Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է գալիս եկեղեցու թուլությունը

Հոկտեմբեր 23,2024 13:30

Ի՞նչ էր արձանագրել Շարլ Պեգին ավելի քան 100 տարի առաջ

«Ժամանակակից աշխարհում Եկեղեցու թուլությունը, կասեի՝ մեծացող թուլությունն առաջանում է ոչ թե նրանից, որ, ինչպես ընդունված է համարել, գիտությունը առաջ է քաշել Եկեղեցու դեմ անհերքելի համակարգեր: Ոչ թե այն պատճառով, որ գիտությունը Կրոնի դեմ գտել է փաստարկներ՝ իբր վճռական նշանակություն ունեցող: Պատճառն այն է, որ սոցիալական իմաստով Քրիստոնյա աշխարհի մնացորդները սիրո խորքային պակաս ունեն: Փաստարկները չեն, որ պակասում են Քրիստոնյա աշխարհի մնացորդներին: Սերն է պակասում»:

1911 թվականին այսպես էր գրում ֆրանսիացի բանաստեղծ, հրապարակախոս եւ կաթոլիկ մտածող Շարլ Պեգին: Նրա անձնական ճակատագիրը որոշ չափով հաստատում է իր գործերում արտահայտած մտավախությունները: Առաջին աշխարհամարտի առաջին իսկ օրերին նա զորակոչվեց բանակ որպես վաշտի հրամանատար եւ զոհվեց Մարնի մոտ ճակատամարտում: Բանաստեղծն այն ժամանակ 41 տարեկան էր:

Ինձ թվում է, «մոդեռնիզմի» սնանկությունը պարզ դարձավ ոչ թե 1990-ականներին կամ 2000-ականներին, այլ հենց 1914-ին, երբ բացահայտվեց, որ մտքի կամ անգամ «սրտի» ինչ-որ ճիգեր՝ առանց հավատի եւ առանց սիրո, որեւէ ձեւով չեն կարող զսպել գազանային բնազդները: Համաշխարհային պատերազմներից առաջինը «կարմիր գիծ» էր, որը մարդկությունն անցել էր, եւ որոշ իմաստով կարելի է ասել, որ մենք ապրում ենք հենց այդ «գծից այն կողմ» գտնվող աշխարհում: Դրան հետեւած «Վերսալներն» ու «Յալթաները», Ազգերի Լիգան եւ ՄԱԿ-ը զուտ մտքի փորձեր էին՝ խաղի կանոններ ստեղծելու: Եվրոպական միությունն էլ, որը սկզբնապես առնվազն  հաշվի էր առնում քրիստոնեական արժեքները, հետագայում, կարծես թե, սկսեց «ամաչել» դրանցից՝ հանկարծ «բազմամշակութայնությանը» վնաս չտալու համար:

Նույն՝ «Եկեղեցու թուլությունը» հոդվածում Պեգին գրում է, որ մտավոր խղճուկությունը «մեծ վնաս չէր բերի, պարզապես ծիծաղելի կլիներ, եթե չլիներ սրտի մոդեռնիզմը, սիրո այդ լուրջ, անվերջանալի լուրջ մոդեռնիզմը»: Դրա պատճառով է, ըստ հրապարակախոսի, որ մենք այլեւս մեկ քրիստոնյա ժողովուրդ չենք, իսկ կրոնը դարձել է բարձր դասակարգերի, ազգի կրոն, այսպես կոչված՝ «պարկեշտ մարդկանց» կրոնի խղճուկ տարատեսակ:

Եկեղեցու «բյուրոկրատացումը», որը 20-րդ դարում տեղի էր ունենում քրիստոնեության բոլոր ուղղությունների հետ (իհարկե՝ նաեւ մեր), իր բացասական հետքն է թողել՝ նպաստելով բարոյական արժեքների անկմանը: (Բնականաբար, դա դեգրադացիայի միակ պատճառը չէր): Քանի՜ անգամ են քրիստոնյա բարձրագույն առաջնորդները կոչ արել՝  աշխարհի այս կամ այն անկյունում դադարեցնել արյունահեղությունը: Արդյո՞ք դա որեւէ ազդեցություն է ունեցել: Այսօր էլ Վատիկանից եւ Կոստանդնուպոլսից պարբերաբար հնչում են պատերազմները դադարեցնելու կոչեր: Դրանց նշանակությունը մոտավորապես նույնն է, ինչ ՄԱԿ-ի բանաձեւերինը:

Ակնհայտորեն դրանք այն ատյանները չեն, որոնք ի վիճակի են խաղաղություն հաստատել: Մեր ձգտումներն էլ այն ձգտումները չեն, որոնք կարող են դրան նպաստել: Թե՛ անձնական եւ թե՛ խմբակային մակարդակով մենք ձգտում ենք ա/ ճիշտ լինել եւ բ/ երջանիկ լինել:

Իսկ այնպիսի մտածողների համար, ինչպիսին էր Շարլ Պեգին, կարեւորը պատիվ եւ հույս ունենալն է: Մեկ այլ հոդվածում նա գրում էր. «Նայեք այս ողորմելիներին, որոնք վախենալով Դատավորից,  դիմում են դատարանի քարտուղարին ու խնդրում նրանից մանր-մունր արդարացումներ: «Պարոն քարտուղար, պարզապես գրանցեք արձանագրության մեջ, որ ես ճիշտ էի»: Կամ այսպես, «Պարոն քարտուղար, գրեք, որ իրավունքը, պատիվը, արդարությունն իմ կողմն էին»:

Եթե ամեն ինչ «քարտուղարի» գրելով լիներ…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Կարո՞ղ էր Շարլ Պեգինը պատկերացնել, թե ինչ տեխնոլոգիաներ, սարքեր և հնարավորություններ կարող են ունենալ, օրինակ, 2024 թվականի մարդիկ: Վստահ եմ, որ ոչ։ Այն, ինչ մեզ համար սովորական է դարձել, իր և իր ժամանակակիցների համար ուղղակի հրաշքներ են։ Եվ դրանք իրոք հրաշքներ են՝ իրական, անհերքելի հրաշքներ: Եվ այդ հրաշքները գիտնականների և ինժեներների գործերն են: Բնական է, որ մարդիկ, տեսնելով այս ամենը, ավելի ու ավելի են հակվում հավատալու գիտության բացատրություններին:
    Գուցե 1911թ-ին եկեղեցու թուլության պատճառը իսկապես կապված չէր գիտության հետ, բայց հիմա ակնհայտ է, որ հիմնական պատճառը գիտության զարգացումն է: Եկեղեցին, իմ կարծիքով, դեռ կարող է իրավիճակը փոխել, եթե կարողանա նույն տեմպերով ինչ-որ արժեքներ տալ հասարակությանը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031