Լրահոս
Օրվա լրահոսը

Ջո Բայդենի՝ Փաշինյանին ու Ալիևին ուղղված նամակների մասին. Սուրեն Սարգսյան

Հոկտեմբեր 23,2024 10:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ջո Բայդենի՝ Փաշինյանին ու Ալիևին ուղղված նամակների մասին

Ամերիկյան դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա է բանագնացների հետ միասին նաև նամակներ ուղարկել ընդունող երկրների ղեկավարներին: Հիշենք 2023թ. նույն Սամանթա Փաուերի այցը Հայաստան և նրա կողմից վարչապետին փոխանցված Ջո Բայդենի նամակը: Այս առումով այստեղ որևէ արտասովոր բան չեմ տեսնում:

Բովանդակային առումով ևս, Ալիևին ու Փաշինյանին ուղղված նամակներում արտասովոր բան չկա: Ամերիկյան պաշտոնական դիրքորոշումների արտացոլումն է, ընդունված ձևակերպումներով և քաջալերման խոսքերով՝ շարժվել դեպի առաջ:

Այստեղ ամենից կարևորը ժամանակագրությունն է (timing): Բայդենի վարչակազմին մնացել է 3 ամիս՝ իշխանությունն ամբողջությամբ Թրամփին կամ Հարիսին փոխանցելու համար:
Բնականաբար Բայդենը ցանկանում է, որ 4 տարվա այն ներդրումը, որ իր վարչակազմն ունեցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հասնի իր տրամաբանական ավարտին և Բայդենը արդարացիորեն դառնա խաղաղության համաձայնագրի կնքահայրը:

Հեռացող նախագահ Բայդենը, ով արտաքին քաղաքականության ավելի մեծ փորձառություն ունի քան վերջին 30 տարիների ԱՄՆ որևէ նախագահ՝ պաշտոնը ստանձնելիս հասկանում է, որ ո՛չ Թրամփի, և ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու, հետևաբար իր բոլոր ձեռքբերումները, եթե նույնիսկ ջուրը չգնան, ապա էապես դանդաղելու են կյանքի կոչման տեսանկյունից: Մյուս կողմից, նա ցանկանում է իր ժառանգության մեջ ունենալ հաջողության պատմություն խաղաղության կերտման տեսանկյունից, ինչպիսիք դեռևս չկան:

Բնական է, որ խաղաղության համաձայնագրի կնքումը և Հարավային Կովկասի կոնֆլիկտի լուծումը (ինչպես ձևակերպված է Բայդենի ազգային անվտանգության ռազմավարության մեջ) ամերիկյան արտաքին շահերի համատեքստում ևս կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է, ինչն իր հերթին ստիպում է Բայդենի վարչակազմին մինչև վերջին րոպեն (հունվարի 20-ը ժամը 12:00) պայքարել այդ շահերի ապահովման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031