Հինգշաբթի Եվրախորհրդարանը կքվեարկի «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևն ընդունելու հարցը։
Բանաձևում հիմք են ընդունվում մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, ինչպես նաև ներադրբեջանական և տարածաշրջանային իրողությունները։ Շեշտվում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, արցախահայության տեղահանումն, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանում Ռուսաստանի բացասական դերը։
Հայաստանին վերաբերող կոչերն՝ ամփոփ․
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած հայերի ճակատագրերի հստակեցում,
Բաքվում պահվող 23 հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակում,
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ներխուժումների դատապարտման վերահաստատում և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ պատմական հայրենիք վերադարձի կազմակերպում,
Լեռնային Ղարաբաղում կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ մտահոգություն,
Հայաստանի քաղաքական իրավիճակն ապակայունացնելուն ուղղված Ռուսաստանի հիբրիդային փորձերի դատապարտում և Հայաստանում ԵՄ առաքելության դեմ ռուսական ապատեղեկատվական արշավի հանդեպ մտահոգություն,
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայունության, բարեկեցության և խաղաղության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ ԵՄ հավատարմություն։
Բանաձևի 11-րդ կետում ընդգծվում է, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցերը, Բաքվում պահվող հայ պատանդների շինծու դատական գործերի կասեցումը, պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակումը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։
Բանաձևի 12-րդ կետով էլ ասվում է, որ տարածաշրջանում ԵՄ ներգրավվածությունը պետք է պրակտիկ և նպատակաուղղված լինի։ Այս համատեքստում նշվում է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ հակամարտությունն օգտագործել է քաղաքական շահի համար։ Ընդ որում, բանաձևով ողջունվում է ՀԱՊԿ-ում Երևանի անդամակցության սառեցումը։
Բանաձևի այս կետում հստակեցվում է նաև, որ Ադրբեջանի և իր էքսկլավ Նախիջևանի միջև կապի հարցը պետք է լուծվի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ