Խորհրդարանում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Քննարկմանը մասնակցել են ինչպես պատգամավորներ, այնպես էլ պատասխանատու ներկայացուցիչներ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Քննարկվել է վերոնշյալ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Նախագծի համահեղինակ Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ ստացել են վերոնշյալ նախարարությունների ներկայացրած դիտողություններն ու առաջարկները, որոնց հետ կապված տարաձայնություններ հեղինակները չունեն: Օրենքի նախագծում առկա կարգավորումների առնչությամբ քննարկվել են մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել լիազոր մարմինների ընտրության հետ կապված հարցերին:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանն ընդունելի են համարել օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը՝ առաջարկելով, սակայն, կատարել որոշ հստակեցումներ:
Քննարկմանն անդրադարձ է կատարվել թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների հետ կապված մի շարք հարցերի:
Կարդացեք նաև
Պատգամավորների բարձրացրած հարցերը կապված էին կենդանիների ստերջացման, կացարանների կառուցման, դրանցում կենդանիների մշտական կամ ժամանակավոր պահման, մարդկանց անվտանգության ապահովման եւ այլ խնդիրների հետ:
Ամփոփելով քննարկումը՝ Մերի Գալստյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի առնչությամբ, նշել, որ առաջարկները կդիտարկվեն:
ՀՀ Ազգային ժողով