Անկարան համոզված է՝ Հարավային Կովկասի երկրները կարող են լուծել տարածաշրջանի խնդիրները, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հայտնել է, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար օգտագործել «3+3» հարթակը:
Ստամբուլում անցյալ շաբաթ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը կայացավ` Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ, որին մասնակցեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած եւ Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։ Թբիլիսին, սակայն, շարունակում է բոյկոտել այս հավաքը։ Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից եւ ոչ մեկին՝ որպես պատճառ մատնանշելով Ռուսաստանի հետ հակասությունները։ Մոսկվան, իր հերթին, հայտարարել է, որ Թբիլիսիի համար «3+3»-ի դուռը բաց է մնում։
Այս հարթակի առաջին նիստը 2021-ին անցկացվեց Մոսկվայում, փոխարտգործնախարարները հանդիպեցին, անցյալ տարի Թեհրանում կայացած նիստն արդեն նախարարների մակարդակով էր, եւ չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չկազմակերպվեց։
Կարդացեք նաև
2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում տեղի ունեցավ «3+3» ձեւաչափով առաջին հանդիպումն արդեն արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։ Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հանդիպման բացման խոսքում հայտարարել էր, որ եկել է Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության եւ զարգացման ժամանակը։
Թուրքական մամուլը մինչեւ հավաքի մեկնարկն արդեն իսկ մանրամասներ էր հաղորդել, թե ինչ հարցերի շուրջ են կենտրոնանալու քննարկումները. տարածաշրջանային փոխգործակցության բարելավում, տարածաշրջանային կայունության համար, գրել էր Hurriyet Daily News-ը:
Իսկ Daily Sabah-ը հայտնելով, որ Հաքան Ֆիդանը պատրաստվում է ընդգծել Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը, ինչպես նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ կապերի նորմալացմանը, հավելել էր, որ նման հնարավորություն է համարում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»՝ նշելով, որ այն վիճելի հարց է մնում բանակցություններում։ «Մոսկվան սատարում է Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի տարածքով անարգել մուտք գործել դեպի Նախիջեւան։ Մոսկվան եւ Բաքուն ցանկանում են, որ Ռուսաստանը վերահսկի միջանցքը, սակայն Երեւանն ու Թեհրանը դեմ են նման սխեմային եւ պնդում են՝ եթե անգամ տրանսպորտային երթուղի ստեղծվի, Հայաստանը պետք է վերահսկողություն ունենա դրա վրա։ Միջանցքի բացումը կդադարեցնի Իրանի ուղիղ ցամաքային մուտքը Հայաստան, իսկ Թուրքիայի համար այն աշխարհաքաղաքական կապող օղակ է դեպի Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիա, եւ Անկարան աջակցում է «զանգեզուրյան բացմանը», նշել էր պարբերականը։
Ահա, հոկտեմբեր 18-ին Ստամբուլում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, կայացավ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը, որին մասնակցեցին` Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ` Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, բացելով «3+3» ձեւաչափով ստամբուլյան արտգործնախարարների հանդիպումը, համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները եւ կարող են լուծել դրանք։ Ողջունելով հանդիպմանը մասնակցող Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներին՝ նա նշել էր, որ «3+3» ձեւաչափը խորհրդակցական հարթակ է, որը ստեղծվել է Հարավային Կովկասում հարատեւ խաղաղություն հաստատելու եւ համագործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով։
Նա հարկ էր համարել հիշեցնել, որ այս մեխանիզմը ստեղծելու գաղափարը ծագել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրակը դադարեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարությունից շաբաթներ անց, եւ որ հարթակի նպատակն է արձագանքել Հարավային Կովկասին սերտորեն առնչվող բոլոր հարցերին։
Կայացել էր Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարության հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը, տարածաշրջանային զարգացումները։ Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը։ Թուրքական կողմը միայն փոխանցել է, որ հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ կարգավորման գործընթացը։
Իր ելույթում հայ-թուրքական կարգավորմանն անդրադառնալիս Արարատ Միրզոյանը թվարկել էր նախկին պայմանավորվածությունները, որոնցից ոչ մեկը մեծ հաշվով կյանքի չի կոչվել, մասնավորապես, որ Հայաստանն ավարտել է Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը, բացի այդ, կողմերը պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունից Արարատ Միրզոյանը չի խոսել։ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սեւ ծովի, Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջեւ», – նշել է Միրզոյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետին, ապա 2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ վերջին՝ հուլիսի 30-ի բանագնացների հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Միրզոյանը Թուրքիայում վերահաստատել է՝ Երեւանն անկեղծորեն շահագրգռված է եւ արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը եւ իր հարեւանների հետ փոխկախվածության ամրապնդմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության եւ քաղաքական անկախության վրա։
Այնուհետեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոլմաբահչեի նախագահական նստավայրում ընդունել է Ստամբուլում «3+3»-ի շրջանակներում գտնվող Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարներին։ Ըստ թուրքական «Անադոլու»-ի՝ այս ընդունելության ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում ընթացող խաղաղ գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներ։ Էրդողանն, ըստ լրատվական գործակալության, ասել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով։
Ստամբուլյան հարթակը նաեւ Միրզոյան-Բայրամով հանդիպման հնարավորություն ստեղծեց: Եվ Ադրբեջանի արտգործնախարարն Ստամբուլում եւս ներկայացրեց Բաքվի պահանջը` Հայաստանին Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ «Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը», – ասել է Բայրամովը։
Արարատ Միրզոյանն իր ելույթում առավելապես շեշտադրել է տարածաշրջանի ապաշրջափակման կարեւորությունը՝ բոլոր պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ. «Մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ երկու երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»:
Ստամբուլում կայացած հանդիպմանը Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման եւ սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ, ասվում էր ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Երեւանը վերջին շրջանում քանիցս պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված հոդվածներով, Բաքուն, սակայն, դեմ է արտահայտվել։ Արտգործնախարարության հաղորդագրության մեջ չնշվեց՝ արդյոք սրան անդրադարձ եղել է, թե ոչ։
Մոսկվան էլ առիթը բաց չթողեց դժգոհելու Արեւմուտքից…
Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար օգտագործել «3+3» հարթակը, տարածաշրջանային ձեւաչափով հանդիպումն ամփոփելիս նախ արձանագրեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասում գլխավոր սպառնալիք համարելով՝ արտատարածաշրջանային երկրներին, որոնք «փորձում են այստեղ իրենց կանոնները թելադրել»։ Նպատակն էլ, նրա խոսքով, ոչ թե տարածաշրջանի խնդիրների կարգավորումն է, այլ՝ նատօակենտրոն ֆորմատների առաջմղումը։
«Ե՛վ մենք, ե՛ւ թուրքերը, ե՛ւ իրանցիները Երեւանի ու Բաքվի մեր գործընկերներին առաջարկել ենք «3+3»-ի հարթակն օգտագործել՝ ավարտին հասցնելու խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Մենք հիշեցինք այդ նախապատրաստությունները, այն հիմքերը, որոնք ստեղծվել էին թե՛ ապաշրջափակման, թե՛ սահմանազատման թեմայով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում։ Կան նաեւ հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս պահին հանդիպումներ չեն նախատեսվում, հայաստանցի գործընկերները դադար են վերցրել, նրանք կարծում են, որ թուրքերի հետ իրենք պետք է նախ ուղիղ շփվեն ու հասկանան՝ ինչ է պետք անել։ Ես համենայնդեպս կարծում եմ՝ դա ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, դրա համար մենք առաջարկեցինք այդ հարցերը ընդհանուր դիտարկել ու առաջ մղել», – ասել է Լավրովը:
Արեւմտյան երկրները չեն դադարում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացելու» եւ Աբխազիայում, եւ Հարավային Օսիայում իրավիճակը ապակայունացնելու փորձերը, ըստ «Комсомольская правда»-ի՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսում:
«Վերադառնալով Վրաստանին՝ նշենք, որ շատ լուրջ խնդիրներից մեկն Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հայտնի փորձերն են։ Նկատի ունեմ կրկին կրակ բորբոքել եւ ապակայունացնել իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում եւ թեժացնել Վրաստանի եւ այս երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունները»,- նշել է նախարարը։ Լավրովը շեշտել է, որ այստեղ նկատվող ռիսկերի մեծ մասն առնչվում է Արեւմուտքի փորձերի հետ, որոնք ուղղված են առավելագույնի հասցնելու իր ազդեցությունը եւ Հարավային Կովկասի երկրների հետ հավասար, փոխշահավետ համագործակցության առումով խաթարելու Ռուսաստանի հնարավորությունները։
Փաստացի, Անկարայի, Մոսկվայի ու Թեհրանի առաջարկը հնչեց մի փուլում, երբ Երեւան-Բաքու բանակցությունները փակուղի են մտել. Փաշինյանն առաջարկել էր շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրել համաձայնեցված կետերով, մինչդեռ Ալիեւը, ըստ էության, մերժեց այն, շարունակ ներկայացնելով ստորագրման նախապայմանները։
Բացի այդ, ակնհայտ է, որ Մոսկվան, Բաքուն եւ Անկարան ետ չեն կանգնում «Զանգեզուրի միջանցք» բացելու գաղափարից։ Եվ որքան էլ դա կարմիր գիծ համարող պաշտոնական Երեւանը տարբեր ձեւերով շեշտի ինքնիշխանության խաթարման անթույլատրելիությունը, եռյակն իր պահանջից հետ չի կանգնում:
Եվ հաջորդը, «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման կոմյունիկեի համաձայն` նախարարները վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության կարեւորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:
Իսկ Մոսկվան ու Բաքուն ճանաչո՞ւմ են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները…
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 22.10.2024