Ներսես Շնորհալին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Դ Կլայեցին (1102-1173), մեզ հայտնի է որպես եկեղեցական գործիչ, աստվածաբան, պատմաբան, երաժիշտ, բանաստեղծ: Իսկապես, այս մարդուն Աստված տվել էր բազմաթիվ շնորհներ, եւ ինչպես միշտ է նման դեպքերում լինում, շատ դժվար է ասել, թե որտեղ է մի ոլորտն ավարտվում եւ մյուսը սկսվում. նրա պատմական անդրադարձերը նաեւ փիլիսոփայական են, աստվածաբանական աշխատություններում յուրահատուկ պոեզիա կա եւ այլն:
Զուտ արդիականության առումով, կարծում եմ, չափազանց հետաքրքիր է նաեւ նրա շփումը, նամակագրությունը Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսի հետ (1118-1180): Կայսրը եւ կաթողիկոսը նամակներ են փոխանակել հիմնականում 1170-1171 թվականներին: Բյուզանդիայի նպատակն էր միավորել իրենց եւ հայ եկեղեցիները, որը, բնականաբար, ուներ նաեւ քաղաքական նշանակություն: Եվ հետաքրքիր է, թե ինչպես է Ներսես Շնորհալին մերժում այդ դիմումները՝ քաղաքավարի, արժանապատվորեն եւ ամենակարեւորը՝ որպես խորապես բանիմաց աստվածաբան:
Հիմնական վեճը, ինչպես հայտնի է, Աստծո բնության մասին էր: «Խոստովանում ենք Ամենասուրբ Երրորդությունը համագո եւ անստեղծ, երեք Անձերի բաժանված եւ մեկ բնությամբ միավորված, – կայսրին բացատրում է Ներսես Շնորհալին, – Չի սկսվել ժամանակի մեջ, ոչ էլ դադարել է կամ փոփոխվել, ինչպես ստեղծվածներիս բնությունը: Հայրն անծին է, քանզի ոչ մեկից չէ, Որդին Հոր անմարմին ծնունդն է, ինչպես խոսքը՝ մտքի, եւ Հոգին Հորից անքննելի եւ անիմանալի բխում է»: Այդ՝ մեր Հայ Առաքելական ուսմունքի հիմնադրույթներից կաթողիկոսը չէր պատրաստվում ոչ մի քայլ նահանջել:
Հայտնի է, որ բյուզանդացիները հանդես էին եկել մեր եկեղեցու հանդեպ 9 պահանջներով: Օրինակ, ընդունել 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ տիեզերական ժողովները կամ ընդունել կաթողիկոսի առաջադրումը միայն հոռոմների թագավորից, այսինքն՝ Բյուզանդիայի կայսրից; Դրանք, պարզ է, զուտ քաղաքական պահանջներ էին: Բայց կային նաեւ բովանդակային դրույթներ: Օրինակ, երեք սրբադասություններ ասել առանց «մեզ համար խաչվեցիր»-ի եւ առանց «եւ»-ի: Հիշեցնեմ, որ մենք պատարագի ժամանակ երգում ենք «Սուրբ Աստված, սուրբ եւ հզոր, սուրբ եւ անմահ, որ խաչվեցար վասն մեզ»: Դա էին հույները պահանջում հանել:
Կարդացեք նաև
Ներսես Շնորհալու պատասխանն է, «Նա, Ով վերցրած մարդկային բնությունը, չարչարվեց եւ մեռավ, Նույնն է, որ իր աստվածային բնությամբ անչարչարելի էր ու անմահ: Այս պատճառով էլ սկսվում է «Աստծո արյուն», չարչարանք ու մահ, «Աստված խաչվեց» եւ այլ այդպիսիք, որոնք վերագրում ենք ոչ թե Աստծո առանձին բնությանը, այլ անպատմելի միավորությանը»:
Եվ որպես ամփոփում. «Մեր եկեղեցու ավանդությունը, որ պահում ենք, հաստատված է Աստվածաշունչ գրքի վկայությամբ, իսկ մնացածը կամ ներելի է մեզ համար որպես աստվածային ոչ մի օրենքի չհակասող, կամ էլ սակավ առ սակավ կուղղվի սիրով, այն էլ՝ ժամանակի ընթացքում»: Ներսես կաթողիկոսը նաեւ դիվանագետ էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շնորհակալություն, պարոն Աբրահամյան: