Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ է, որ մարդիկ ոչ մեկին չեն ուզում հավատալ․ առանձին վերցված գործիչը խորհրդարանական համակարգում ոչ մեկ է՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը»․ Կարեն Սարգսյան

Հոկտեմբեր 22,2024 20:50

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ-ում սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI) անցկացված հարցումների արդյունքներով՝ ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում հարցին ի պատասխան հարցվածների 16%-ը պատասխանել է՝ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արամ Զ․ Սարգսյանին վստահում է 4%-ը։ Ալեն Սիմոնյանին և Ռոբերտ Քոչարյանին վստահում է հարցվածների 2%-ը։ Ոչ մի քաղաքական գործչի չի վստահում հարցվածների 61%-ը։

Նիկոլ Փաշինյանին վստահողների մեծամասնությունը՝ 25%-ը 56+ տարիքային խմբից է, 16%-ը՝ 36-55 տարիքային խմբից, 7%-ը՝ 18-35 տարեկանները։

Ոչ մեկի չվստահող քաղաքացիների շարքում մեծամասնություն են կազմում 18-35 տարեկանները՝ 76%, նրանց 64%-ը 36-55 տարեկաններն են, 46%-ը 56+ տարիքային խմբի անդամներն են։

Նիկոլ Փաշինյանին վստահողների մեծամասնությունը՝ կանայք են՝ 17%, տղամարդիկ՝ 15%։

Արարատ Միրզոյանին՝ ևս ավելի շատ կանայք են վստահում, քան տղամարդիկ, Արամ Զ․ Սարգսյանին վստահող քաղաքացիների շարքում ավելի մեծ տոկոս են կազմում տղամարդիկ, քան կանայք։ Ռոբերտ Քոչարյանին՝ ևս, ավելի շատ տղամարդիկ են վստահում, քան կանայք։

Նիկոլ Փաշինյանին վստահող քաղաքացիների մեծամասնությունը գյուղական համայնքներից են՝ 20%, քաղաքային համայնքներից՝ 14%, Երևանից՝ 13%։

Արարատ Միրզոյանին վստահողների մեծամասնությունը Երևանից են՝ 7%, 4%-ը՝ Երևանից, 3%-ը՝ գյուղական համայնքներից։

Ռոբերտ Քոչարյանին վստահողների 2-ական տոկոսը Երևանից և գյուղական համայնքներից է, 1%-ը՝ Երևանից։

Ոչ ոքի չվստահող քաղաքացիների մեծամասնությունը քաղաքային համայնքներից է՝ 64%, 62%-ը՝ Երևանից, 59%-ը գյուղական համայնքներից։

2023-ի դեկտեմբերի համեմատությամբ 2024-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանին վստահողների թիվը չի փոխվել՝ 16%։ Արարատ Միրզոյանի վարկանիշն անկում է ապրել․ 2023-ի դեկտեմբերին նրան վստահում էր հարցվածների 5%-ը, 2024-ի սեպտեմբերին՝ 4%-ը։ Արամ Զ․ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարկանիշում ևս փոփոխություն չի նկատվում։ Ալեն Սիմոնյանի վարկանիշն անկում է ապրել․ 2023-ի դեկտեմբերին նրան վստահում էր հարցվածների 3%-ը, 2024-ի սեպտեմբերին՝ 2%-ը։ Ոչ ոքի չվստահող քաղաքացիների թիվն աճել է․ 2023-ի դեկտեմբերին ոչ ոքի չէր վստահում 60%-ը, 2024-ի սեպտեմբերին՝ 61%-ը։

Հարցին՝ ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք Ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, քաղաքացիները հեռախոսային հարցմանը պատասխանելիս նշել են նաև «Իմ քայլը» դաշինքի անունը, որն արդեն գոյություն չունի։

Aravot.am-ը սոցիոլոգ Կարեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ նորմա՞լ է, որ հանրության մեծամասնությունը ոչ մի քաղաքական գործչի չի վստահում, նա արձագանքեց․ «Ըստ իս՝ նորմալ վիճակ է, քանի որ, նախևառաջ, քաղաքական գործիչ ասվածը մի տեսակ խորհրդարանական հանրապետությունում արդեն «նոնսենս» է։ Մարդիկ պետք է կուսակցության կամ ինչ-որ գաղափարի շուրջ համախմբվեն, իսկ մեր քաղաքական համակարգը դեռ գործում է նախագահականի տրամաբանության մեջ։ Դրա համար նորմալ է, որ մարդիկ ոչ մեկին, ոչնչի չեն ուզում հավատալ։ Ինչո՞ւ պիտի հավատան։ Առանձին վերցված գործիչը խորհրդարանական  համակարգում ոչ մեկ է՝ նույնիսկ Նիկոլը։ Խոսքը խորհրդարանական համակարգի մասին է՝ գաղափարներ, կուսակցություններ, ծրագրեր, դրանց իրականացում, պատասխանատուների ցուցակներ։ Դա է հարցը, թե չէ մնացածն ի՞նչ։ Նորմալ հասարակության մեջ հանրության 70 տոկոսը պետք է ընդհանրապես քաղաքականությամբ չհետաքրքրվի։ Ընտրություններից ընտրություն․ ընտրություններին էլ հանրությունը պետք է ասի՝ մեզ պետք է սա, տեսնի՝ որ կուսակցությունն է այս հարցը լուծում։ Այսինքն՝ ենթադրել, որ մարդիկ քաղաքականապես ակտիվ ու գրագետ են, մի տեսակ աբսուրդ է․ հո հին Հունաստա՞նը չէ»։

Մեր այն դիտարկմանը՝ դաշինքներին ու կուսակցություններին էլ չեն վստահում՝ ըստ հետազոտության, սոցիոլոգն արձագանքեց․ «Ուշադրություն դարձրեք նրան, որ մարդիկ շփոթում են․ մինչև հիմա «Իմ քայլ» են ասում։ Մարդկանց լրիվ միևնույն է, ուղղակի հետազոտության ընթացքից պրծնելու համար մի բան ասում են»։

Ըստ Կարեն Սարգսյանի՝ հեռախոսային հարցումներին պետք է մոտենալ շատ մեծ վերապահումներով՝ մանավանդ քաղաքական հարցերով հեռախոսային հարցումները․ «Միտումները ճիշտ են ցույց տալիս։ Մարդիկ թքած ունեն․ մինչև ուկրաինական պատերազմն եղած բոլոր քաղաքական ուժերը պետք է փաթեթավորվեն ու գնան արխիվ։ Դա ակնհայտ երևում է բոլոր հարցումներից՝ անկախ նրանից՝ ով է անում։  Ո՞նց կարելի է վստահել ինչ-որ մեկին, որը նախորդ դարից է այստեղ խաղում։ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ գործ ունի այդ ցուցակում, նա ի՞նչ կապ ունի հիմա ՀՀ քաղաքական դաշտի հետ․ քրեակատարողականի հետ կապ ունի հիմա։ Դա նրանից է, որ ժողովուրդն այնքան թքած ունի, որ երբ զանգում են, մի բան ասում է, որ պրծնի»։

Սոցիոլոգի համոզմամբ՝ քաղաքական հետազոտություններն արվում են տուն առ տուն մեթոդով․ բոլոր մնացածներն ընթացիկ բաներ են․ «Եթե տարին երեք հետազոտություն ունես տուն առ տուն,  ամեն ամիս հեռախոսային հարցմամբ կարող ես քո ընտրանքը ճշտել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031