Հարցազրույց լրագրող, թարգմանիչ Հասմիկ Առաքելյանի հետ
– Վերջերս Francofest-ի շրջանակում կայացավ Անյես Մարտեն-Լյուգանի «Թելից կախված երջանկություն» վեպի շնորհանդեսը, որը դու ես թարգմանել: Սա քո երկրորդ աշխատանքն էր: Առաջինը նույն հեղինակի «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» բեսթսելլերն էր:
Հե՞շտ էր աշխատել երկրորդ վեպի թարգմանության վրա, ինչո՞վ էր այն առանձնահատուկ:
– Հեշտ կամ դժվար հասկացություն ինձ համար գոյություն չունի: Կա խանդավառությամբ կամ ստիպողաբար արված աշխատանք: Թարգմանական գործունեությունն ինձ համար իսկական մարտահրավեր է, որը ես խանդավառությամբ եմ փորձել հաղթահարել` ֆրանկոֆոն լրագրողի գրիչս ժամանակավորապես փոխարինելով թարգմանչի գլխարկի հետ: Ֆրանսիան այն գերտերությունն է, որն աշխարհին տվել է «Երգ Ռոլանդի մասին» միջնադարյան էպոսը, ծնել է Մոլիեր ու Հյուգո, Մարսել Պանյոլ ու Սենտ-Էքզյուպերի, բայց պարզվում է, որ այսօրվա ֆրանսիացին ժամանակակից գրականության մեջ փնտրում է նաեւ կինոլեզվով գրված պարզ, բայց խորաթափանց վեպեր, ինչպիսին մասնագիտությամբ հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանի ձեռագիրն է: Նա կարողում է ստեղծել մարդկային այնպիսի պատմություններ, որոնց հերոսների հետ այսօրվա ընթերցողը կարողանում է ինքն իրեն նույնացնել կամ գտնել իր իսկ մտքերի արտացոլանքը, գտնել իր հանցակցին, զինակցին: Հենց այդպիսի վեպ է «Թելից կախված երջանկություն»-ը, որի գլխավոր հերոսուհու տարերքը նորաձեւությունն է: Նա 31 տարեկանում փորձում է նոր կյանք սկսել` գնալով իր երազանքի հետեւից:
– Ի՞նչ կասես Մարտեն-Լյուգանի լեզվամտածողության, կանանց հոգեվիճակը ներկայացնելու եւ ընթերցողին գրավելու հմտության մասին:
– Անյեսն իր վեպերում պատմում է հիմնականում անձնական ճգնաժամեր ապրող կանանց մասին, բայց առանց բարդ մասնագիտական տերմինների: «Թելից կախված երջանկություն» գրքի հասցեատերը նախեւառաջ երիտասարդ կանայք ու աղջիկներն են, որոնց հեղինակն անուղղակիորեն ցույց է տալիս, որ չպետք է կարծրատիպերի զոհը դառնալ, այլ հակառակը, հարկավոր է զբաղվել այն մասնագիտությամբ, որը թեւեր է տալիս, ոգեշնչում, քանի որ լավ կատարված աշխատանքն այն է, որը սիրով ես անում: Դա՛ է հաջողության հիմքը: Գաղտնիք չէ, որ այսօր Ֆրանսիան աշխարհում պայքարում է կանանց նկատմամբ խտրականության դեմ եւ քայլեր ձեռնարկում կանանց իրավունքների պաշտպանության համար: Հայաստանում էլ, ցավոք, այս խնդիրն ամբողջովին վերացած չէ: Իսկ Լյուգանի վեպն իր փոքրիկ ուղերձներով այս պայքարի գրական դրսեւորումներից է:
– Եղե՞լ են հատվածներ, որ դժվարությամբ ես թարգմանել, խոսքը ոչ թե լեզվի իմացության, այլ Մարտեն-Լյուգանի ասելիքը հայ ընթերցողին հասցնելու մասին է:
– Բառացի թարգմանությունը մի լեզվամտածելակերպից մեկ այլ լեզվամտածելակերպ համարժեք է հանցագործության: Կա այսպիսի մի ասույթ, թե հաճախ գրողի բառերից պետք է հեռանաս, որ կարողանաս առավելագույնս հավատարիմ մնալ գրողի մտքերին: Ես այս սկզբունքով եմ առաջնորդվել: Գիտեք` Փարիզի 5-րդ շրջանում` Սորբոնի համալսարանի հարակից փողոցներից մեկը կոչվում է Rue des Ecoles (Դպրոցների փողոց), որտեղ բազմաթիվ գրախանութներ կան կողք կողքի: Ֆրանսիայում տարեկան ավելի քան 70 հազար գիրք է լույս տեսնում, բայց դրանցից քչերն են դրվում այդ գրախանութների կենտրոնական պահարանների վրա: Անյեսի այս վեպը հենց այդ բախտին է արժանացել, իսկ իմ արած աշխատանքի գնահատականը կթողնեմ հայալեզու ընթերցողի դատին, որից ընթերցելու համար կպահանջվի ընդամենը 4-5 ժամ:
– Լրագրողական աշխատանքիդ ընթացքում միշտ լուսաբանել ես հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ այն ամենը, ինչը կապված է ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ընդհանրապես ֆրանկոֆոն աշխարհի հետ: Որքանով ես այդ արժեքները կարեւոր համարում:
– Ֆրանսերենին ու Ֆրանսիային առնչվող թեմաներին անդրադարձն ինձ համար երբեք զուտ աշխատանք չի եղել եւ չէ, այլ կենսակերպ: Ֆրանսերենն ինքնին քաղաքացիական գիտակցություն ձեւավորող մի մեծ արժեհամակարգ է, եւ դրանով առաջնորդվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը` իր հարկի տակ միավորելով այս պահի դրությամբ 88 երկրի: Ես մինչեւ հիմա հիշում եմ Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որտեղ տասնյակ հարցազրույցներ ունեցա ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամների հետ` այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մոնակոյի իշխան Ալբերտ երկրորդի, Էստոնիայի, Սենեգալի, Մադագասկարի նախագահների հետ: Այստեղ հետաքրքրականն այն է, որ բոլորն իրարից անկախ խոսում էին ֆրանսերենի` մարդկանց միավորող ուժի մասին եւ այդ համատեքստում ցիտում Շառլ Ազնավուրին եւ նրա գրած երգերը: Ի դեպ, ես անչափ ուրախ եմ, որ 2022 թվականից Հայաստանում իր դռներն է բացել աշխարհում Ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի տարածմամբ զբաղվող «Ֆրանսիական ինստիտուտ»-ը, քանի որ սա բացառիկ հնարավորություն կտա մեր երկրում ոչ միայն ընդլայնել ֆրանսերեն սովորողների քանակը, այլեւ լեզվի իմացության բարձր որակ ապահովել: Ես հավատացած եմ, որ այս հետպատերազմական ծանր շրջանում, երբ դեռ ոչինչ հաստատուն չէ մեր երկրում` ֆրանսիական նավերը կրկին կարող են հասնել հայոց լեռները, բայց այս անգամ նաեւ մտավոր ուժի, կրթության մակարդակի բարձրացման տեսքով` ֆրանսիական մշակույթն ու լեզուն էլ ավելի մեծ շրջանակների հասանելի ու ընկալելի դարձնելու շնորհիվ: Ինձ համար բարձրորակ կրթությունը ազգային անվտանգության հարց է:
– Դու նաեւ Շառլ Ազնավուրի հայերեն թարգմանված գրքերի խմբագիրն ես, վերջինը «Կյանքը Շառլի աչքերով» նկարազարդ անթոլոգիան է, որը որդու` Նիկոլա Ազնավուրի նախաձեռնությամբ է կազմվել: Խոսիր Ազնավուրի ֆենոմենի մասին:
– Վեց տարվա ընթացքում «Նյումեգ»-ը Շառլ Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը թարգմանեց հայերեն, ինչի կարիքը խիստ կար: Հայաստանում Ազնավուրին սիրում են նախ` որպես մեծ հումանիստի` հավերժ երախտապարտ լինելով նրա մարդասիրական արարքների համար. թե ինչպես ամբողջ աշխարհը խառնեց իրար, որ փոքրիկ, վիրավոր Հայաստանին օգնության ձեռք մեկնեին Սպիտակի երկրաշարժից հետո: Բայց Ազնավուրն ավելին է, քան միայն բարերարը կարող է լինել: Նրա անձնական ու ստեղծագործական ամբողջ կյանքը փիլիսոփայություն է, որը պետք է ուսումնասիրվի: Վալանսի համալսարանի մի շրջանավարտ արդեն գիտական թեզ է պաշտպանել Ազնավուրի մասին: Ազնավուրի գրքերը ընթերցելու ընթացքը ես համեմատում եմ հնագիտական պեղումների հետ. յուրաքանչյուր նոր գիրք ձեռքդ վերցնելիս` մի նոր շերտ ես բացահայտում նրա մասին: Նա իր ապրած 94 տարում խտացրել է եւս մի քանի 94 տարվա կյանք, եւ երբ ինքս ինձ հարցնում եմ, թե որն էր դրա ֆենոմենը, միայն մի պատասխան է մտքիս գալիս` անսահման մեծ սեր կյանքի հանդեպ, իսկ այդտեղ թերեւս, մեծ դերակատարում ունի նաեւ նրա ընթերցած ֆրանսիական հարուստ գրականությունը. Շառլ Ազնավուրն ասում էր. «Գրադարանն իմ տաճարն է», իսկ նրա հոգեւոր ուսուցիչները՝ Մոլիերը, Բոդլերը, Գիտրին, Դյուման ու Հյուգոն:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2024