«Ակնարկ կար, որ եթե նույնիսկ այդ հավաքվածների մեջ կան մարդիկ, որ լսարաններում այլ բառապաշար են օգտագործում, ուղղակի չիջնեն այդ մակարդակին: Ինձ թույլ եմ տալիս Աննա Հակոբյանի խոսքից այս մի մեջբերումն անեմ: Ակնարկ կար էլի, որ մենք՝ բոլորս, եթե հանրային դեմք ենք, մեր խոսքով կրթում կամ հակառակը վատթարացնում ենք վիճակը: Չգիտեմ՝ կանխամտածված ասաց, այդ ակնարկի տակ կար կոնկրետ դեպք կամ հասցեատեր, թե՝ ոչ, բայց բոլորը լսեցին, որ չի կարելի նշաձողն իջեցնել »,- «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետո Աննա Հակոբյանի հանդիպմանն անդրադառնալով՝ Aravot.am-ին ասաց այդ հանդիպման մասնակից Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:
Հանդիպումից այդ դրվագը պարոն Սաֆարյանը փոխանցեց՝ ի պատասխան մեր հարցին, թե ինչպես միջնակարգ կրթությամբ, ցածրակարգ բառապաշարով ՔՊ-ական համակիրները դարձան հանրային կարծիք ձեւավորող ու հանրային ինչպիսի կարծիք, ստանդարտ կամ մթնոլորտ են կարողանալու ձեւավորել:
«Վարչապետի կինը նույնիսկ իր ներածական խոսքում զգում էր, որ վախ կա այդ թեման ներկայացնելու, որովհետեւ ընդունում էր, որ ինքն այդ դաշտում դեռ սովորելու տեղ ունի, շարունակական կրթության պահանջն ունի: Շատ օբյեկտիվ պատճառներով՝ սկսած նրանից, որ երեխաներ է մեծացրել, երիտասարդ տարիքը հետագա կրթության վրա չի ծախսել, այնքան կասկածամտորեն ներկայացրեց: Մտածում էր, որ մասնակիցների կողմից այդ աջակցությունը կարող է չստանա: Իր անձնական մտորումներով, թե ինչպես է հանգել այդ խնդրին, որ ուզում է իր համար խնդիրը վերաձեւակերպի, որ դա արվի հավաքականորեն, որ մթնոլորտ փոխվի եւ չունենանք այս վիճակը, որից նեղվում ենք բոլորս, որը ոչինչ չի տալիս: Ինչ վերաբերում է թերի կրթությամբ մարդկանց` ես ոչ մեկի կենսագրությանը ծանոթ չեմ, համացանցից գիտեմ: Առանձնակի ճանաչելիություն չկա»:
Հաշվի առնելով, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպման մասնակիցներից մեկը ՔՊ համակիր Դիաննա Մարտիրոսյանն է, որը ոչ միայն հայտնի է լրագրողների դեմ ատելության խոսքով ու հարձակումներով, այլեւ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում» հայտարարությամբ՝ պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք, իսկ որտեղից են նման հանրային կարծիք ձեւավորողները ստանում այդ ուղերձները ու փոխանցում հանրությանը:
Կարդացեք նաև
«Չեմ կարող համախոհ լինել, բնականաբար: Իմ համար նշաձող կա քաղաքացու, մարդու, լրագրողի համար: Ես գիտեմ՝ ով է կազմակերպիչը եղել այդ հանդիպման, ինձ ասել են influencer-ների հետ հանդիպում է , թեմա չեմ իմացել: Կազմի մասին էլ չեմ իմացել, եթե եղել են նման դեպքեր, չեմ կարող համակարծիք լինել կամ ողջունել, եթե դա արվել է»,- պատասխանեց Ստյոպա Սաֆարյանը:
Պարոն Սաֆարյանը չէր ճանաչում այդ հանդիպման մեկ այլ մասնակից կնոջ եւս, որը 2020 թվականին հայտարարել էր, թե ունի տվյալներ, որ Ռոբերտ Քոչարյանը Արայիկ Հարությունյանին խփել է տվել, իսկ Նիկոլ Փաշինյանին ու Արծրուն Հովհաննիսյանին պլեն է վերցրել:
Մեր հարցին, թե նման ապատեղեկատվություն կամ կեղծ տեղեկատվություն տարածողին վարչապետի կնոջ հետ հանդիպման կանչելը ու որպես հանրային կարծիք ձեւավորող ներկայացնելը արդյոք հանրության շրջանում կարծիք չի ձեւավորի, որ հենց իշխանությունից էլ ստանում են հրահանգ նման կեղծ տեղեկություններ գեներացնել, ի պատասխան՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Էլի եմ ասում, Աննա Հակոբյանի խոսքը բառացիորեն դրան էր վերաբերում, եկեք չիջեցնենք նշաձողը, պետք չէ դա անել: Դրա համար կատեգորիկ կհերքեի, թե տիկին Աննան կամ որեւէ մեկը որեւէ մեկին ասել է՝ սա գրի, պարզապես քաղաքական լարված պահերին ինքնակառավարման խնդիրներ են լինում, մարդիկ այդպես են վարվել երեւի»:
Աննա Հակոբյանի հրավիրած այդ հանդիպումից հետո համացանցում ակտիվ քննարկվեցին կարծիքներ, թե երեւի մի նոր սարսափելի բան է կազմակերպվում ընդդեմ ՀՀ-ի ու հանրային կարծիք ձեւավորողների հանդիպումը հենց դրան նախորդեց, պարոն Սաֆարյանը այսպես արձագանքեց. «Բացառված է: Այնտեղ այնպիսի մարդիկ կային, որոնց ոչինչ ոչ մեկ չի կարող թելադրել: Այնտեղ մի դետալ քննարկվեց, ասենք Նիկոլ Փաշինյանի գրառման տարածման կամ հանրայանացման հետ կապված, թե դա լավ չի տարածվել: Աննա Հակոբյանը մեզ հետ համակարծիք էր, որ որեւէ բան տարածվում ու հանրայնացնում է, երբ դա մարդկանց հետաքրքրում է, մարդկանց պետք է, դա պարտադրովի չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ