ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ավետ Պողոսյանի թեկնածությունը:
Ավետ Պողոսյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ավետ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Ընդգծելով, որ մեդիալանդշաֆտը զգալիորեն փոխվել է՝ թեկնածուն նշել է, որ այս փոփոխությունները ստեղծել են նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մեծ դեր ունի այս դինամիկ միջավայրը կարգավորելու գործում՝ ապահովելով խոսքի ազատության եւ լրագրողական բարոյականության արժեքները: Ես պատրաստ եմ աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ստեղծելու ավելի լավ մեդիամիջավայր Հայաստանում»,- ասել է Ավետ Պողոսյանը՝ հավելելով՝ մեդիան ոչ միայն բիզնես է, այլ նաեւ ժողովրդավարության հիմնասյուն: Թեկնածուն վերջին երկու տարիներին ինտենսիվ աշխատել է տեսալսողական մեդիայի աշխատանքի կարգավորման օրենսդրական փոփոխությունների փաթեթի վրա
Կարդացեք նաև
Նա նշել է, որ աշխատանքում առավել կարեւոր ուշադրություն է դարձնելու պատասխանատու եւ որակյալ հեռարձակման խրախուսմանը, նպաստելու է մեդիաոլորտում տեխնոլոգիական նորարարությունների կիրառմանը, պաշտպանելու է լրագրողների իրավունքները, փորձելու է ավելացնել համագործակցությունը պետական եւ մասնավոր հեռարձակողների, քաղաքացիական հասարակության եւ կարգավորող մարմինների միջեւ՝ ապահովելու համար հավասարակշռված միջավայր:
Ավետ Պողոսյանը կարեւորել է մեդիագրագիտության եւ քաղաքացիական կրթության անհրաժեշտությունը: «Հասարակության մեդիագրագիտության բարձրացմամբ մենք դռները կփակենք մանիպուլյացիաների, վիրավորանքների, կեղծիքների եւ այլ արատավոր երեւույթների առջեւ»,- ասել է թեկնածուն:
Ավետ Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Որպես ԲՏԱ նախկին փոխնախարար՝ նա ներկայացրել է պարզաբանումներ Հայաստանի տիեզերական ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մի քանի տասնյակ երկրների շարքին է դասվում, որը տիրապետում է արբանյակային տեխնոլոգիաներին: «Բավականին լուրջ իրադարձություն է տեղի ունեցել, որ ՀՀ-ն սեփական միջոցներով, սեփական տիրապետման ներքո գտնվող ցածր ուղեծրային երկրի հեռակա դիտարկման արբանյակ ունի, եւ այն 2024 թվականի ապրիլից արդեն իսկ ՄԱԿ-ի տիեզերական օբյեկտների ռեեստրում գրանցված է ՀՀ անունով»,- ասել է ՀՌՀ անդամի թեկնածուն:
Հարցի քննարկումը կշարունակվի վաղը՝ հոկտեմբերի 23-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:
ՀՀ Ազգային ժողով