպատակ տարբերակված մոտեցման համար: Ընդ որում, պետական ծառայության բոլոր տեսակի ծառայողների սոցիալ-իրավական կարգավիճակը նույնասեռ է, քանի որ նրանք բոլորն իրականացնում են հանրային ծառայություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը»։

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգի շրջանակներում քննեց Վճռաբեկ դատարանի՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դիմումը, հոկտեմբերի 18-ին հրապարակեց իր որոշումը:

Գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավված Ազգային ժողովը (ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյան):

Վարչական դատարանը մինչ այս, քննության է առել Մելիք Մ. Հակոբյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում` պաշտոնում վերականգնելուն եւ որպես հետեւանք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին (թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործ), 2022 թվականի փետրվարի 16-ին վճռել է. «Մելիք Մ. Հակոբյանի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը. «2022 թվականի փետրվարի 22-ին դատարանը որոշել է. «Ուղղել ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի թիվ ՎԴ2/0189/05/20 վճռի վրիպակը, վճռի եզրափակիչ մասում ձեւակերպված «Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը», դրա փոխարեն կարդալ «Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը»:

ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել Մելիք Մ. Հակոբյանին վերականգնել նախկին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնում: ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել Մելիք Մ.Հակոբյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը»:

Վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի հուլիսի 7-ին որոշել է.

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «ՀՀ ոստիկանության իրավահաջորդի» վերաքննիչ բողոքը բավարարել: Թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի վճիռը՝ հարկադիր պարապուրդի մասով, բեկանել եւ փոփոխել հետեւյալ կերպ. Պարտավորեցնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը Մելիք Հակոբյանին վճարելու դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Վճռաբեկ դատարանը, քննարկելով թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործի վարույթը կասեցնելու հարցը, 2024 թվականի փետրվարի 9-ին որոշել է. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ եւ 60-րդ հոդվածների համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ, կասեցնել սույն վարչական գործի վարույթը մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը»։

Ըստ դիմողի՝ ոստիկանության ծառայողները թվարկված մյուս ծառայողների հանդեպ ավելի բացասական իրավական դրության մեջ են, քանի որ նրանց նման հատուցումը սահմանափակված է եռամսյա ժամկետով, իսկ մյուս ծառայողներինը՝ ոչ. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր պարապուրդի հատուցման հարցում ոստիկանության ծառայողների առնչությամբ օրենսդիրը դրսեւորել է տարբերակված մոտեցում՝ չունենալով որեւէ օբյեկտիվ հիմք եւ ողջամիտ արդարացում»:

Ըստ պատասխանող ԱԺ-ի՝ Աշխատանքային օրենսգիրքը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, Օրենքի համապատասխան նորմը նախատեսել է անօրինականորեն ազատված ոստիկանության ծառայողի իրավունքի պաշտպանությունը փոխհատուցման վճարմամբ ապահովելու հնարավորություն՝ տրվող դրամական փոխհատուցման միջոցով, որը տրվում է նրան առավելագույնը 3 ամսվա աշխատավարձի չափով: Հետեւաբար՝ դիմողի այն պնդումը, որ խախտվել է վերջինիս սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքները, անհիմն է, իսկ վիճարկվող դրույթը լիովին համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի հայեցողությունը չի կարող վերաբերել պաշտոնից ոչ իրավաչափորեն ազատված անձանց փոխհատուցման իրավունքի սահմանափակմանը՝ դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) ժամանակահատվածի որոշակիացված լինելու՝ ազատման պահից մինչեւ վերականգնվելը, պայմաններում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետ՝ բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար, սահմանելու եւ, որպես վերջինիս հետեւանք, փոխհատուցման ծավալը սահմանափակելու առումով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային ծառայությունից ազատման հետ կապված վեճերով դատարանում գործի քննության առավելագույն (կոնկրետ) ժամկետ սահմանված չէ, իսկ գործնականում դրանց քննությունը, որպես կանոն, տեւական գործընթաց է, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ եւ վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ ամրագրված դրույթները դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) ժամանակահատվածի որոշակիացված լինելու՝ ազատման պահից մինչեւ վերականգնվելը, պայմաններում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետ՝ բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար, սահմանելու եւ, որպես վերջինիս հետեւանք, փոխհատուցման ծավալները սահմանափակելու առումով, չեն բովանդակում հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ հանրային ծառայության ստանձնած պաշտոնում պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովող կանխարգելիչ եւ պաշտպանական անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգեր: ՍԴ-ն որոշեց. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության եւ վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձեւակերպումը ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող եւ անվավեր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031